Երաժշտական եռանկյունի

Միջնադարյան երաժշտության տարրը՝ Վահրամ Թաթիկյանի երգարվեստում․ «Երաժշտական եռանկյունի»

Հայկական հեղինակային երգարվեստը հարուստ է բազմաթիվ անուններով, որոնք հարստացրեցին այդ ժանրը անհատական ձեռագրով, ոճով, և բանաստեղծական տեսակներով:

Շարքում առանձնանում է Վահրամ Թաթիկյանի բազմերանգ և տարաբնույթ արվեստը, որը հարուստ է ոչ միայն հեղինակային տեքստերով, այլ նաև արևելա և արևմտահայ պոետների բանաստեղծությունների երաժշտական մեկնաբանությամբ և հատկապես՝ միջնադարյան հայկական պոեզայի հիման վրա գրված բացառիկ երգաշարով:

«Այնպես ստացվեց, որ ես ականատեսը դարձա Բաղդասար Դպիրի բանաստեղծություններով գրված շարքի ստեղծմանը: Ընդհանրապես Վահրամը յուրաքանչյուր արվեստի ոլորտում աչքի էր ընկնում խորը ներթափանցմամբ նյութի մեջ՝ լինի դա կերպարվեստ, գորգագիտություն, գրականություն, թե երգարվեստ: Դա իր բնույթն էր: Թվում էր, որ երգերը ծնվում էին մեկ ընթերցանությամբ, և միջնադարյան երաժշտական բնապատկերը զարմանալի կերպով արտացոլվում էր այդ շարքի յուրաքանչյուր երգի մեջ»,- ասում է Մատենադարանի գիտաշխատող, երաժշտագետ, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ, Վահրամ Թաթիկյան նախկին կինը՝ Արփի Վարդումյանը:

Վահրամ Թաթիկյանը հայտնի է իր բազմաթիվ երգաշարերով, որոնք գրված են Բաղդասար Դպիրից մինչև Չարենց, Սիամանթոյից Զահրատ և Իսահակյան: Ամեն մի շարք իր երաժշտական լուծումներով, տեմպոռիթմային դարձվածքներով խիստ տարբերվում է մյուսից՝ արտացոլելով ոչ միայն յուրաքանչյուր պոետին հատուկ լեզվամտածողությունը և չափածո տեքստին հատուկ դարձվածքները, այլ նաև ժամանակաշրջանի շունչն ու ոգին: Այդպիսին է Բաղդասար Դպիրի տողերի հիման վրա ստեղծված Թաթիկյանի երգաշարը: Կարծես ուշ միջնադարին հատուկ լադային լուծումներով և այդ շրջանին հատուկ երաժշտական ելևէջներով և խաղերով հագեցած երգերը փոխանցում են քնարականից մինչև խոհափիլիսոփայական տամադրությունը և լսողին ուղղորդում դեպի այն ակունքները, որոնցից սնվում էին միջնադարյան հայ գուսանները:

Շարքը ձայնագրվել էր պետական ռադիոյի ստուդիայում, ինչի շնորհիվ մենք այսօր կարող ենք հաղորդակից դառնալ կյանքից վաղաժամ հեռացած Վահրամ Թաթիկյանի ստեղծագործությանը:

Հարկ է նշել նաև Թաթիկյանի երգելաոճի առանձնահատկությունը, որը եզակի է իր տեսակով, խիստ տարբերվող ակադեմիական ոճից և այն բոլոր տեսակներից, որոնք հատուկ են ժողովրդական երգի կատարողներին:

Նա առանձնանում է նախ և առաջ ձայնի կուլտուրայով և միայն Թաթիկյանի կատարողական արվեստին հատուկ վիբրատոներով, տարբեր ելևէջներով և ձայնի խաղերի արտահայտչամիջոցներով:

Երգելաոճը նաև ընդգծվում է զգացմունքայնությամբ, էմոցիոնալ վայրիվերումներով և բանաստեղծական տեքստի խորը ապրումով:

Հաղորդման ընթացքում հնչում են Վահրամ Թաթիկյնաի երգերը՝ գրված Բաղդասար Դպիրի բանաստեղծությունների հիման վրա:

Back to top button