Վերնատուն

«Սեր հայրենակցի հանդեպ»․ հեղինակային երգի մերօրյա ուղերձը․ «Վերնատուն»

Երգահան, կատարող Արեգ Նազարյանը խոսում է հեղինակային երգի մշակույթի, հայ հեղինակային երգի մերօրյա դերի ու նշանակության մասին։ Երգահան, կատարող Արեգ Նազարյանը երկու տասնամյակից ավելի բնակվում է Բելգիայում, սակայն, ինչպես ինքն է ասում, բնակվելով Բելգիայում՝ ապրում է Հայաստանում։

Նրա կարճատև հայաստանյան այցը այս անգամ նշանավորվեց «Բարդ ակումբի» իր 30 տարվա ընկերների հետ բարեգործական համերգով։ «Բարև, հին ընկեր…» խորագրով համերգը նվիրված էր « Զարկ» ռազմա– մարզական կազմակերպությանը։

Արեգ Նազարյանն իր երգերով մշտապես արձագանքում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Ասում է՝ հույս ունի, որ այդ երգերից շատերը ժամանակավրեպ կդառնան։

Հեղինակային երգը պատմություն, քաղաքակրթություն և մշակույթ է փոխանցում, ըստ նրա՝ դա է նրա դերը։ Արեգ Նազարյանն ասում է ՝ այսօր մեր ժողովուրդը ավելի շատ կարիք ունի աշխատանքի և պայքարի երգերի։

«Տխուր երգի հակառակը ուրախ երգը չէ։ Տխրությունը պետք է զգալ, գիտակցել, վերապրել և հաղթահարել, եթե այդ փուլերը չանցնես, այդ տխրությունը կդառնա հիվանդություն։ Հեղինակային երգի ջատագովները փոխանցում են սերը հայրենակցիդ նկատմամբ։ Չես կարող լինել հայրենասեր, եթե չես սիրում քո հայրենակցին։ Դա ամենակարևորն է, որը փոխանցվում է հայ հեղինակային երգի միջոցով։ Դա է հեղինակային երգի դերը հասարակության ու երկրի հետագա ճակատագրի կառուցման մեջ», – ասում է Արեգ Նազարյանը։

Խոսելով հեղինակային երգի մերօրյա փոխակերպումների մասին՝ նշում է, որ հեղինակային երգը անցել է մի շարք տոտալիտար, ավտորիտար ռեժիմների միջով և դրա կարևոր առաքելություններից մեկը «այլ կարծիք» հայտնելն է։

Արեգ Նազարյանն անդրադառնում է նաև «ձախ» և «աջ» մտածողությամբ երգիչներին, խորհրդային ցենզուրային և «զգույշ խոսելու» ավանդույթին, հայ հեղինակային երգի ռուսական ազդեցություններին, հայկական հեղինակային երգի մինչխորհրդային ավանդույթներին, նաև՝ առաջիկա ծրագրերին։

Back to top button