Վերնատուն

Հարմարավե՞տ, թրենդայի՞ն, թե՞ «կյանքը բարդացնող» գրականություն․ «Վերնատուն»

Եթե փորձառու ընթերցող ես, հաստատ կկարողանաս տարանջատել գրականության «մեյնսթիմը», կոմֆորմիստական կամ «հարմարավետ» գրականությունը անհանդուրժող կամ «անհարմարություն» պատճառող գրականությունից։

Արձակագիր Արամ Ավետիսը խոսում է կոմֆորմիստական գրքերի, թրենդային գրականության, մրցանակակիր գրողների, ժամանակակից գրականության տենդենցների մասին։ Արամ Ավետիսը 3 գրքի հեղինակ է։

Ասում է՝ որպես գրող ձևավորվել է «իր սիրած գրքերի արանքում»։ «Ինձ համար ամենավատ գրականությունը մոտիվացիոն գրականությունն է», –ասում է արձակագիրը։ «Ես չեմ հասկանում, թե ինչու են մարդկանց մոտիվացնում։ Մոտիվացնող գրականությունը նման է ճահճում արագ շարժվելուն։ Ինչքան շատ ես շարժվում ճահճում, այնքան արագ է այն քեզ կլանում դեպի ներս»։

Հիշում է իր սիրելի լեհ գրող Վիտոլդ Գոմբրովիչի խոսքերը, որտեղ հեղինակն ասում է․ «Լավ գրականությունը պետք է մարդու կյանքը բարդացնի, ոչ թե հեշտացնի»։ Արամ Ավետիսն ասում է, որ շատերը գիրք են կարդում ոչ թե նոր բան իմանալու համար, այլ որովհետև ուզում են այդ գիրքը կարդացած մասսայի մեջ մենակ չմնալ։

Խոսելով մրցանակակիր գրողների մասին՝ ասում է, որ Նոբելյան մրցանակակիր գրողների մեջ շատ քիչ են հանճարեղ գրողներ։ Ամենուր գովազդն է որոշում գրողի հայտնիությունը՝ ասում է արձակագիրը՝ նշելով որ «Նոբելյան մրցանակն էլ քաղաքական է»։

«Ովքե՞ր են լավ գրականություն ստեղծում։ Նրանք, ովքեր նման չեն ոչ մեկին։ Գրողը իհարկե պետք է ինչ-որ առումով մարգինալ լինի», – ասում է Արամ Ավետիսը։

Գրքերի հետ կապված ամենավատ արտահայտությունը, որից խորշում է Արամ Ավետիսը այն է, երբ գիրք ես խորհուրդ տալիս, պատասխանում են «մեր կյանքը արդեն բարդ է, մի բան էլ այսպիսի գրքերն են բարդացնում։ Դա գրականությանը մոտենալու ամենազզվելի ձևն է։ Կարծում է, որ «ամենալավ գրքերն այն գրքերն են, որոնցով մարդիկ չեն հետաքրքրվում»։

Back to top button