Ժամանակի վկան

Բարձրարժեք թարգմանության՝ փակ դռներ բացոլու ուժը․ Արմինե Թամրազյան-Դավոյան․ «Ժամանակի վկան»

Այսօր ձայնագրման տաղավարում հյուրընկալել եմ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի կնոջը՝ լեզվաբան, թարգմանչուհի Արմինե Թամրազյան-Դավոյանին: Հայագիտություն, գրականագիտություն, նորագույն լեզվաբանություն, հայ պոեզիա, Ռազմիկ Դավոյան, բարձրարժեք թարգմանական գրականություն, ընտանեկան արժեքներ, մեծ սեր ու ներդաշնակություն․ ահա այն թեմաները, որոնց շուրջ ծավալվել է մեր զրույցը, և որի հիման վրա ձևավորվել է այս հաղորդումը։

Թեհրանում է անցել Արմինեի մանկությունը, իրանահայ մտավորականներ՝ ճարտարագետ, գրականագետ՝ Հարփիկ, և Լոնդոնում կրթություն ստացած երաժիշտ՝ Այդա, Թամրազյանների ընտանիքում։ Արմինեի կյանքում որոշիչ է եղել հոր դերակատարությունը, նրանից է ժառանգել նաև մինչև վերջ նպատակադրված գնալու կամքը։

Արմինե Թամրազյանը սովորել է Թեհրանի համալսարանի անգլերեն գրականության ֆակուլտետում, ապա մագիստրոսական և ասպիրանտական կրթությունը շարունակել է Լոնդոնի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետում, որտեղ ձեռք է բերել եզակի մասնագիտացում գեներատիվ լեզվաբանության ոլորտում։ 1994 թվականին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Հետազոտական աշխատանքներ է կատարել նաև Տորոնտոյի համալսարանում, տիրապետում է մի քանի լեզվի։

Ոչ միայն մասնագիտական ուղու, այլև կյանքի ընկերոջ ընտրության մեջ որոշիչ եղավ հոր՝ Հարփիկ Թամրազյանի ուղղորդումը, երբ մանկուց ծանոթացնում էր փոքրիկ աղջնակին Ռազմիկ Դավոյան բանաստեղծի ստեղծագործությունների հետ։

Սերը և դրանով արտահայտված հոգեկան ներդաշնակությունը Ռազմիկ Դավոյան մարդու հանդեպ, նրա բանաստեղծության խոր ընկալումն ի վերջո հաջողությամբ պսակեցին Արմինե Թամրազյան-Դավոյանի տարիների ջանքերը՝ հայերենից անգլերեն թարգմանելով բազմաթիվ ստեղծագործություններ՝ դրանք նախապատրաստելով միջազգային գրական ճանաչման հարթակ դուրս գալուն։ Հենց այդ ժամանակ էլ սկսվեց ամենաբարդ շրջանը համաշխարհային գրականություն մուտք գործել փորձող հայ թարգմանչուհու համար։

Ես վերջին ահավոր մի ճիգով,
Արմատս քաշելով իմ հողից,
եկել եմ հանդերի երգով,
հանդերի շշուկով ու հևքով՝
հորինված արևից ու ցողից։

Ռազմիկ Դավոյանի բանաստեղծության «հանդերի շշուկով ու հևքով» տողն ընտրվեց վերնագիր այն գրքի համար, որն իր ետևից բացեց բրիտանական գրականության քմահաճ գիտակների դռները Ռազմիկ Դավոյանի պոեզիայի թամրազյանական բարձրարժեք թարգմանական նմուշների համար։

Հանգամանքների բերումով թարգմանչուհին հոժարակամ ստանձնեց նաև գրական գործակալի գործառույթներ։

2013 թվականին արդեն «Դեպի Եվրոպա և անդին» մատենաշարով բրիտանական Arc Publications հրատարակչությունը հայերեն և անգլերեն հրատարակեց Արմինե Թամրազյան-Դավոյանի թարգմանությամբ ևս մեկ ժողովածու, որն ընդգրկում էր հայ վեց ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունները․ գրքի խմբագիրը և առաջաբանի հեղինակը բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն էր:

Տվե՛ք ինձ իմ սիրտը.-
Եվ ես կհավաքեմ ձեր վշտերը բոլոր,
Կքամեմ ձեր թախիծը ձեր
աչքերի միջից
Եվ խնդության լույսեր
կցանեմ ձեր հոգում: (Ռազմիկ Դավոյան, հատված «Ռեքվիեմ»-ից)։

2019 թվականի ապրիլին Մատենադարանում կայացավ Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ»-ի անգլերեն թարգմանության շնորհանդեսը։

Այն հրատարակվել էր Միացյալ Թագավորությունում՝ կրկին Arc Publications հանրաճանաչ հրատարակչությունում։ Հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Լոնդոնից ժամանել էին նաև երկու հրատարակիչները՝ Թոնի Ուորդն ու Անջելա Ջերմենը, որոնք իրենց դրվատանքի ելույթներով շատ բարձր գնահատեցին Արմինե Թամրազյան-Դավոյանի թարգմանությունը:

Ավարտեցինք մեր զրույցը՝ քննարկելով, թե ի՞նչ կարևոր նախապայմաններ են անհրաժեշտ համաշխարհային գրական միջավայր մտնելու և տեղային մակարդակից միջազգային հանրահռչակման հասնելու համար։

Back to top button