Երկրորդ շնչառություն

«Ոսկե սերունդ». ամառային ճամբար տարեցների համար. «Երկրորդ շնչառություն»

Հայաստանի մարզերից և Արցախից 63-79 տարեկան տատիկ-պապիկներ անցած ամիս մեկշաբաթյա ամառային ճամբարի են մասնակցել Ծաղկաձորում: Նախագծին մասնակցել են բազմափորձ ու հետաքրքիր տարեց մարդիկ, որ նաև իրենց գիտելիքներն ու փորձն են փոխանակել ճամբարի օրերին իրենց հետ աշխատող երիտասարդ մասնագետներին:

«Մեր հիմնական նպատակն այն էր, որ տարեցներին ասենք՝ իրենք միայնակ չեն իրենց մտածումների, իրենց դժվարությունների ու անհանգստություների մեջ, ճամբարը եկավ ասելու, որ մենք իրենց կողքին ենք իրենց առօրյան գունավորելու և վառ դարձնելու համար»,-ասում է գաղափարի հեղինակ, «Միասին» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական ՀԿ նախագահ Գևորգ Չիչյանը: Նրա խոսքերով, հատուկ տարեցների համար նախատեսված ճամբարի միտքն առաջացել է այն ժամանակ, երբ մի առիթով տարեցներին ուղեկցել են պատմամշակութային հուշարձաններ և տեսել են, թե ինչ ոգևորությամբ են նրանք արձագանքում նմանատիպ միջոցառումներին: Տարեցների համար նախատեսված ճամբարն իրականություն է դարձել «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր-սեղան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և Մյունխենի «Անուշ» հայ-գերմանական կենտրոնի և, մասնավորապես, Անուշ Չախալյանի աջակցությամբ: Ճամբարային օրերն ու պարապմունքները խիստ հագեցած են եղել, բայց տարեցներն աշակերտի ժրաջանությամբ մասնակցել ու հետևել են ամեն ինչին: Կազմակերպիչներն այնքան են տպավորված տարեց մարդկանց ոգևորությամբ, որ  մտադիր են ճամբարն անցկացնել ամեն տարի և մի քանի փուլով: 

Ճամբարի ամենավառ ու եռանդուն մասնակիցներից մեկը 76-ամյա Իզաբելլա Եսայանն է, նա մի քանի մասնագիտություն ունի, վարպետ է, նաև կարպետներ է գործում, նրա հագեցած կյանքին կարող են նախանձել անգամ երիտասարդները: «Միայնակ թոշակառու եմ, և շատ հաճախ հարցնում են, միայնակ ի՞նչ ես անում ամբողջ օրը: Ասեմ, որ օրն ինձ չի բավականացնում, որովհետև առավոտից գնում եմ մարզվելու, գալիս եմ լուրեր եմ լսում, միացնում եմ աուդիոգրքեր ու տարբեր ձեռքի աշխատանքներ կատարում, զբաղվում եմ կարպետագործությամբ և հանձնում Վերնիսաժ՝ վաճառքի, տիրապետում եմ նոր տեխնիկաներին»,- իր մասին պատմում է զրուցակիցս՝ հպարտությամբ նշելով, որ բոլոր էսքիզներն անձամբ է անում այնպես, որ ոչ մեկը մյուսին չի կրկնում թե ՛գունային գամմաների, և թե՛ նախշերի առումով:

Ճամբարին նա մասնակցել է նաև նոր սոցիալական կապեր հաստատելու ցանկությամբ և դրած բոլոր նպատակներին հասել է: Տիկին Իզաբելլան ասում է, որ գնացել էր նաև իր իմացածով կիսվելու և կարողացել է իր լավատեսությամբ ու կենսասիրությամբ վարակել տարեկիցներին: Առողջ ու ակտիվ կյանք ունենալու համար նա հասակակիցներին և միջին տարիքի մարդկանց, նախևառաջ, խորհուրդ է տալիս ճիշտ սնվել, մշտապես զբաղված լինել հաճելի մի գործով և, իհարկե, հրաժարվել ցածրակարգ մտքերից՝ բամբասանքից, դժգոհելուց, բողոքելուց։

Back to top button