Մոռացված ֆիլմերի ստվերները

Պատվիրված մյուզիքլ և օդում գրված նոտաներ. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր Լեոնիդ Տրաուբերգի արվեստանոցն ավարտած էռնեստ Մարտիրոսյանը «Հայֆիլմ» կինոստուդիա վերադարձավ մեծ եռանդով ու բազմաթիվ նորարարական գաղափարներով, սակայն դրանք հենց առաջին ֆիլմի նկարահանումից ի չիք դարձան, իսկ նա դարձավ հայկական կինոյի ամենադրամատիկ կենսագրություն ունեցող ռեժիսորներից մեկը։

Էռնեստ Մարտիրոսյան

Լիդա Գևորգյան — Էռնեստ Մարտիրոսյան ստեղծագործական զույգին «Հայֆիլմի» հնաբնակները լավ են հիշում։ Ռեժիսորական յուրօրինակ ձեռագիր ունեցող Էռնեստ Մարտիրոսյանի ուղին հայ կինոյում բարդ ու դրամատիկ ընթացք ունեցավ։ Դժվարությունները հաղթահարելիս մշտապես նրա կողքին էր կինը՝ բեմանկարիչ Լիդա Գևորգյանը, որի մասնակցությամբ նա նկարահանեց գրեթե բոլոր ֆիլմերը։

Կինոգետ Դավիթ Մուրադյանին և էռնեստ Մարտիրոսյանին միավորում էր ոչ միայն ստեղծագործական մտերմությունը, այլև երկար տարիների ընկերությունը։ Նա նշում է, որ Էռնեստ Մարտիրոսյանը բնությունից օժտված էր թավշյա, գեղեցիկ ձայնով, բայց պրոֆեսիոնալ երգչի կրթությունը ճակատագրի բերումով փոխարինվեց ռեժիսորի կրթությամբ։

Դավիթ Մուրադյան

«Գեղեցիկ տենորային ձայն ուներ Էռնեստը և լավ երգում էր: Միտք ուներ Կոնսերվտորիա ընդունվել, բայց ընտրեց Գեղարվեստա-թատերական ինատիտուտի ռեժիսուրայի բաժինը և այնտեղ էլ գտավ իր կյանքի ընկերուհուն՝ Լիդա Գևորգյանին, որը նկարչական բաժնի ուսանողուհի էր: Ի դեպ՝ Լիդան հետագայում դարձավ հայ կինոյի լավագույն նկարչներից մեկը»,-պատմում է Դավիթ Մուրադյանը:

Էռնեստ Մարտիրոսյան և Լիդա Գևորգյան զույգի ստեղծագործական կենսագրության մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում «Ատամնաբույժն արևելյան» ֆիլմ-մյուզիքլը, որը նկարահանվեց Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության պատվերով։

Անցյալ դարի 80-ականների սկզբին Էռնեստ Մարտիրոսյանն առաջարկ ստացավ էկրանավորել Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսը։ Կարճ ժամանակում Էռնեստ Մարտիրոսյանը պիեսը վերածեց կինոսցենարի։

Լիդա Գևորգյանը նշում է, որ «Հայֆիլմ»-ում մի քանի տեսարան նկարահանելուց հետո, ստեղծագործական խումբը Էռնեստ Մարտիրոսյանի գլխավորությամբ մեկնում է Թիֆլիս, որտեղ 19-րդ դարավերջի Պոլսի հայկական միջավայրում կատարվող դեպքերին հարմար միջավայր կար։

Լիդա Գևորգյան

«Թիֆլիսում նկարահանումները տևեցին երկու ամիս: Ոգևորված էինք, որովհետև նկարահանման ողջ ընթացքում անցորդները լսելով երաժշտությունը և հասկանալով, որ նոր ֆիլմ է նկարահանվում մոտենում էին մեզ և իրենց հիացական կարծիքն էին արտահայտում, որը մեզ դրական լիցքեր էր հաղորրդում»,-ասում է Լիդա Գևորգյանը:

Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության պատվերով նկարահանված «Ատամնաբույժն արևելյան» ֆիլմ-մյուզիքլի ցուցադրության իրավունքն այսօր էլ պատկանում է Խորհրդային Մության փլուզումից հետո «Օստանկինո» վերանված հեռուստատեսությանը: Դա է պատճառը, որ այն այդպես էլ չցուցադրվեց հայկական հեռուստատեսությամբ։

«Որքան ես հիշում եմ Կենտրոնական հեռուստատեսությամբ այն ցուցադրվեց մեկ-երկու անգամ և ոչ ավելին: «Ատամնաբույժն արևելյան» ֆիլմ-մյուզիքլը այդպես էլ չմտավ մշտական շրջանառության մեջ և տարիների ընթացքում մոռացվեց»-նշում է Դավիթ Մուրադյանը:

Մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի կատակերգության երաժշտական այս էկրանավորումը բավական էր, որ հայ կինոյում Էռնեստ Մարտիրոսյանը կինոռեժիսուրայի, իսկ Լիդա Գևորգյանը բեմանկարչության բնագավառներում զբաղեցնեին իրենց առանձնահատուկ տեղերը։ Ֆիլմը Խորհրդային Միության տարիներին մի քանի անգամ ցուցադրվեց Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության եթերում, իսկ Միության փլուզումից հետո փլուզվեց նաև ֆիլմի հետագա ընթացքը։

Back to top button