Վերնատուն

Միրզոյան ֆոտոգրադարանը՝ նաև այլընտրանքային մշակութային միջավայր․ «Վերնատուն»

Ինը տարի առաջ լուսանկարիչ Կարեն Միրզոյանը հիմնեց գրադարանն ու հենց իր անունով էլ կոչեց այն։ Գրադարանի լուսանկարչական գրականության ու ալբոմների ֆոնդը Կարեն Միրզոյանի անձնական հավաքածուն է, որն ուզում էր ներկայացնել հանրությանը։ Գրադարանն ունի շուրջ 900 թանկարժեք լուսանկարչական գիրք։

«Կարեն Միրզոյանը, ըստ իր կերպարի՝ հավաքորդ է։ Փիլիսոփա Վալտեր Բենյամինը հավաքորդի մասին գրում է, որ «նա վեր է կանգնում քաոսից, հավաքում է քաոսը և ստեղծում մի համակարգ» և այս համակարգը կամ ֆոնդը հետաքրքիր է նույնիսկ այն մարդկանց, ովքեր նոր են սկսում ճանաչել լուսանկարչությունը», – ասում է Միրզոյան գրադարանի մենեջեր Ռոբերտ Հակոբյանը։

Գրադարանը նաև պատկերասրահ է, որտեղ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, ամենատարբեր թեմաներով դասախոսություններ, համերգային ծրագրեր և այլն։

«Ինձ հետաքրքիր են մարդու իրավունքները՝ լուսանկարչական բնագավառում, որը դեռ խորությամբ ուսումնասիրված չէ Հայաստանում, քանի որ մենք «աղետների ժողովուրդ» ենք և օրինակ Արցախյան երեք աղետը, որ մեզ հետ պատահեց, կարևոր է դիտարկել ոչ միայն ցավի ու կորուստների տեսանկյունից, այլ նաև մարդու իրավունքների», – ասում է Ռոբերտ Հակոբյանը։

Միրզոյան գրադարանը իր տարեդարձի առիթով այս օրերին անցկացնում է մեկշաբաթյա ծրագրեր։ Այն սկզբնավորվեց Կարեն Միրզոյանի «Խախտված ենթագրեր» խորագրով ցուցահանդեսով։ Դրանք, ինչպես Ռոբերտ Հակոբյանն է մեկնաբանում, 13 ակնթարթային լուսանկարներ են, որոնք արվել են 44 -օրյա պատերազմի ընթացքում։

«Այստեղ երևում է ֆոտոլրագրողի դերը պատերազմի թոհուբոհի մեջ»։ Իր (Կարեն Միրզմյանի. Խմբ.) խոսքերով, երբ նա նկարում էր մի պատահար կամ դեպք, դրան առնչվող տարբեր, հակասող նորություններ էին գալիս՝ մեկը մյուսին հերքող։ Օբյեկտիվը փոխանցել հնարավոր չէր լինում։ Լուսանկարը համատեքստից դուրս չի կարող լինել, այն միշտ խոսքի ու տեքստի հետ է առնչվում և մեկնությունը կարող է ամբողջովին փոխել այն պատկերը , որը մեր առաջ է», – ասում է Ռոբերտ Հակոբյանը։

Գրադարանն առաջիկայում նպատակ ունի զարգացնել լուսանկարչական արխիվը։ Կարեն Միրզոյանը մի քանի տարի ուսումնասիրել է հայ լուսանկարչության ժառանգությունը տարբեր երկրներում, որտեղ հայկական համայնքը մեծ հետք է թողել։ Այդ արխիվը փորձում են ստեղծել համագործակցելով Magnum Photos միջազգային կազմակերպության հետ։

Back to top button