Երկրորդ շնչառություն

Էսթետիկ միջամտությունները ցուցված են հատկապես 60-ից հետո․ «Երկրորդ շնչառություն»

Էսթետիկ բոլոր վիրահատություններն ու միջամտությունները նախատեսված են հատկապես 60 և ավելի տարեկան անձանց համար: «Ավանտա» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Հուսինե Ղլիջյանն ասում է, որ 60 և ավելի տարեկան իր բուժառուներն առավել գեղեցկանալու և երիտասարդանալու հետ կապված ունենում են որոշակի մտավախություններ և դրանք ավելի շատ ոչ թե միջամտությունների ժամանակ ցավի կամ արդյունքի հետ են կապված լինում, այլ, թե ինչպես կարձագանքեն հարազատներն ու շրջապատը:

Շատ հաճախ մարդիկ գաղտնի են կատարում այս վիրահատությունները: Նրա խոսքերով, 35-40 տարեկանից սկսած մարդիկ կարող են նկատել որոշակի փոփոխություններ դեմքի, պարանոցի ու մաշկի հետ կապված: Թե երբ ի հայտ կգան այդ փոփոխությունները, կախված է տվյալ մարդու գենետիկայից, քաշից, կենսակերպից և առողջության ընդհանուր վիճակից:

«Կախվածությունը կարող է լինել ինչպես ամբողջ դեմքի, այնպես էլ առանձին հատվածների՝ կոպերի և հոնքերի շրջանում, առաջանալ կրկնակզակ, կախվեն այտերը կամ ի հայտ գան խորը ստատիկ կնճիռներ»,- բացատրում է բժիշկը՝ ավելացնելով, որ ոսկրային հյուսվածքները նույնպես թուլանում են և փափկում, տեղ-տեղ պակասում, դեմքի ենթամաշկային ճարպը տարիների ընթացքում ևս քչանում է:

Մաշկի ծերացման գործընթացը չի խնայում ոչ տղամարդկանց, ոչ կանանց, բայց վերջիններն ավելի ուշադիր են այդ երևույթների հանդեպ, հետևաբար, պլաստիկ վիրահատությունների դիմողների 80 տոկոսը կանայք են: Խոսելով պլաստիկ վիրահատության դիմող տարեց մարդկանց մոտիվացիայի մասին՝ բժշկուհի Ղլիջյանը պատմել է, որ ունեցել է տղամարդ բուժառու, որ որոշել է կոպերը վիրահատել իր տղայի ամուսնությունից որոշ ժամանակ առաջ, որպեսզի հարսանիքին պատշաճ տեսք ունենա: Երկրորդ անգամ ավելի երիտասարդ կնոջ հետ ամուսնացող տղամարդիկ էլ հաճախ պլաստիկ վիրաբուժության միջոցով են փորձում ապրած տարիները թաքցնել:

«Որպես կանոն, կանայք են հորդորում դիմել երիտասարդացնող վիրահատությունների»,- նկատում է զրուցակիցս՝ հավելելով, որ դեմքի արտահայտված կախվախությունը վերացնելու ամենաարդյունավետ տարբերակը վիրահատությունն է:

Այս տեսակի վիրահատությունները համարվում են էսթետիկ և, բնականաբար, չեն կարող կատարվել պետպատվերով կամ սոցիալական փաթեթի շրջանակում, բայց գներն աստղաբաշխական չեն, և կենսաթոշակառուները նույնպես կարող են իրենց թույլ տալ, եթե ցանկություն ունեն:

Անդրադառնալով կոպերի բլեֆարոպլաստիկային՝ կոպերի շտկման վիրահատությանը, բժիշկը բացատրում է, որ այն կարելի է համադրել հոնքերի կամ ճակատի ձգման հետ: Սեփական ճարպի ներարկումը նույնպես բավականին արդյունավետ է լինում: Մարմնի այլ հատվածներից՝ որովայնից կամ ազդրերից, վերցվում է ճարպը, մշակվում և կատարվում է ներարկում:

Լիպոֆիլինգը՝ ճարպի ներարկումը, արդյունավետ է նաև դաստակներին ավելի լավ տեսք հաղորդելու համար, որովհետև շատ հաճախ կանայք դեմքի հատվածում կատարում են միջամտություններ, բայց ձեռքերը շարունակում են մատնում են կնոջը տարիքը: Ինչ վերաբերում է կոպերի վիրահատության հետ կապված ռիսկերին, ապա կարևոր է իմանալ, որ տեսողության վրա այն ոչ մի բացասական հետևանք չունի, ընդհակառակը, կախված կոպերը, ծանր վարագույրի պես, փակում են տեսադաշտը, և տարեց մարդը ստիպված է ճակատային մկանի գերլարումով նայել ամեն ինչին:

«Եղել են դեպքեր, երբ բուժառուն մոտեցել է հենց ակնաբույժի հորդորով: Մի անգամ վիրահատությունից հետո այն աստիճանի է բարելավվել բուժառուի տեսողությունը, որ նա կասկածել է՝ բժիշկ, դու իմ կատարակտն էլ ե՞ս բուժել»,— պատմում է դոկտոր Հուսինեն:

Խոսելով վիրահատական ընդհանուր ռիսկերից՝ նա բացատրում է, որ անպայման բոլոր դեպքերում խորհրդակցում են նեղ մասնագետների հետ, կոմպենսացված պահում քրոնիկ հիվանդությունները և հետո նոր միայն ձեռնարկում միջամտությունները: Եթե կատարվում է միաժամանակ մի քանի վիրահատություն, խորհուրդ է տրվում կիրառել ընդհանուր անզգայացում, որպեսզի բուժառուն չլարվի վիրահատարանից, լույսերից և հոգեբանորեն ավելի դյուրին տրվի երիտասարդացնող միջամտությունը:

Հ.Ղլիջյանն առանձնահատուկ հոգատարությամբ և սիրով է աշխատում 60 և ավելի տարեկան անձանց հետ, քանի որ, ի տարբերություն երիտասարդների, նրանք ինքնաբավ են, շատ ավելի երախտապարտ, կյանքի փորձն էլ թույլ է տալիս մեկ հանդիպումից ճանաչել ու վստահել բժշկին:

«Երբեմն, երբ վիրակապելիս տեղեկացնում եմ, որ կարող է ցավ լինել, նրանք մեծահոգաբար ասում են՝ նենց ցավեր ենք տեսել, բժիշկ ջան, հանգիստ եղեք… »,- ասում է բժիշկ Ղլիջյանը՝ եզրափակելով, որ երբեք չես տեսնի տարեց մարդու, որ ինչ-որ աստղի ֆոտոն բերի ու ասի, ինձ նրա նման դարձրու։

Back to top button