Մտքի ուժը

Չկա սթրես, չկա շաքարային դիաբետ. «Մտքի ուժը»

Հնարավորինս հեռու մնալ սթրեսներից, առողջ սնվել, հաճախակի քայլել. Շաքարային դիաբետից խուսափելու ամենապարզ ու տարրական կանոններն է փոխանցում Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի ադենիլային միացությունների նյութափոխանակության լաբորատորիայի ավագ լաբորանտ Ինեսա Գիշյանը, նրան լրացնում է Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի ախտաբանական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Մարգարիտա Հովհաննիսյանը․

«Շատ կարևոր է քնի ռեժիմի պահպանումը։ Խուսափելու համար շաքարային երկրորդ տիպի դիաբետից, պետք է ակտիվ լինել, ունենալ քնի ճիշտ ռեժիմ»։

Բայց հատկապես վերջին շրջանում միշտ չէ, որ հնարավոր է լինում խուսափել սթրեսից կամ հաջողվում է կարգավորել քնի ռեժիմը։ Արդյունքում մեծանում է շաքարային դիաբետով հիվանդանալու ռիսկը։ Այստեղ, իհարկե, կարևոր նշանակություն ունի ժառանգական հակվածությունը, որը հնարավոր է վերահսկել։ Գիտնական Մարգարիտա Հովհաննիսյանն անկեղծանում է, նշում, որ գիտնականն ամեն դեպքում անելիք կունենա, քանի որ առկա են բազմաթիվ հետաքրքիր, չբացահայտված պրոցեսներ․

«Ես միշտ ասում եմ՝ պետք է առողջ լինեն մարդիկ, որ բժիշկներն անգործ մնան։ Թող բոլորը առողջ լինեն ու մենք գործ չունենանք»։

Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի երիտասարդ գիտնականների միավորման նախագահն ինքն էլ գիտի՝ այնքան էլ հեշտ չէ թե’ իրենց, թե’ բժիշկներին անգործ թողնել։ Այժմ էլ ինստիտուտի ախտաբանական լաբորատորիայում երիտասադների խումբը գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհի միջոցներով սկսել է հետազոտել գլյուկոզի մակարդակի և որոշ ֆերմենտների ակտիվությունների սեռային ու տարիքային տարբերություններն առաջին տիպի շաքարային դիաբետով հիվանդների արյան իմունային բջիջներում՝ լեյկոցիտներում և պլազմայում։

Հետազոտությունն իրականացնելու համար համագործակցում են Մուրացանի անվան հիվանդանոցի հետ։ Հետազոտում են տարբեր սեռի ու տարիքի 12-25 տարեկան երիտասարդների աուտոիմուն բնույթի հիվանդությունների ախտաբանությունը։ Մինչ այդ՝ հետազոտել են գլխուղեղի երկբևեռ խանգարումը։ Այս պահին զբաղվում են առաջին ու երկրորդ տիպի շաքարային դիաբետի ախտաբանության մեջ ներգրավված տարբեր ֆերմենտների կենսաքիմիական մեխանզիմների ուսումնասիրություններով։

Քանի որ իմունային բջիջները սկսում են իրար վնասել, առաջին տիպի շաքարային դիաբետը կոչվում է նաև աուտոիմուն հիվանդություն։ Շաքարային դիաբետը հանգեցնում է նաև սրտանոթային հիվանդությունների։ Օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված է ու պատահական չէ, որ հիվանդություններից մեկը կարող է առաջացնել բազմաթիվ հետևանքներ։

Հետազոտության համար անհրաժեշտ արյան նմուշները տրամադրում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը։ Ներգրավված են նաև էնդոկրինոլոգները։ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի ադենիլային միացությունների նյութափոխանակության լաբորատորիայի ավագ լաբորանտ Ինեսա Գիշյան։

«Վերցնում ենք արյան նմուշները, որոնք համապաատսխան պայմաններում ենք պահում։ Արյան նմուշները տանում ենք ինստիտուտ, որտեղ կատարում ենք մնացած փուլերը»։

Երկամյա ծրագրի արդյունքները նաև միջազգային հարթակ դուրս գալու հնարավորություն կտան։ Այժմ հայաստանյան պոպուլյացիան են հետազոտում: Դիաբետի վերաբերյալ Իրկուտսկում հետազոտություններ կատարելու առաջարկ են ստացել։ Կենսաքիմիայի ինստիտուտի հետ համագործակցության փաստաթուղթն արդեն ստորագրված է։ Ոչ թե համագործակցությունը, այլ կոմիտեի տրված դրամաշնորհը սկսվել է այս տարվա հոկտեմբեր ամսից ու կազմում է 17.4 մլն, որից 3 մլն-ը կծախսեն՝ նոր սարք-սարքավորումներ ձեռք բերելու համար։ Ունեն, բայց՝ կթարմացնեն։

Back to top button