ԿարևորՀասարակություն

Ոռոգման նոր համակարգեր եւ ուսումնական բազաներ․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Սյունիքում ընդլայնվում է

Կապանում բացվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակը։ Այս նպատակով էկոնոմիկայի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ու Սյունիքի մարզպետարանի միջև ստորագրվել է հուշագիր՝ կարևորելով  գյուղատնտեսության ինտենսիվացումը և ներդրումներն՝ առկա հողային ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու և բնակչության կյանքի որակը բարելավելու համար։ Ծրագրին մեկնարկ տալու նպատակով Սյունիքում էին էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Սյունիքում ընդլայնվում է՝ նպաստելու գյուղատնտեսության զարգացմանը։ Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Սյունիքի  մի քանի սահմանային բնակավայրերում նոր իրավիճակում գյուղատնտնտեսությամբ զբաղվելու նոր խնդիրները, արոտավայրերի ու հողատարածքների մի մասը ադրբեջանական հսկողության տակ անցնելը։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաու․

«Վերջին երկու տարում մենք ընդլայնել ենք մեր ներդրումները Սյունիքի մարզում։ Այստեղ շատ մեծ ներուժ կա, մենք ուզում ենք նպաստել հատկապես սահմանամերձ գյուղերում մարդկանց համար հավելյալ հնարավրություններ ստեղծելուն։ Բնականաբար, ծրագրի համար շատ կարևոր է էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանի հետ համագործակցությունը։ Բայց հարկավոր է նաև համայնքների բնակիչների ներգրավվածությունը։ Նրանց հետ մենք հանդիպել ենք և տեսել ոգևորություն մեր ծրագրի հանդեպ»։

Ներկայում Սյունիքի 4 համայնքների 11 բնակավայրերում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսավորմամբ կառուցվում են ոռոգման համակարգեր, որոնք ոռոգելի կդարձնեն շուրջ 1300 հեկտար հողատարածք։ Ոռոգման համակարգերի ընդհանուր երկարությունը  մոտ 40 կմ է։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն ծանոթացել են Տեղ և Գորիս համայնքներում ոռոգման  համակարգերի  կառուցման ընթացքին․ ջրագծի կառուցումից հետո ոռոգելի կդառնա մոտ 450 հեկտար տարածք:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում օրեր առաջ  սկսել է  աշխատել Որոտանի հացաթխման արտադրամասը, որը հաց է մատակարարում ինչպես Որոտանի, այնպես էլ Շուռնուխ ու Բարձրավան գյուղերի բնակիչներին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան․

«Պարենի համաշխարհային ծրագրի հետ գործակցությունը սկսել ենք անցած տարի, և վստահ եմ, որ մենք գյուղատնտեսության ոլորտում կարձանագրենք աճ, որը հիմնված կլինի գյուղոլորտի զարգացման մեջ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման վրա»։

Կապանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, էկոնոմիկայի նախարարության  և Սյունիքի մարզպետարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը համոզված է՝  դա կարող է բարձրացնել փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների արտադրողականությունը, բարելավել գյուղատնտեսական ենթակառուցվածքները, խոցելի բնակչության պարենային ապահովությունը, խթանել «կանաչ» տնտեսական աճը։ Փոխնախարարի խոսքով՝ նաեւ կստեղծի հարթակ, որտեղ սյունեցի ֆերմերները կկիսվեն նաև իրենց խնդիրներով։ Արման Խոջոյան․

«Շատ հաճախ ֆերմերները չեն կարողանում պատկերացնել, որ  այդքան էլ հեռու չեն այն լուծումները, որոնք իրենց առօրյա աշխատանքում կբերեն արդյունավետություն։ Պատկերացումներն արդյունավետ ու կայուն գյուղատնտեսության վերաբերյալ  շատ ավելի մեծ են, ներդրումների ծավալները մեծ են։ Այսօր կան լուծումներ, որոնք տարբեր ծավալի արտադրություն կազմակերպող ֆերմերների համար հասանելի են»։

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև: Համալսարանի Սիսիանի մասնաճյուղում ֆերմերների և ուսանողների համար կհիմնվեն ուսումնական բազաներ մոդուլային ջերմատան և ինտենսիվ այգու տեսքով։ Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն ասում է՝ սա գործնական հմտությունները զարգացնելու շատ լավ միջավայր է․

«Այս ամենը թե՛ մեր ուսանողները, թե ֆերմերները կտեսնեն ու կհասկանան, որ նորարարական տեխնոլոգիաներն արդեն կիրառվում են գյուղատնտեսության մեջ, ու որ տվյալահեն գյուղատնտեսությամբ կարելի է բարձր արդյունքներ արձանագրել»։

Այսուհետ Կապանում գործելու է  նաև ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակը։ Ծրագիրն, ընդհանուր առմամբ, նախատեսում է 3.8 մլն դոլարի զարգացման ծրագրեր իրականացնել Սյունիքում: Մինչ այժմ կազմակերպության կողմից մարզում իրականացվել է 18 ծրագիր, 28-ն ընթացքի մեջ է: 

Back to top button