Խորհրդահայ ֆիլմարտադրության մեջ երաժշտության մասին ֆիլմերը շատ չեն։ «Քառյակ» կինոնկարը հայկական այն եզակի ֆիլմն է, որը ոչ միայն նվիրված է երաժշտությանը, այլեւ վերլուծում է երաժիշտների հոգեբանական խնդիրներն ու ապրումները բեմում ու կուլիսներում։ Կինոռեժիսոր, սցենարիստ Մարտիրոս Ֆանոսյանի ֆիլմը նկարահանվեց անցյալ դարի 80-ականների երկրորդ կեսին, հասցրեց մի քանի անգամ ցուցադրվել հեռուստատեսությամբ ու անտեսվեց: Այս ֆիլմի անտեսմամբ` մեր կինոարվեստում անտեսվեց նաև կինոտեժիսոր Մարտիրոս Ֆանոսյանի անունը։
1970-ականների Սովետական Հայաստանում հայտնի թատերական ռեժիսոր Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցում երեք տարի ուսանելուց հետո կինոռեժիսոր, սցենարիստ Մարտիրոս Ֆանոսյանը որոշեց, որ ուսումը պիտի շարունակի Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի՝ ՎԳԻԿ-ի Ալեքսեյ Ստոլպերի արվեստանոցում։ Նրա դիպլոմային աշխատանքը` «Նվագախումբն անցավ մեր փողոցով» կարճամետրաժ ֆիլմը, աննախադեպ հաջողություն ունեցավ։
ՎԳԻԿ-ում մի ավանդույթ կա. ուսումնական տարվա լավագույն դիպլոմային աշխատանքը հաջորդ ուսումնական տարվա սկզբին պարտադիր ցուցադրվում է առաջին կուրսեցիների համար։ Մարտիրոս Ֆանոսյանի ֆիլմը խախտեց այդ ավանդույթը և տասը տարի անընդմեջ ուսումնական տարվա սկզբին ցուցադրվեց առաջին կուրսեցիներին։
«Նվագախումբն անցավ մեր փողոցով» տասը րոպեանոց կարճամետրաժ ֆիլմի համամիութենական էկրան բարձրանալուց մի քանի տարի անց, կինոռեժիսորը նկարահանեց «Ծովափնյա արձակուրդ» լիամետրաժ ֆիլմը, որին էլ հաջորդեց «Քառյակ» գեղարվեստական կինոնկարը։ Վերջինս, սակայն, ի տարբերություն Ֆանոսյանի նախորդ ֆիլմերի, ուշադրության չարժանացավ։ Պատճառները մինչև այսօր էլ ավելի քան քսան գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի հեղինակին հայտնի չեն։
«Ֆիլմի նկարահանումից անմիջապես հետո «Մոսֆիլմ»-ում աշխատելու հրավեր ստացա Սերգեյ Բոնդարչուկից: Ընդունեցի այն և մեկնեցի Հայաստանից: Երևի իմ հեռանալը «Հայֆիլմ»-ում համարվեց դավաճանություն և դա էլ նպաստեց կինոնկարի անտեսմանը»,-կարծում է Մարտիրոս Ֆանոսյանը։
«Քառյակ» ֆիլմի նկարահանումը նպաստեց երիտասարդ և տաղանդավոր կինոգործիչների ի հայտ գալուն։ Նրանցից մեկը երաժիշտ Էդուարդ Բեյլերյանն էր, որը ոչ միայն ֆիլմում հնչող երաժշտության հեղինակն էր, այլ նաև կինոռեժիսորի խորհրդատուն։ Մյուսը՝ ֆիլմի բեմադրիչ օպերատոր, ՎԳՒԿ-ի օպերատորական բաժինն ավարտած Հայկ Կիրակոսյանն էր։ Երիտասարդ և դեռևս լիամետրաժ ֆիլմ նկարահանելու փորձ չունեցող օպերատորի մուտքը «Հայֆիլմ» բացասական ընկալվեց։
«Հայֆիլմ»-ի փորձառու կինոօպերատորներն առանց իմ իմացության կինոստուդիայի ղեկավարության հետ պայմանավորվել էին, որ իրենք պիտի նկարահանեն ֆիլմը: Բայց քանի որ ես Հայկին շատ լավ էի ճանաչում, պնդեցի, որ միայն նրա հետ եմ նկարահանելու ֆիլմը»,-պատմում է կինոռեժիսորը:
