ԿարևորՔաղաքական

Կառավարման ո՞ր համակարգն է կենսունակ Հայաստանի համար․ Սահմանադրությունը փոփոխելու հարցը՝ դարձյալ օրակարգում

Նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո օրակարգում դարձյալ սահմանադրական փոփոխությունների հարցն է։ Նախորդ տարեվերջին  վարչապետի որոշմամբ  կասեցվեց այդ խնդրով զբաղվող հանձնաժողովի  գործունեությունը և սկսվեց  սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը։ Այս կառույցը պետք է որոշի, թե ինչ ծավալի փոփոխությունների կարիք ունի Մայր օրենքը և ամենակարևորը՝  կա արդյո՞ք կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն, թե՞ ոչ։  Ըստ էության,  Հայաստանում  փորձարկվել են  կառավարման բոլոր համակարգերը։ Խնդիրն արդեն հասկանալն է, թե որն է դրանցից ամենաարդյունավետը։

Ժամանակին,  երբ անցում էր կատարվում  կառավարման խորհրդարանական համակարգին, դրա արդյունավետությունը հիմնավորվում էր կիսանախագահական ու նախագահական համակարգերի թերություններով։ Գործարկման արդյունքում պարզվեց, որ կառավարման խորհրդարանական համակարգը եւս լուրջ բացթողումներ ունի։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախագահ Դանիել Իոաննիսյանը, որն ընդգրկված է սահմանադրական բարեփոխումների խորհրդում, նաև նախորդ հանձնաժողովի անդամ էր, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է․

«Ամենակայուն կառավարման մոդելը խորհրդարանական կառավարման մոդելն է, բայց պետք է հաշվի առնել, որ դրա սահմանադրական կարգավորումները շատ վատն են։ Բազմաթիվ թերություններ կան եւ այն սկզբունքը, որ գործադիր իշխանության ղեկավարը մեկ հոգի է, խախտված է»։

Բացթողումներն, ըստ Իոննիսյանի,  ի հայտ եկան տարբեր իրավիճակներում․

«Երկրի պաշտպանությունը, արտաքին քաղաքականությունը գործադիր իշխանության անբաժանելի կոմպոնենտներն են, եւ գործադիր իշխանության ղեկավարը երկրում վարչապետն է, հետեւապես՝ վարչապետը պետք է կարողանա պաշտպանության, արտաքին քաղաքականության ոլորտում որոշումներ կայացնել՝ առանց խոչընդոտների։ Այնինչ վերջին մեկ տարում մենք տեսել ենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը խոչընդոտում էր պաշտպանության ոլորտում վարչապետի գործողություններին, մասնավորապես Գլխավոր շտաբի պետ նշանակելու կամ  հանելու հարցում։ Արմեն Սարգսյանը արտաքին քաղաքականության հետ կապված որոշակի բողոքներ ունի, որ լիազորությունները քիչ են»։ 

Հրաժարականի տեքստում այդ իրավիճակը Արմեն Սարգսյանը պարադոքսալ էր որակել և բացատրել, թե ինչու նախագահը  չի կարողանում  ազդել քաղաքական զարգացումների վրա ։

«Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որեւէ իրական գործիք: Սահմանադրությունը նաեւ ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ», – նշել  է Արմեն Սարգսյանը և  հավելել, որ  ունենք խորհրդարանական հանրապետություն ձևով, բայց ոչ բովանդակությամբ:

Արմեն Սարգսյանը հույս ունի, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, եւ հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված եւ համակարգված միջավայրում:

Ավելի վաղ ՝դեռ նախորդ տարեսկզբին,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել կիսանախագահական համակարգի անցնելու հնարավորությունը, ավելի ուշ՝ օգոստոսին,  նշել էր, որ կառավարման համակարգի փոփոխության հարցում  պետք է «7 անգամ չափենք, մեկ անգամ կտրենք»․

«Ամենեւին փաստ չէ, որ  2020-ին առաջացած ճգնաժամի ժամանակ  կառավարման խորհրդարանական համակարգը ի ցույց է դրել իր ոչ կենսունակությունը։ 7 անգամ պիտի չափենք ու մեկ անգամ կտրենք՝ կառավարման համակարգը փոխելու որոշում կայացնելուց առաջ, որովհետեւ կարող է պարզվել, որ կառավարական կիսանախագահական համակարգի առանձնահատկություններն են գործարկել այն թափանիվը, որը հանգեցրել է փակուղու»։

Ավելի ուշ՝ դեկտեմբերի 24–ին, Հանրային ռադիոյի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հստակեցրել էր՝ մնում է այն կարծիքին, որ կառավարման  խորհրդարանական  համակարգը չպետք է փոխվի․

«Նոյեմբերյան վիճակից հետո մնում եմ այն տեսակետին, որ չպետք է փոխվի, բայց ես չեմ ուզում,  որ իմ ասածով լինի»։

Կա՞ կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն , թե՞ ոչ․ հարցին կպատասխանի սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, որը ձևավորման փուլում է ։ Այն փոխարինելու է  նախորդ տարի ստեղծված հանձնաժողովին։ Խորհուրդը կղեկավարի արդարադատության նախարարը, դրա կազմում կլինեն  ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը,  օմբուդսմենը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, խորհրդարանական խմբակցություններից մեկական անդամ, ներկայացուցիչ ԲԴԽ–ից։  Արտախորհրդարանական ուժերից խորհրդի կազմում  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից  Էդմոն Մարուքյանն է, «Հանրապետություն» կուսակցությունից ՝ Մասիս Մելքոնյանը։

Քաղհասարակությունից խորհրդում ընդգրկված կլինեն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի  ղեկավար  Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ–ից  Տիգրան Եգորյանը եւ «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախագահ Դանիել Իոաննիսյանը։ Նրանք ընտրվել են մրցույթի արդյունքում։  Թեկնածուների ամբողջական ցանկը ներկայացվելու է վարչապետի աշխատակազմ և ենթակա է հաստատման։  Խորհուրդը ձևավորված կհամարվի վարչապետի հրամանից հետո։ Խորհուրդը  կունենա նաև մասնագիտական հանձնաժողով, որը  սահմանադրական փոփոխությունների ծավալի ու բովանդակության  մասին հարցերին կտա մասնագիտական պարզաբանումներ։

Back to top button