Վերնատուն

Եվրոպական ժառանգության օրեր՝ «Կենսունակ ժառանգություն» խորագրով. «Վերնատուն»

Օգոստոսի 26-27-ը «Կենսունակ ժառանգություն» խորագրով Հայաստանում անց կացվելու են Եվրոպական ժառանգության օրեր՝ նվիրված «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին։

Երկու օր շարունակ Հայաստանի գրթե բոլոր մշակութայինի կենտրոններում, թանգարաններում, արգելոց–թանգարաններում, գրադարաններում տեղի են ունենալու բազմաբնույթ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, համերգներ, ինտերակտիվ խաղեր։

«Եվրոպայում երկու օրերի ընթացքում այս միջոցառումները ունենում են շուրջ 20 միլիոն այցելու։ Հայաստանում նույնպես այս միջոցառումները շատ այցելուներ են բերում։ Երկու օրերի ընթացքում 100 և ավելի միջոցառում է սպասվում», – ասում է ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը։

Միջոցառումները նվիրված են ոչ նյութական մշակութային ժառանգությանը, և միջոցառումների ծրագիրը կազմված է հայկական գորգագործության ու գորգերի ցուցադրության շեշտադրմամբ։ Հովհ․ Շարամբյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանը Հյուսիսային պողոտայում և Սարյան փողոցում դազգահներ կդնի՝ տեղացիներին ու զբոսաշրջիկներին ցուցադրելով և ներկայացնելով հայկական գորգագործության արվեստը։ Միջոցառումը կամփոփվի Զվարթնոց պատմամշակութային արգելոցի տարածքում՝ «Արի խաղանք ավանդական և մոռացված խաղեր» փառատոնով՝ ազգագրական խմբերի, հ/կ– ների, ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմակերպած միջոցառումները տեղի են ունենալու երեք արգելոցներում։ «Մեծամոր պատմահնագիտական արգելոց– թանգարանում բացի հիմնական ցուցադրությունից և ինտերակտիվ միջոցառումներից, այցելուները հնարավորություն կունենան ձուլել մետաղ և կաղապարներով ստանալ դաշույն, ապարանջան, նետասլաք․ սա փորձարարական մասնակցային միջոցառում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բրոնզագործությունն ու մետաղագործությունը Հայկական լեռնաշխարհի հնագույն արհեստներից էր», – մանրամասնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտավազդ Զաքյանը։

Վայոց Ձորի մարզում՝ Վերնաշենում, կներկայացվի «Յոթ ազատ արվեստ» կրթական ծրագիրը․ այցելուները կտեղափոխվեն Միջնադար՝ ճանաչելու, թե ինչ և ինչպես են սովորել Միջնադարում, իսկ Գոշավանքի պատմա–ճարտարապետական համալիրում կներկայացվեն Եվրոպական և հայկական առակներ՝ համեմատության մեջ։

Back to top button