Այս ֆիլմի նկարահանումների աշխարհագրությունը տարածվում էր Խորհրդային Միության մի շարք քաղաքներում. Երևան, Թբիլիսի, Ռիգա, Տալլին… Հայկ Կիրակոսյանը լավ է հիշում աշխատանքային խմբի կարճ ու երկար երթուղիները։ Ամեն մի կադր համապատասխան տեղանք էր պահանջում, և ըստ այդմ էլ ընտրվում էր նկարահանման վայրը:
«Հիմա նման մասշտաբի նկարահանում անելը համարյա անհնար է: Մեծ բյուջեով ֆիլմ չէր «Քառյակը», բայց հնարավոր դարձավ Խորհրդային Միության չորս քաղաքներում նկարահանել այն: Իմ կարծիքով, ֆիլմը հաջող ստացվեց, որովհետև Մարտիրոսը վստահում էր ինձ ու դա շատ կարևոր էր ինձ համար, ես կարողացա իմ զգացումներն ու պատկերացումները հարյուր տոկոսով իրականություն դարձնել»,-ասում է Հայկ Կիրակոսյանը:
Հայկական կինոյի անհայտ և գեղեցիկ ֆիլմերից մեկը գուցեև չստեղծվեր, եթե գրող, լրագրող, ռեժիսոր Գրիգոր Բաբայանը անցյալ դարի 80-ականների երկրորդ կեսին չորոշեր երաժշտական քառյակի անդամների կյանքի և ստեղծագործական գործունեության մասին պատմող մի սցենար գրել։
Ֆիլմի հիմքում լարային քառյակի երաժիշտներն են` իրենց մտորումներով, ստեղծագործական, անձնական խնդիրներով, միմյանց հետ հակասական ու բարդ հարաբերություններով։ Չնայած հաջողությունն ուղեկցում էր քառյակի երաժիշտներին իրենց համերգային գործունեության ընթացքում, նրանցից յուրաքանչյուրը մտավախություն ուներ, որ կորցնում է անհատականությունը։ Խմբի միասնականությունը վտանգված էր։ Հոգեբանական այդպիսի լարվածության մեջ քառյակի երկրորդ ջութակահար Անդրեասի անսպասելի մահը ստիպում է նրանց շատ բաներ վերաիմաստավորել։
1988 թվականի փետրվարի 5-ին տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան։ Հայկ Կիրակոսյանը պատմում է, որ ցուցադրությունից առաջ խոսքով հանդես եկավ Սոս Սարգսյանը, որը նույնպես ֆիլմում նկարահանվել էր։ Պրեմիերայից հետո «Քառյակ» կինոնկարը մի քանի անգամ ցուցադրվեց հեռուստատեսությամբ և մոռացվեց։ Հայկ Կիրակոսյանը կարծում է, որ այն նման ճակատագրի արժանացավ, որովհետև Խորհուրդների երկրում ֆիլմը հանրահռչակող կառույցը հստակ չէր գործում։
«Ֆիլմը Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության պատվերով էր նկարահանել, ինչը նշանակում էր, որ այն էկրան պիտի բարձրանար որպես հեռուստատեսային ֆիլմ: Կինոթատրոններում ցուցադրվելու իրավունք չուներ: Դա խորհրդային երկրի իրողություններից էր: Բայց հիմա ոչ ոք չի խանգարում, որ ֆիլմը հաճախակի ցուցադրվի հեռուստատեսությամբ, կամ ինչու ոչ՝ նաև կինոթատրոններում»,- նշում է Հայկ Կիրակոսյանը:
Խորհրդային տարիներին ստեղծված հայկական կինոն կարծես վաղուց արդեն կազմված, էջադրված ու փակված մի հատոր է, որտեղ շրջանառվում են նույն մարդկանց անուններն ու որպես լավագույն ֆիլմեր համարվող կեսդարյա արտադրանքը։ Մինչդեռ այդ հատորից շատ դեպքերում անարդարացիորեն դուրս են մնացել հաջողված, բայց անհասկանալիորեն անտեսված ֆիլմեր, որոնք սպասում են իրենց բացահայտմանը։
«Քառյակ» դրաման դրանցից է։ Օպերատորական բացառիկ աշխատանքը, հնչյունային շերտը, պատմության հետաքրքիր կառույցը ֆիլմը մոտեցնում են եվրոպական լավագույն ֆիլմերի որակին։ Բայց արի ու տես, որ անտարբերությունը պարզապես ոչնչացրել է այն։