Վերնատուն

ArtKvartal-ը՝ հանուն ժամանակակից արվեստի․ «Վերնատուն»

Պուշկինի 4 հասցեում գտնվող ArtKvartal ժամանակակից արվեստի համայնքի գործունեության ու առօյա խնդիրների մասին են խոսում ArtKvartal-ի հիմնադիր արվեստագետներ` Հարություն Հովսեփյանն ու Սերո Սողոմոնյանը։

ArtKvartal–ում այսօր ապրում և ստեղծագործում են արվեստագետներ, որոնք ցուցադրվում են արվեստի միջազգային հարթակներում։ Արվեստագետներն ասում են, որ կարիք կա, որ նրանք Հայաստանում նույնպես ներկայանալի լինեն, նրանց գործերը վաճառվեն։

«Մենք ուզում ենք կոտրել այն կարծրատիպը, որ նկարիչը պետք է սոված և աղքատ լինի և ուզում ենք դիրքավորվել որպես հայկական ժամանակակից արվեստի կենտրոն, որտեղ միայն որակով արվեստ կներկայացվի։ Ուզում ենք արվեստն ու մեր կողքին ապրող արվեստագետը գնահատված լինեն», – ասում են արվեստագետները։

ArtKvartal–ի տարածքը ծառայում է մշակույթի գրեթե բոլոր ճյուղերին։ Ցուցահանդեսներից բացի այնտեղ կարելի է ներկա լինել արվեստագետների հետ հանդիպումների, քննարկումների, համերգների, ֆիլմի դիտումների ու ներկայացումների։

Նախատեսվող ցուցահանդեսներն ու միջոցառումները գրանցվում են մեկ–երկու ամիս առաջ, մեծացել է զբոսաշրջիկների հոսքը։ Բազմաժանր այս միջոցառումները կարող են տեղի ունենալ ցանկացած անկյունում՝ արվեստագետների արվեստանոցներում, ցուցասրահներում, մառանում և բակում։

Հիմնադիր արվեստագետները կարծում են, որ միշտ չէ, որ ժամանակակից արվեստը պետք է պետությունից օժանդակություն ստանա, բայց կարևոր է, որ պետության մեջ գործեն նման կառույցներին օգնող և խրախուսող ենթակառուցվածքներ։

Հուլիսի 15-ին ArtKvartal–ում նախատեսվում է արվեստագետ Սամվել Սաղաթելյանի անհատական ցուցահանդեսը։

Back to top button