Հասարակություն

Տուգանքի փոխարեն՝ հորդոր

Մայիսի 23-ից  ոստիկանությունը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության  որոշումներում իրականացնում է փոփոխություններ:

Իրավախախտ վարորդները որոշ զանցանքների դեպքերում կազատվեն վարչական պատասխանատվությունից: Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ արագաչափերը և տեսանկարահանող սարքերը միշտ գործել են և  գործում են:

Հորդորել է վարորդներին ուշադիր լինել և զերծ մնալ  իրավախախտումներից, քանի որ  վարչապետի  հայտարարությունների սխալ ընկալման պատժառով վերջին օրերին ավելացել են իրավախախտումների դեպքերը։

Վարելու ընթացքում ծխելու, ուժի մեջ գտնվող տեխզննման  կտրոնը դիմապակուն  չփակցնելու, երթևեկության գոտիները փոփոխելիս կամ մանևր կատարելիս լուսային թարթիչ չմիացնելու դեպքում վարորդներն այսօրվանից չեն  տուգանվելու: Ճանապարհային ոստիկանության տեսուչները միայն կսահմանափակվեն բանավոր դիտողությամբ՝ հայտարարեց ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ  Արմեն Խաչատրյանը: Սակայն միայն այսքանով չի սահմանափակվում տուգանքներ չկիրառելու քաղաքականությունը: Տեսանկարահանող  սարքերի կողմից վարչարարության  փոփոխություններ ևս նախատեսվում են: Վարչական տուգանքներ չեն կատարվի, եթե

«Տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հոծ գծի կամ բաժանարար գոտու կամ երթևեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որևէ արգելքի միջև տարածությունը 3 մետրից պակաս է:  Տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից 5 մետրից պակաս վայրում:  Տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հատվող երթևեկելի մասի եզրից տարածությունը 5 մետրից պակաս է:  Տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի կամ այդ կետերի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից տարածությունը 15 մետրից պակաս է: Տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթևեկելի մասի տեղային լայնացումում՝ եզրին ոչ զուգահեռ, որտեղ նման կերպ կանգառ կատարելը գծանշմամբ կամ ճանապարհային նշանով թույլատրված չէ»: 

Եթե տրանսպորտային միջոցը խաչմերուկներն անցնելիս և խաչմերուկում շրջադարձ կատարելիս հատել է գծանշումները, տրանսպորտային միջոցը համընթաց հոսքերը բաժանող հոծ գծանշումը հատել է ոչ բոլոր (4) անիվներով, այս դեպքերում էլ տուգանքներ չեն կիրառվելու, ինչպես նաև ժամը 23:00-ից հետո ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետում ավտոմեքենա  կանգնեցնելու դեպքում:

«Ճանապարհապարեկային ծառայողը ինքը տեղում կորոշի իրավախախտման  վտանգավորության աստիճանը  և սեփական նախաձեռնությամբ կկայացնի որոշում»:

Բացի այս փոփոխություններից, այսօրվանից կդադարեցվի 60 կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում լուսանկարահանող արագաչափերի գործադրումը,  իսկ չկառավարվող  հետիոտնային անցումների պարագայում երթևեկությունը կազմակերպվելու է թմբերով: Որքանո՞վ այս փոփոխությունները  կապահովեն անվտանգ երթևեկություն:  Արմեն Խաչատրյանը պատասխանում է՝   պատասխանատվության  մեղմացման քաղաքականությունը  բացասական ազդեցություն չի ունենա, քանի որ վերոնշյալ զանցանքները  նվազագույնը կազդեն երթևեկության անվտանգության վրա:

«Ներկայումս երթևեկության բոլոր մասնակիցները  հնարավորություն են ստացել ապացուցել, որ մեր մեջ տարիների ընթացքում ձևավորվել է Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման մշակույթը և շատ դեպքերում  անհրաժեշտություն չկա հարկադրանքի տարրեր պարունակող  միջոցների կիրառումը: Հույս ենք հայտնում և լիահույս ենք, որ այդպես կլինի»:

Սակայն եթե գործընթացը ցույց տա հակառակը, ապա կփոփոխվի վարչարարությունը և կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, հավելեց ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը:  Թվարկված փոփոխությունների վերաբերյալ  բողոքարկումները վարույթներում կազմում են 80 տոկոս: Վարորդ զրուցակիցներս ողջունեցին փոփոխությունները, հոգսը մի փոքր կթեթևանա, ասում են:

Ոստիկանությունը նաև  կառավարությանն  առաջարկել է  ԱԺ-ում հանդես գալ համաներման ակտ ընդունելու  նախաձեռնությամբ: Արդյունքում, կդադարեցվի 2012 թվականի հունվարի մեկից  մինչև 2017թվականի դեկտեմբերի 31-ը կայացված վարչական  ակտերի կատարումը: Համաներումը կտարածվի դատական գործընթացում գտնվող  գործերի վրա ևս, հայտարարեց Արմեն Խաչատրյանը: Կչեղարկվեն մոտ 14 միլիարդ դրամի չափով տուգանքներ:

Back to top button