Դասական երաժշտությունը և մենք

Ալեքսանդր Սպենդիարյան՝ ազգային սիմվոլիզմի հիմնադիրը․ «Դասական երաժշտությունը և մենք»

Ով լավ գիտեր Ալեքսանդր Սպենդիարյանին, չի կարող նրան հիշելիս չհրճվել։ Նա մի արտակարգ անձնավորություն էր` միշտ տարված իր ստեղծագործական մտքերով։ Նույնիսկ ամենածանր կենսապայմաններում չէր դավաճանում երաժշտությանն ու մնում էր մեծ արվեստագետ։

Շատ սերտ էին նրա կապերը XX դարի առաջին քառորդի առաջավոր արվեստի հետ։ Ռուսաստանում լիներ, Ղրիմում, թե Հայաստանում նա մեղվի նման ժողովրդական արվեստի ծաղիկներից հավաքում էր այն փոշին, որը բեղմնավորում էր նրա արվեստը։

Սպենդիարյանը չափազանց ինքնատիպ ստեղծագործող էր։ Ինչին էլ ձեռքը կպչեր, կթվար, թե ինքն է հորինել։ Բավական է հիշել «Ալմաստ» օպերայում օգտագործված ժողովրդական մեղեդիները, սքանչելի «Ղրիմի էսքիզներ»-ը, «Երևանյան էտյուդներ»-ը, «Ղայթարմա»-ն և ուրիշներ։

Դժվար է գերագնահատել Ալեքսանդր Սպենդիարյանի դերը իբրև պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից մեկի։ Ես հավատում եմ, որ հայ ժողովրդի արվեստի պատմության մեջ վառ աստղի նման միշտ կշողշողա իմ սիրելի ընկերոջ, անզուգական մարդու, մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի անունը․ Մարտիրոս Սարյան։

Նա ավարտեց Մոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն այդպես էլ երբեք չզբաղվեց իրավագիտությամբ, նա ծնվել էր որպեսզի արարեր երաժշտությամբ:

Սպենդիարյանը պատմության մեջ մտավ որպես հայ երաժշտության դասական, ազգային սիմֆոնիզմի հիմնադիր, հայկական լավագույն օպերաներից մեկի ստեղծող: Մեծ էր նրա դերը նաև հայ կոմպոզիտորական դպրոցի կայացման գործում։

«Դժբախտաբար, ես ուշ ծանոթացա Կոմիտասի երգերին: Եթե ես ավելի շուտ իմանայի, ապա կգնայի այլ ճանապարհով։ Ոչինչ, փոխարենը՝ ես հիմա եմ նրանից սովորում»,- Ալեքսանդր Սպենդիարյան։

Back to top button