Սփյուռքի ձայնը

Վրաստանի հայկական թատրոնը  հայապահպան մեծ գործառույթ ունի. «Սփյուռքի ձայնը»

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն է աշխարհում։

Թատրոնը հիմնվել է 1856 թվականին վիրահայ համայնքի ջանքերով։ Թբիլիսիի հայկական թատրոնի բարգավաճման գործում մեծ է եղել Պետրոս Ադամյանի դերը։ Թատրոնի հետագա գործունեությունը կապվում է Հակոբ Պարոնյանի և Ալեքսանդր Շիրվանզադեի ստեղծագործությունների հետ։

Դերասանական խումբը ղեկավարել է Գևորգ Չմշկյանը։ Թատրոնի ձևավորման մեջ մեծ ավանդ է ունեցել Գաբրիել Սունդուկյանը, որի «Էլի մեկ զոհ» ու «Պեպո» պիեսները բեմադրվել են թատրոնում։ 1905-1907 թվականներին հայկական թատրոնը ստեղծագործական մեծ վերելք է ապրել։ 1910-ականներին դերասանական կազմի մեջ են եղել բեմի վարպետներ Հասմիկը, Պետրոս Ադամյանը, Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը։ Առաջին ներկայացումը եղել է «Պատվի համար»-ը։ 

1991 թվականին թատրոնը վերանվանվել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն։ Թատրոնի շենքը մի քանի տարի առաջ ընդգրկվեց վերանորոգվող մշակութային օջախների շարքում։ Այն պատրաստ կլինի հաջորդ տարի։

Թատրոնը համագործակցում է նաև հայ բեմադրիչների ու դրամատուրգների հետ։ Վերջին համագործակցությունը Հակոբ Ղազանչյանի և ամերիկաբնակ դրամատուրգ Մարո Մադոյան-Ալաջաջյանի հետ էր՝ նշում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը։

«Մենք համագործակցում ենք և Վրաստանի, և Հայաստանի թատրոնների ու թատերական գործիչների հետ: Ունենք նաև բանավոր պայմանավորվածություններ հայ ռեժիսորների հետ: Մեր վերջին համագործակցությունը Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարի հետ հետաքրքիր ու կարևոր էր: Ամերիկաբնակ տաղանդավոր դրամատուրգ Մարո Մադոյանի «Ապրի՛ր, քանի դեռ ապրում ես» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը թե՛ հայկական թատրոնի, թե՛ վրացական թատրոնի բեմում էր: Այն արճանացավ հրաշալի արձագանքի հայ և վրացի հանդիսատեսի կողմից: Ներկայացումը կարող է հյուրախաղերի լավ առիթ դառնալ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում», – ասում է Արմեն Բայանդուրյանը:

Թատրոնի շենքի աշխատանքներն իրականացնում է բարերար Բիձինա Իվանիշվիլին ու նրա բարեգործական հիմնադրամը, որը Վրաստանում մի շարք մշակութային օջախներ է վերանորոգում կամ հիմնովին կառուցում:

Վրաստանի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնն առայժմ իր ներկայացումները խաղում է Վրաստանի տարբեր թատրոններում, ինչպես նաև հյուրախաղերի մեկնում: Արմեն Բայանդուրյանը համոզված է, որ հայկական թատրոնը և հայկական  դպրոցը օտար երկրներում միանման գործառույթ ունեն: 

«Այսօր Վրաստանի տարածքում հայախոսները քչացել են, հայկական դպրոցների թիվը նվազել է: Դրանց փակման մեղավորները ոչ թե տվյալ երկրների կառավարություններն են, այլ մենք, քանի որ մեր երեխաներին հայկական դպրոցներ տանելու փոխարեն նախընտրում ենք օտար դպրոցները: Եվ այդ պատճառով մեր գործն ավելի է մեծանում, քանի որ թատրոն հաճախող՝ հատկապես նոր սերնդի մեծամասնությունը հայերենին չի տիրապետում: Մեր գործն է՝ աշխատել թե՛ այս սերնդի ծնողների, թե՛ նոր սերնդի հետ», – նշում է Արմեն Բայանդուրյանը։

Back to top button