Վերնատուն

Gyumri Art Week․ դիրքավորվել որպես միջազգային արվեստի կենտրոն․ «Վերնատուն»

Gyumri Art Week ժամանակակից արվեստի միջազգային փառատոնն այս տարի անցկացվում է երկրորդ անգամ։ Փառատոնը ընթացքի մեջ է և չի սահմանափակվում միայն Գյումրու տարածքում, այն շարունակվում է Երևանում, Ստեփանավանում և այլ մարզերում ու համայնքներում։

Gyumri Art Week ժամանակակից արվեստի միջազգային փառատոնի հիմնադիր, արվեստագետ Սարգիս Հովհաննիսյանն ասում է՝ անհրաժեշտ է, որ փառատոնը բաց լինի ու դառնա ինստիտուցիոնալ կառույց, կարևորում է ոչ թե անհատական, այլ թիմային աշխատանքն ու համագործակցությունները այլ կառույցների ու ինստիտուցիաների հետ։ Այս տարի փառատոնին մասնակցում են աշխարհի 47 երկրներից ժամանած արվեստագետներ։ Տեղացի և օտար արվեստագետների գործերը ցուցադրվում են հիմնականում թանգարանային տարածքներում։

«Ժամանակակից արվեստը առավելագույնս բաց երկխոսություն պիտի ստեղծի հատկապես թանգարանների հետ։ Մեզանում դեռևս ժամանակակից արվեստը թանգարանային ցուցանմուշների կողքին ցուցադրելու վախեր կան։ Եթե մեզ ժամանակակից ենք համարում, ուրեմն ժամանակակից արվեստը մեր կողքին պիտի ապրի»,— ասում է Սարգիս Հովհաննիսյանը ։

Փառատոնն այս տարի ակտիվ համագործակցում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ, շուրջ 21 վիդեո ինստալացիաներ այժմ ցուցադրվում են կենտրոնում։

«Մենք նախընտրում ենք միջդիսցիպլինարության ճանապարհը և մեր աշխատանքի մասն է կազմում նորարարություններ փնտրելն ու նորարարական կադրեր վերապատրաստելը։ Արվեստը միջոց է, որի շնորհիվ կարող ենք ճիշտ հարցադրումներ անել և կրթել սերունդ և մասնագետներ, որոնք կարող են լայն մտածել»,— ասում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը։

Կազմակերպիչները վստահ են, որ Գյումրին միջազգային մակարդակով այսօր կարող է դիրքավորվել որպես արվեստի, տեխնոլոգիաների, գիտության ու միջդիսցիպլինարության կենտրոն։ Gyumri Art Week ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը Գյումրիում, Երևանում, Ստեփանավանում կտևի մինչև օգոստոսի 20-ը։ Փառատոնի մասին տեղեկությունը ՝ https://www.facebook.com/gyumriartweek։

Back to top button