Ամենադժվար բարձունքներն ու վերելքները նրա համար միշտ եղել են հաղթահարելի՝ քանի դեռ իր ուղեկիցն են եղել արկածախնդիր ոգին, կամքի ուժը, կատարյալ ֆիզիկական, հոգեբանական պատրաստվածությունն ու լեռների նկատմամբ անսահման սերը:
Աղվան Չատինյան. հայ լեգենդար լեռնագնաց, ՀՀ Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար», Երևանի պատվավոր քաղաքացի, մարդ, որն իր կյանքը նվիրեց լեռներին, իսկ լեռներն իրեն` էքստրիմով լի հագեցած ու բովանդակալից կյանք։
Նրա մասին լեգենդներ են պտտվում. անթիվ վերելքներ և բարձունքներ, որոնք մինչ այդ քչերին է հաջողվել նվաճել: Լեգենդար լեռնագնացը հեղինակ է բազմաթիվ մասնագիտական, գիտամեթոդական, ուսումնական աշխատությունների, գրքերի, ինչպես նաև Հայաստանում ձմեռային բիաթլոնի, մականախաղի և փրկարարական գործի հիմնադիրն է:
Լեռներ նվաճելուց բացի, որպես կասկադյոր, մասնակցել է մի շարք գեղարվեստական ֆիլմերի նկարահանումներին՝ բարդ ժայռամագլցումների ժամանակ փոխարինելով հանրաճանաչ դերասաններին։
Փորձառու լեռնագնացը տարբեր աշխարհամասերում մասնակցել է բազմաթիվ փրկարարական աշխատանքների՝ հաճախ փրկելով ծանր, անելանելի կացության մեջ հայտնված մարդկանց:
Այսօր էլ, չնայած պատկառելի տարիքին, 96-ամյա վաստակաշատ լեռնագնաց-փրկարարը չի պատկերացնում իր կյանքն առանց լեռների, իհարկե, այժմ արդեն վառ հիշողությունների օգնությամբ:
Զրույց լեռնագնաց, ՀՀ Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար», Երևանի պատվավոր քաղաքացի Աղվան Չատինյանի հետ։