Մոռացված ֆիլմերի ստվերները

Գենադի Մելքոնյանի ֆիլմերը, որոնք մնացին արխիվային դարակներում. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Անցյալ դարի 80-ականների երկրորդ կեսին, երբ Խորհրդային Հայաստանում շրջում էր «պերեստրոյկայի» ուրվականը, կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանը նկարահանեց  «Վերջին կիրակին» և «Օդապարուկի օրը» ֆիլմերը։ Այս երկու ֆիլմերում էլ փայլուն կերպով բնորոշվում էին «պերեստրոյկայի» անվան տակ դեպի փլուզումը գնացող Խորհրդային Միության տվյալ ժամանակահատվածը։

Կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր Գենադի Մելքոնյանն իր կինոուղին «Հայֆիլմում» սկսեց «Թթենի» կարճամետրաժ ֆիլմով։ Համաժողովրդական ֆիլմ. այսպես կարելի է այսօր կոչել 19 րոպե տևողությամբ «Թթենին», ֆիլմ, որը, ինչպես նշում է կինոգետ Սիրանույշ Գալստյանը  այսօր էլ մեր էկրաններին է, և շարունակում է մնալ շատերի սիրելի ֆիլմը, սակայն Գենադի Մելքոնյանի նկարահանած հաջորդ՝ «Վերջին կիրակին» ու դրան նախորդած ֆիլմերը, ցավոք, այդ ճակատագրին չարժանացան։ 

Սիրանույշ Գալստյան

«Այդ ֆիլմերը կարծես մնացել են արխիվային դարակներում, բայց ես կարծում եմ , որ դրանք հիանալի ֆիլմեր են: Չի կարելի ասել, որ գլուխգործոցներ են, բայց և այնպես արժանի են ցուցադրման»,-ասում է Սիրանույշ Գալստյանը:

Տրագիկոմեդիայի ոճում նկարահանված «Վերջին կիրակին» ֆիլմը 70-ականների լճացման տարիներին հաջորդած, այսպես ասած, «պերեստրոյկայի» ժամանակահատվածում տիպական կինոկերպարների միջոցով Խորհրդային Հայաստանում տիրող արատավոր բարքերն ու մարդկային սխալ փոխհարաբերությունները ճշգրտորեն ներկայացնող լուրջ կինոհետազոտություն է։

«Ֆիլմը առանձնանում է կերպարների առատությամբ: Մարդկային յուրաքանչյուր խառնվածք վարպետորեն մարմնավորում են այն ժամանակվա թատրոնի և կինոյի առաջատար դերասանները՝ Արմեն Խոստիկյան, Կարինե Ջանջուղազյան, Միքայել Պողոսյան, Վիգեն Ստեփանյան և այլն: Արդյունքում կյանքի լայն ընդգրկում կա ֆիլմում»,-նշում է Սիրանույշ Գալստյանը:

Մելոդրամայի ժանրում նկարահանած իր հաջորդ «Օդապարուկի օրը» ֆիլմը Գենադի Մելքոնյանը նկարահանեց «Վերջին կիրակին» կինոնկարի էկրան բարձրանալուց մեկ տարի անց՝ 1986-ին ։

Հոգեբան, արձակագիր Էլդա Գրինի հոգեբանական դրամատուրգիան հետաքրքրեց սկսնակ սցենարիստ Կարինե Վերդյանին։ Նա Էլդա Գրինի մի քանի պատմվածքների հիման վրա գրեց սցենար՝ «Օդապարուկի օրը» և ներկայացրեց «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագրական կոլեգիային։ Կինոնկարը նկարահանվեց Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության պատվերով։

Ի սկզբանե գլխավոր հերոսուհու՝ Անիի դերակատարման համար ընտրվել էր մեկ այլ աղջիկ՝ այսօր մեր երգարվեստում գեղեցիկ կատարումներով հայտնի երգչուհի Մայա Մարգարյանը։ Ֆիլմի նկարահանումներին զուգահեռ՝ ընդունված կարգի համաձայն, դեռևս չմշակված, ինչպես ասում են, դեռևս հում դրվագները պարբերաբար ուղարկվում էին Մոսկվա՝ միջանկյալ հաստատաման։ Մայա Մարգարյանը պատմում է, որ Մոսկվան կարծես չէր առարկում։ Բայց, երբ արդեն նկարահանված էր ֆիլմի գրեթե կեսը, կենտրոնական հեռուստատեսությունը պահանջեց փոխել գլխավոր դերակատարուհուն։  

«Երբ ինձ այդ դերում հաստատեցին, ուրախությանս չափ չկար: Բայց մոսկովյան պետկինոյի պատասխանատուները փոխեցին իրենց որոշումը՝ պատճառաբանելով, թե իմ արտաքինն ավելի շատ ռուսական է, քան` հայկական»,-ասում է Մայա Մարգարյանը։

Հեռուստատեսային աշխարհում իր հետաքրքիր ու բովանդակալից հաղորդումներով այսօր արդեն հայտնի Թագուհի Վարդանյանը Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի աշակերտուհի էր, երբ այդ դպրոց այցելեցին «Օդապարուկի օրը» ֆիլմի նկարահանող խմբի անդամները։ Այդ ժամանակ Թագուհու մտքով չէր էլ անցնում, որ նա լիամետրաժ գեղարվեստական ֆիլմում պիտի հանդես գա գլխավոր հերոսուհու դերում։

Թագուհի Վարդանյան

«Դպրոցում դասի ժամանակ նստած էինք, երբ ներս մտան նկարահանման խմբի անդամներն ու ասացին, որ ֆիլմի նկարահանման համար պատանիներ են պետք։ Ես էլ բավականին ակտիվ աղջնակ էի, սիրում էի երգել, պարել, ասմունքել և երևի դա էլ նպաստեց, որ հետագայում ինձ հաստատեցին գլխավոր հերոսուհու դերում»,- վերհիշելով տարիներ առաջ տեղի ունեցածը` պատմում է Թագուհի Վարդանյանը։

Համարձակ ձեռագրով նկարահանված, մեկ շնչով դիտվող «Վերջին կիրակին» և «Օդապարուկի օրը» ֆիլմերը հեռուստատեսությամբ հազվադեպ ցուցադրվող ֆիլմերի ցանկին են պատկանում։ Մինչդեռ հաճախակի ցուցադրվելու պարագայում  վստահորեն կարող են դառնալ հայ հանդիսատեսի սիրելի ֆիլմերից։ Ավաղ այդ բացը այդպես էլ չի շտկվում։

Back to top button