Մոռացված ֆիլմերի ստվերները

 Կարճ պատմություն ոսկե ձեռքերի մասին. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինո նկարահանելը պատկերավոր ասած՝ «փոքր պատերազմ է», որի ամեն մի վայրկյանը ֆիքսվում է ժապավենի վրա՝ հանդիսատեսի համար բացահայտելով մարդկային տարբեր խառնվածքներ։ Ու եթե արվեստը ստեղծողները համախոհներ են, միասնական են, ապա հնարավոր է գրավել այն անառիկ ամրոցը, որը կոչվում է ֆիլմ։ 

Կինոռեժիսոր Արսեն Առաքելյանը հայկական ժամանակակից կինոյի խոստումնալից ռեժիսորներից է, հետաքրքիր ստեղծագործական կենսագրություն ունեցող արվեստագետ, հետպատերազմյան տարիների ռեժիսորների այն սերնդից, որոնք իրենց ապրումներն ու մտորումները  վերածել են գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի։

Երազանքներն ու ցանկությունները մշտապես ապրող  ինքնուրույն միավորներ են, որ երբեմն անջատվում են երազողից ու թափառում այնքան մինչև իրականություն դառնան։ Հենց այս պարզ բանաձևի իրագործումն է ընկած  այսօր արդեն բազմաթիվ գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Արսեն Առաքելյանի առաջին՝ «Մայրիկ» ֆիլմի էկրանավորման հիմքում։  Նա պատմում է, որ մանկության տարիներին տեղի ունեցած մի դրվագ մխրճվել է իր երազանքների տարածք և հետագայում վերածվել ֆիլմի գաղափարի։

Արսեն Առաքելյան

«Մայրիկ» ֆիլմը նվիրել եմ տատիկիս։ Երբ փոքր էի, տատիկս ինձ համար սվիտեր էր գործել, ես այն հագել ու գնացել էի մանկապարտեզ։ Դաստիարակչուհին հիացած հարցրեց, թե որտեղի՞ց ենք գնել այն, ես պատասխանեցի, որ տատիկս է գործել։ Նա ասաց՝ Տատիկդ ոսկե ձեռքեր ունի։
 «Ոսկե ձեռքերի» գաղափարը իմ մեջ մնաց դեռ այն ժամանակ, իսկ իրագործվեց Գեղարվեստա-թատերական ինստիտուտում սովորելու տարիներին»,- պատմում է Արսեն Առաքելյանը։ ։

Խորհրդանիշների լեզվով նկարահանված «Մայրիկ» ֆիլմում մոմի լույսի ներքո շարունակ թելերը հյուսելով ներկայացվում է մոր ձգվող սպասումը, որի վերջնագծում մահն է։ Ամուսնություն, մայրություն, ամուսնու կորուստ, միայնություն․ տասը րոպե շարունակ այս ամենը կադրում ներկայացվում է ձեռքերի շարժումների միջոցով։ Չնայած «Մայրիկ» ֆիլմում բացակայում են երկխոսությունները, սակայն կինոնկարի ասելիքը հասկանալի է աշխարհի տարբեր երկրների հանդիսատեսներին, որովհետև նկարագրում է տարբեր հասարակություններում ապրող մայրերի հոգեվիճակը։

«Ես փորձել եմ նկարահանել մի ֆիլմ որը դիտելիս տարբեր ազգության մարդիկ ընկալեն նույն զգացողությամբ։ Տարբեր միջազգային կինոփառատոններում ցուցադրությունից հետո ինձ մոտենում էին այլազգի հանդիսատեսներ և հուզված ասում, որ ֆիլմի դիտումից հետո զանգահարել են իրենց մայրիկին և ջերմ մաղթանքներ ասել»,-ասում է Արսեն Առաքելյանը։

 «Մայրիկ» կարճամետրաժ ֆիլմի էկրան բարձրանալուց մի քանի տարի անց բեմադրիչն աշխատում էր նոր՝ «Ներիր մեզ»  կինոնկարի վրա։ Ֆիլմի գաղափարը ծնվել էր այն ժամանակ, երբ Հայաստանը մեծ շուքով նշում էր քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը։ Հանդիսությունների քառօրյա տոնակատարությունների ժամանակ Արսեն Առաքելյանի մոտ առաջացան հարցեր, որոնց պատասխանները նա որոշեց տալ «Ներիր մեզ» ֆիլմի միջոցով։ 

«Կարծում եմ շատերը կհիշեն 2001 թվականին՝ Հանրապետության հրապարակում կանգնեցված խաչն ու տեղի ունեցող միջոցառումները։ Ես էլ շատերի պես հետևում էի տարբեր բեմականացումներին։ Կարծես թե ամեն ինչ գեղեցիկ էր, ճիշտ էր, բայց հոգևորի մեծ պակաս կար։ Այդ պակասի զգացումը  ինձ մղեց ֆիլմ նկարահանել»,-պատմում է Արսեն Առաքելյանը։   

Ֆիլմում նկարահանվել են Դրամատիկական թատրոնի դերասանները։ Գլխավոր հերոսի կերպարը մարմնավորել է դերասան Արմեն Բարսեղյանը։ Հանրային ռադիոյի ձայնագրության տաղավարում, վերհիշելով ավելի քան երկու տասնամյակ առաջ տեղի ունեցած նկարահանումները, նա պատմում է, որ, Արսեն Առաքելյանը նախքան գլխավոր հերոսի դերում իրեն հաստատելը մի պայման է դրել։  

Արմեն Բարսեղյան

«Առաջին պահանջներից մեկը , որ Արսենն ինձ ներկայացրեց մորուքս երկարացնելն էր։ Ես բավականին երկար մորուքով գնում էի նկարահանումների։ Մի օր էլ մի մոլոկան ինձ մոտեցավ և հարցրեց, թե արդյոք ես ճանաչո՞ւմ եմ իր մտերիմներից մեկին։ Ես էլ մտնելով դերի մեջ պատասխանեցի՝ Ոչ։ Նա շատ զարմացավ և ասաց «Մեր համայնքը շատ փոքր է և բոլորս միմյանց ճանաչում ենք»։ Ես ստիպված եղա խոստովանել, որ սա դերակատարման համար է»,- ծիծաղելով պատմում է Արմեն Բարսեղյանը։

«Ներիր մեզ» ֆիլմի նկարահանումներն սկսվեցին 2001 թվականի աշնանը։ Հանրապետության հրապարակը մի քանի շաբաթ վերածվել էր նկարահանման հրապարակի։ Արսեն Առաքելյանը ծիծաղելով պատմում է, որ երևանցիները, հրապարակում տեղադրված խաչից կախված կախաղանը տեսնելով, միայն մի հարց էին տալիս։

«Արսեն Առաքելյանը յուրահատուկ ռեժիսորական ձեռագիր ունեցող արվեստագետ է։ Դեռ 2000-ականների սկզբներին, երբ նա երիտասարդ էր, նոր-նոր էր մուտք գործում կինո, առանձնանում էր համարձակ մտածողությամբ։ Երկիրը նոր էր ձևափոխվում, գերիշխում էր խորհրդային տարիների մտածողությունը, և նա կարողանում էր կոտրել կարծրատիպերը», -ասում է Արմեն Բարսեղյանը։

Պրոֆեսիոնալ ֆիլմ ստեղծելու համար միշտ չէ որ աստղաբաշխական գումարներ են անհրաժեշտ, բայց միշտ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մոտեցում։ Այդպիսի մոտեցմամբ է լուռ ու անտրտունջ իր ֆիլմերն էկրանավորում կինոռեժիսոր Արսեն Առաքելյանը։

Back to top button