Դպրություն

Թատրոնը մտնում է դպրոց․ «Դպրություն»

Մեկնարկել է «Դասարան+Դասական» թատերական ոչ ֆորմալ կրթական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ամրապնդել դպրոց-թատրոն կապը, աշակերտներին ծանոթացնել թատերարվեստի ոլորտին, նպաստել մասնագիտական կողմնորոշմանը։


««Դասարան+Դասական» ծրագրի կարևոր առաքելությունը թատերական կրթությունն է, որը 2 շաբաթվա ընթացքում պետք է տրվի սովորողներին։ Շատ հետաքրքիր, պայծառ, ուրախ ծրագիր է։ Ամեն ինչ մանրամասն մտածված է։ Այս ծրագիրը թատրոն մուտք գործելու նախաշեմն է», – ասում է Պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսոր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Դավիթ Հարությունյանը։


«Արդեն 3–րդ տարին է, որ ես մասնակցում եմ «Դասարան+Դասական» ծրագրին։ Աշխատել եմ տարբեր ռեժիսորների հետ։ Սա ևս շատ հետաքրքիր է։ Երեխաների հետ աշխատելիս կաղապարներ, սահմանափակումներ չկան։ Ինչքան շատ լինեն հետաքրքիր մոտեցումները, խենթությունները, կրեատիվ իրավիճակները, այնքան ավելի հետաքրքիր է դառնում իրավիճակը, նրանք ավելի սիրով են գալիս դասերին։ Եվ ես իրենց ասում եմ, որ հաջողության համար առաջին գործոնը անկեղծությունն է», – ասում է Գ․Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասանուհի, «Դասարան+Դասական» ծրագրի բեմական խոսքի դասախոս Ռուզաննա Հախնազարյանը։


«Ես առաջին անգամ եմ մասնակցում «Դասարան+Դասական» ծրագրին։ Ինձ շատ է դուր եկել այստեղ ամեն ինչ։ Հատկապես ուրախացա, երբ տեսա այդքան շատ երեխաներ, որովհետև հիմա մեծ մասամբ իմ սերնդակիցները նախընտրում են գնալ համալսարաններ, որոնք իրենց ծնողներն են ուզում։ Իսկ այստեղ ես տեսա իսկապես թատերասեր, արվեստով լցված երեխաներ։ Ես էլ որոշել եմ դառնալ դերասանուհի», – ասում է «Դասարան+Դասական» ծրագրի մասնակից Էլլադա Գասպարյանը։


«Կարծում եմ, որ «Դասարան+Դասական» ծրագիրը մեզ հնարավորություն է տալիս 14 օր շարունակ գտնվելու Ազգային ակադեմիական թատրոնում, գտնվելու ստեղծագործական հիանալի միջավայրում։ Այստեղ մենք ոչ միայն ձեռք ենք բերում փորձ, ստանում գիտելիքներ, այլ ձեռք ենք բերում նաև ընկերներ և հնարավորություն ենք ստանում ծանոթանալու թատրոնի ներսում տիրող իրականությանը։ Կարծում եմ ծրագիրը ոչ միայն նրանց համար է, ովքեր ցանկանում են այս մասնագիտությամբ շարունակել, այլ նաև նրանց համար, ովքեր կապ չունեն թատրոնի հետ։ Ծրագրով փորձ է արվում բոլորի մոտ առաջացնել սեր թատրոնի հանդեպ», – ասում է «Դասարան+Դասական» ծրագրի մասնակից Սվետա Հակոբյանը։

Back to top button