Երաժշտական եռանկյունի

Արփինե Կալինինա․ պատանի կոմպոզիտորների նոր սերունդը․ «Երաժշտական եռանկյունի»

Հաճախ,  ակադեմիական երաժշտության ավանդույթները սերունդներին փոխանցելու մասին խոսելիս, մենք առաջին հերթին նկատի ենք ունենում կատարողական արվեստը։ Ամբողջ կրթական համակարգը, կարծես, ենթակայացված է այդ նպատակին։

Դիրիժորական արվեստը և կոմպոզիցիան համարվում են բարդ ոլորտներ և, հետևաբար, ավելի բարձր տարիքի մասնագիտություններ։ Համարվում է, որ սկիզբից պետք է ձեռք բերել որոշակի գիտելիք և որևէ նվագարանի տիրապետելու որոշակի հմտություն, որպեսզի երիտասարդը կայացնի դիրիժորության կամ կոմպոզիցիայի ասպարեզներում մասնագիտանալու իր ընտրությունը։

«Ես ինքս շատ վաղ հասակում եմ սկսել ստեղծագործել, առաջին ստեղծագործությունս  հանդիսատեսի դատին ներկայացրել եմ 13 տարեկանում»- ասում է կոմպոզիտոր Արփինե Կալինինան, ով ավարտելով Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (Լևոն Չաուշյանի դասարան)՝ շարունակել է ուսումը Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայում, և ներկայիումս դասավանդում է կոմպոզիցիա առարկան Կոնսերվատորիայում և մի քանի երաժշտական դպրոցներում։

«Ես 11 տարեկան եմ, բայց արդեն ունեմ մի քանի մրցանակներ, մասնակցում եմ համերգների և մրցույթների, ներկայացնում սեփական ստեղծագործություններս»- ասում երիտասարդ կոմպոզիտոր Հայկ Ջուլհակյանը։

Մեր զրույցին մասնակցող պատանի ջութակահար և կոմպոզիտոր Արսեն Գարսոյանը նույնպես ստեղծագործում է դասական, ակադեմիական ժանրի ոլորտում և համարում, որ նրա և իր հասակակիցների բախտը բերել է, որ Հայաստանում գոյություն ունի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթ, որը մեծ խթան է հանդիսանում ապագա կոմպոզիտորների համար։

Կոմպոզիտորների միության համերգասրահում հունիսի 17-ին կայացած վոկալ-գործիքային երաժշտության համերգի ընթացքում ներկայացվեցին և կատարվեցին Արփինե Կալինինայի՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի, Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի և Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի կոմպոզիցիայի դասարանների պատանի սաների ստեղծագործությունները։

Մինչ այդ, «Արտ Մյուզիք» մրցույթը, համերգները՝ Արամ Խաչատրյան տուն-թանգարանում, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում, և մայիսի 10-14-ին Դիլիջանում կոմպոզիտորների միության հանգստյան տան համերգային դահլիճում կայացած պատանի կոմպոզիտորների մրցութային ելույթներն ու համերգները փաստում են ոչ միայն երիտասարդ տաղանդների առկայությունը, այլ նաև նրանց ղեկավարի՝ Արփինե Կալինինայի հետևողական և նվիրական աշխատանքի արդյունավետությունը։

Հայկական կոմպոզիտորական դպրոցը տասնամյակների ավանդույթների պատմություն ունի,  աշխարհահռչակ, փայլուն անուններ և ազգային երաժշտության հրաշալի շտեմարան, որի շարունակողները արդեն լուրջ ստեղծագործական հայտեր են ներկայացնում՝ ձևավորելով ապագայի երաժշտության տեսակը։

Հաղորդման ընթացքում հնչում են Արփինե Կալինինայի դասարանի հաշվետու համերգին մասնակցած պատանի կոմպոզիտորներ՝ Հայկ Ջուլհակյանի, Արսեն Գարսոյանի, Արթուր Գրիգորյանի, Արամ Թադևոսյանի, Արտաշես Մոսիկյանի, Գրիգոր Խաչատուրյանի, Ռազմիկ Սահակյանի, Նարեկ Դանիել-Շուբինի, Նատալի Եղիազարյանի, Լիանա Մազմանյանի և Հասմիկ Գրիգորյանի ստեղծագործությունները։

Back to top button