Վերնատուն

«Հուսո առագաստ»-ը՝ գեղեցիկի միջավայրն ընդլայնելու մարտահրավեր․ «Վերնատուն»

Հուլիսի 20–23-ը 8-րդ անգամ կանցկացվի «Հուսո առագաստ» հեղինակային երգի ամենամյա միջազգային փառատոնը։ Յուրաքանչյուր տարի փառատոնն ամփոփվում է Սևանյան փուլով։ Շորժայի Վիշապ լողափում երեք լիարժեք համերգային օր, որին կմասնակցեն այս տարվա լավագույն տասնյակը, բոլոր տարիների ակտիվ ստեղծագործող երգահանները, 7 տարբեր երկրներից ժամանած 11 հեղինակներ՝ իրենց կատարումներով, «Բարդերի ակումբն» իր համերգային ծրագրով։

«Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանի համար փառատոնը մարտահրավեր է՝ «գեղեցիկի միջավայրն ընդլայնելու»․

«Ամեն մեկն իր հերթին, այնտեղ, որտեղ ապրում է, պիտի փորձի իր միջավայրը մի քիչ ավելի գեղեցիկ դարձնել։ Իմ զինակից ընկերների շնորհիվ 12–13 տարի առաջ նախաձեռնեցինք «Բարդերի ակումբը», այդ ժամանակ տնտեսական ճգնաժամ կար, բայց ես կարծում եմ, որ դա ավելի շատ հոգևոր ճգնաժամ էր, մենք հասկացանք, որ ամեն ինչի ակունքում հոգևոր սովն էր։ Ստեղծեցինք «Բարդերի ակումբը» և այդ միջավայրում սկսեցինք ապրել, իսկ հիմա այդ միջավայրն ընդարձակում ենք», – ասում է երգահանը։

Վախթանգ Հարությունյանն ասում է, որ փառատոնը կենսակերպ է, որին հավատում են նա ու իր համախոհ ընկերները ու այդ ամենով փորձում են կիսվել երիտասարդների հետ։ Այս տարի, նախորդ տարվա համեմատ շատ բան են ավելացրել, նախընտրում են քայլերի մեջ դանդաղ ու շրջահայաց լինել, որպեսզի հեռուն գնան։ Արդեն ծրագրել են այս տարվա սեպտեմբերին ևս մեկ փառատոն՝ Ջերմուկում։

«Հուսո առագաստը» սիրո փառատոն է, որը միայն աբստրակտ ընկալումների տարածքում չէ։ «Ամեն ինչ, ի վերջո սևեռվում է անձիդ շուրջ՝ թե դու ինչ ես արել և ինչ կարող էիր անել։ Եվ եթե իմ իրականության մեջ մի բան կա, որը կարելի է փոխել, ես ավելի շատ մտածում եմ իմ մեղքը գտնել այնտեղ, որտեղ ես չեմ փորձել բացերը լրացնել։Մնացած ամեն ինչում կարելի է անընդհատ մեղավորներ փնտրել և արդարացնել անգործությունը։ Ես և իմ ընկերները փորձում ենք փոքրիկ և մեծ աշխատանք կատարել, նայել նույն կետին միասին և շարժվել նույն ուղղությամբ, փորձելով մեկս մյուսին օգնել, որպեսզի մեր համատեղ ընթացքը՝ մեր յուրաքանչյուր քայլով մեզ բերի գեղեցիկ տիրույթներ», – ասում է Վախթանգ Հարությունյանը։

Back to top button