ԿարևորՄիջազգային

Շատ խոսք, քիչ գործ․ Վրաստանի նոր խորհրդարանը

Մի քանի օրից Վրաստանում պաշտոնապես կմեկնարկի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Կորոնավիրուսային այժմյան իրավիճակը երկրում, եթե պահպանվի, ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 31-ին։ ԿԸՀ-ն գրանցել է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 68 կուսակցությունից 57-ին։

Նորացված Սահմանադրությամբ անցկացվող այս ընտրությունները խիստ տարբերվելու են նախորդներից, իսկ կուսակցությունների բազմազանությամբ՝ նմանվելու նորանկախ Վրաստանի առաջին գումարման օրենսդիրին։

Երկարատև բանակցություններից հետո այս տարի Վրաստանի ընդդիմությունն ու իշխող ուժը փոխհամաձայնության եկան խորհրդարանական առաջիկա ընտրություններն անցկացնել ավելի շատ համամասնականին մոտ մոդելով։ Այսպիսով երկրի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից:

Խորհրդարանական Վրաստանում այս ընտրություններից հետո միանձնյա կառավարություն կարող է ձևավորել առնվազն 40 տոկոս քվե ստացած քաղաքական ուժը։ Իսկ խորհրդարան անցնելու հինգ տոկոսանոց շեմը փոխարինելով մեկ տոկոսով, երկրի օրենսդիրը փաստացիորեն դառնում է բազմակուսակցական։ Վրաստանում փորձագետները տարբեր կերպ են մեկնաբանում այս փաստը։

«Սա այնքնան էլ ճիշտ որոշում չէր, որովհետև խորհրդարանը նմանվելու է Վեչեի՝ ժողովրդական ժողովի՝ Զվիադ Գամսախուրդիայի և Էդուարդ Շեվարդնաձեի տարիների խորհրդարանին։ Այսինքն լինելու է բազմակուսակցական, որը նվազեցնելու է գործելու կարողունակությունը․ շատ խոսելու են, քիչ աշխատելու»,-ասում է քաղաքագետ Առնո Խիդիբեգիշվիլին։ 

Որոոշ փորձագետներ էլ կարծում են, որ բազմակուսակցական օրենսդիր մարմինը զարգացնելու է երկրի ժողովրդավարական ինստիտուտները։

Վրաստանի նախկին նախագահի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական, խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրթը ևս կարծում է, որ որ այս խորհրդարանը կուսակցական բազմազանությամբ կնմանվի 1992-ի խորհրդարանին։

Իսկ ինչ վերաբերում է հայազգի պատգամավորների ներկայացվածությանը, նկատում է, որ վերջին տարիներին նրանց թիվը չի անցնում երեքը։ Նորանկախ Վրաստանի պատմության մեջ ռեկորդային թվով հայազգի պատգամավորներ եղել են հինգերորդ գումարման խորհրդարանում․

«1999-2004 թվականներին՝ 5-րդ գումարման խորհրդարանում ես էլ էի պատգամավոր, հայազգի պատգամավորների թիվը հասնում էր 6-ի: Երեքը մեծամասնական, երեքը համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ էին»։ 

Վրաստանի պատմության մեջ ազգային փոքրամասնությունները ներկայացվածությունն օրենսդիր մարմնում թերևս աննախադեպ մեծ թիվ է կազմել խորհրդային տարիներին։ 450 օրնեսդիրի թվում հայազգի պատգամավորների թիվը տատանվում էր 17-19-ի սահմաններում։  

Վրաստանի վերջին երեք գումարումների խորհրդարանում եղել է երեքական հայազգի պատգամավոր: Նորընտիր խորհրդարանում ևս, հավանաբար, այդ թիվը կպահպանվի։

Back to top button