Հիշողության խանգարում, շփոթվածություն, տարածքում կողմնորոշվելու անկարողություն, կասկածամտություն, առօրեան կազմակերպելու և մտածողության հետ կապված դժվարություններ. Ալցհայմերի հիվանդության այս հիմնական ախտանշաններն են ակնհայտ լինում հիվանդի հարազատների համար: Խնամքի առաջատար մասնագետները խորհուրդ են տալիս հիվանդների հետ շփման ժամանակ ու խնամքը կազմակերպելիս լինել առանձնահատուկ հոգատար ու հանդուրժող, խոսել դանդաղ, պարզ բառերով:
«Բոլորս պետք է հասկանաք, որ Ալցհայմերի հիվանդությունը կապված է ուղեղի հետ, և դա մարդու ընտրությունը չէ: Երբեմն նրանց վարքագծի փոփոխությունները պայմանավորված են մեր վերաբերմունքով»,- ասում է խնամատար, բուժքույր Սիլվա Դավթյանը:
Նա ավելի քան 17 տարի զբաղվել է Ալցհայմերի հիվանդության տարբեր փուլերում գտնվող անձանց տնային խնամքով՝ նրանց տրամադրելով չորս ժամից սկսած մինչև շուրջօրյա խնամք: Տիկին Սիլվան պատմում է, որ Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձը կարող է տնից դուրս գալ և մոռանալ վերադարձի ճանապարհը, դրա համար անհրաժեշտ է նրա հագուստի գրպանում ունենալ գրություն, որի վրա անուն-ազգանունն է, հարազատի հեռախոսահամարն ու հասցեն:
Անվտանգության տեսակետից ցանկալի է, որ տան պատուհանները ճաղավանդակներ ունենան, քանի որ հաճախ հիվանդները շփոթում են դուռը և լուսամուտը, լոգարանում ներսից փականները հարկավոր է հանել, քանի որ նրանք կարող են փակել և մոռանալ բացելու ձևը: Հատակը և սենյակը պետք է առավելագույնս ապահով լինեն, փոքր գորգերը կարող են խոչընդոտել հիվանդի տեղաշարժին: Ինչ վերաբերում է սննդի կազմակերպմանը, ապա անհրաժեշտ է նրանց կերակրել հստակ գրաֆիկով, որ երբ հիվանդը մոռանա, որ քիչ առաջ կերել է, ժամացույցի օգնությամբ հնարավոր լինի ապացուցել, որ այդ ժամին նախատեսված կերակուրը նա ընդունել է:
Նույնը վերաբերում է նաև հանդերձանքին, հագուստը հերթականությամբ պետք է դասավորված լինի, որպեսզի նրանք կարողանան ինքուրույն ճիշտ ու սեզոնին համապատասխան հագնվել: Լողանալը, սափրվելը և մյուս աշխատանքները նույնպես պետք է կազմակերպվեն օրացույցի վրա նշումներ կատարելու միջոցով:
«Փոքր երեխաների պես նրանց հետ ամեն օր պետք է զբաղվես ու աշխատանք տանես, և արդյունքը չի ուշանա: Ուղղակի խնդիրն այն է, որ ընտանիքները հիմնականում ծանրաբեռնված են այլ հոգսերով, և հիվանդ, տարեց մարդու առօրյայով ամբողջությամբ ապրել չեն կարողանում»,- արձանագրում է բուժքույրը:
Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձի համար չափազանց կարևոր է նաև իր կարողությունների համապատասխան զբաղվածության ապահովումը: «Իմ բուժառուի հետ ես նկարչությամբ էի զբաղվում: Նրա համար գնել էի երեխաների համար նախատեսված «Ներկիր ինքդ» ալբոմներից, ինչին սկզբում նա դժկամորեն արձագանքեց, բայց հետո դա դարձավ սիրելի զբաղմունք և մենք ավելի բարդ տարբերակներ էինք ներկում՝ երբեմն օրական գունազարդելով 3 ալբոմ»,-իր հաջող փորձն է կիսում տիկին Սիլվան՝ ավելացնելով, որ սեղանի խաղերը, ձեռագործը, երաժշտությունը նույնպես կարող են հաճելի զբաղմունք լինել հիվանդի համար:
Զրուցակցիս խոսքերով, չափազանց կարևոր է, որ ընտանիքի անդամներն ու հարազատներն այս հիվանդության առանձնահատկությունների մասին բավարար չափով իրազեկված լինեն, ինչը հեշտացնում է խնամքի ապահովումն ու բարելավում է հիվանդի կյանքի որակը: Տիկին Սիլվան տեղեկացնում է, որ Ալցհայմերի խնամք Հայաստանն աշխատանք է տանում նաև հիվանդների հարազատների հետ և ցանկացած մարդ կարող է կապել և անվճար ստանալ խնամքի հետ կապված համապատասխան խորհրդատվություն և աջակցություն: