Սփյուռքի ձայնը

Տեղահանված արցախահայության հարցը խոշոր երկրների  օրակարգում․ հայամետությո՞ւն, թե՞ պատիժ Ռուսաստանին. «Սփյուռքի ձայնը»

Էթնիկ զտո՞ւմ, թե՞ ցեղասպանություն․ իրավաբանական ի՞նչ ձևակերպում տալ արցախահայերի տեղահանությանը և ի՞նչ կարգավիճակ՝ Հայաստանում գտնվող արցախահայերին։

Ո՞ր հարցերն են առաջնային հայ իրավաբանների օրակարգում՝ միջազգային հարթակներում ներկայացնելու համար և ինչպե՞ս են աշխատանքները տարվում և ՀՀ տարբեր պաշտոնայանների ու կառույցների և միջազգային մասնագետների հետ․

Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, գերմանաբնակ Գուրգեն Պետրոսյանը նկատում է, որ «էթնիկ զտում» ձևակերպում թեև չկա իրավաբանության մեջ, սակայն այն քաղաքական լուրջ հետևանքներ կարող է ունենալ ու պատասխանատվության  ենթարկել այն իրականացնողին։

«Ինչ վերաբերում է «ցեղասպանություն» տերմինին, ապա այն իրագործած պետության կամ անձի գործողություններն ապացուցելու համար պետք է լինեն բավարար փաստեր, նախադրյալներ և հետևանքների ապացույցներ։ Սա ավելի բարդ գործընթաց է, երկարատև աշխատանք պահանջող», — ասում է Գուրգեն Պետրոսյանը։

Գերմանաբնակ իրավաբանը նշում է, որ իրենց միության աշխատանքները հիմնականում մի քանի ուղղությամբ են տարվել․ հայ և գերմանացի իրավաբանների համագործակցություններ ու փորձի փոխանակում, Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքներ ու Արցախի ինքնորոշում։ Այսօր, սակայն, Արցախին ու արցախահայերին վերաբերող խնդիրները դարձել են միության առաջնային հարցերը։

«Իրականացնում ենք փաստահավաք աշխատանքներ, փորձելու ենք դիմել միջազգային քրեական դատարան՝ մեր խնդիրները ներկայացնելու համար և այլն։ Մեզ անհրաժեշտ են ամբողջական փաստեր, որոնք պետք է հավաքագրել Հայաստան մուտք գործող արցախցիների հետ զրույցներից։ Պետք է նշեմ, որ այսօր մեր գործողությունների անօրինաչափությունն ու աշխատանքների թերացումները՝ հապաղելու և աշխատանքները ոչ լիարժեք իրականացնելու պատճառ են դառնում։ Սա վերաբերում է նաև տեղահանված արցախցիների կարգավիճակին», — ավելացնում է։

Գուրգենը նշում է, որ այսօր մի շարք հանգամանքներով պայմանավորված, մեծ տերությունները թեև հայամետ հայտարարություններ ու գործողություններ են իրականացնում (դրանք կապված են՝ հատկապես ՌԴ հետ ունեցած խնդիրներով), մեր երկրից ակնկալում են ծրագրերի և քայլերի հստակեցում։

«Օգնության պատրաստ եվրոպական շատ երկրներ Հայաստանից որևէ հստակ ծրագիր կամ գործողությունների պլան չեն  ստանում։ Մենք պետք է հստակեցնենք մեր անելիքները», — ասում է։

Back to top button