Վերնատուն

Չարլի Խաչատուրյան․ ժամանակին չինտեգրվող և ժամանակից առաջ․ «Վերնատուն»

Օրերս կյանքից հեռացավ ամերիկահայ արվեստագետ, Երևանում ժամանակակից արվեստի առաջամարտիկներից, երևանյան առաջին պատկերասրահի հիմնադիր Չարլի Խաչատուրյանը։

Արվեստագետ Սահակ Պողոսյանը խոսում է իր 40 տարվա ընկերոջ ստեղծագործության առանձնահատկությունների մասին՝ նրան համարելով ոչ թե արվեստագետ, այլ եռաչափ ստեղծագործության արտիստ։

«Նա ամենամաքուր ստեղծագործողն էր: Նրա մասին համացանցում ոչինչ չենք գտնի, նա բացակայում է այդ տիրույթից, քանի որ նրա կյանքը սեփական նյարդերն ու զգացմունքներն արտահայտելու և ի ցույց չդնելու մի ամբողջ ժամանակաշրջան էր։

Իհարկե, և՛ Միացյալ Նահանգներում, և՛ այստեղ ցուցահանդեսներ ունեցավ, բայց նա ժամանակի մեջ չինտեգրվող մի արվեստագետ էր, որն իր ժամանակից բավականին առաջ էր ապրում», – ասում է Սահակ Պողոսյանը։

Նրանք ծանոթացան 1988 թվականին Իջևանի քանդակի սիմպոզիումում։ «Նա Նյու Յորքում ծնված, Նյու Յորքի ազատ արվեստի տիրույթում «խուժանություն» արած արվեստագետ էր», – ասում է Սահակ Պողոսյանը։ Նա շատ է կարևորում այդ ժամանակահատվածում Չարլի Խաչատուրյանի և աշնակցի արվեստագետ Համլետ Հովսեփյանի ծանոթությունն ու հետագա մարդկային ու ստեղծագործական մտերմությունը։ Չարլին իր կյանքի երկրորդ շրջանում աշխատել է հողով, և հողի հետ աշխատանքը, ինչպես Սահակ Պողոսյանն է ասում, դարձնում էր հողի մասին գաղափար և ոչ թե նյութ, որով աշխատում են։

«Նույն մտքերով ու շարժառիթներով, հողի հետ երկխոսությունների ու հողի հետ աշխատելու ընդհանրություններով՝ իրենք շատ սիրեցին իրար։ Երբ Չարլին ճանաչեց Համլետին, հասկացավ, որ «վերադարձավ իր կյանքի մեջ»», – ասում է Սահակ Պողոսյանը։

Նյու Յորքում ծնված արվեստագետը իր երազներում ուզում էր հայտնվել իր արխետիպային հայրենիքում՝ իր հողի ու Համլետի պես մարդկանց միջավայրում՝ Հայաստանում, Համլետն էլ իր հերթին երազում էր արվեստի մեծ միջավայրերի մասին, ուզում էր հայտնվել նյույորքյան, ամերիկյան արտիստների միջավայրում։

Սահակ Պողոսյանը Համլետին ու Չարլիին նույնացնում է՝ համարելով որ նրանք իրենց ներկայաությամբ կարող էին հանգիստ «տեղավորվել» ամերիկյան 90– ականների կերպարվեստի տիրույթում, համեմատելով նրանց այնպիսի արվեստագետների հետ ինչպիսիք են Դեյվիդ Սմիթը, Ռիչարդ Լոնգը և այլ հայտնի կոնցեպտուալ արտիստների հետ, քանի որ «նրանք բոլորը հետազոտման նույն տիրույթում են»։

Չարլի Խաչատուրյանը 90– ականներին իր նորաստեղծ ընտանիքի հետ հաստատվեց Հայաստանում, Երևանում հիմնեց առաջին մասնավոր «Չարլի Խաչատուրյան» և «Էքս վոտո» պատկերասրահները։

1998 թվականին ընտանիքի հետ կրկին վերադարձավ Միացյալ Նահանգներ՝ չկորցնելով կապը Հայաստանի արվեստային միջավայրի հետ։ Չարլի Խաչատուրյանի ստեղծագործություններից, ցավոք, Հայաստանում չի պահպանվել։ Իջևանի քանդակի սիմպոզիումում արված նրա 3 աշխատանքները թալանվեցին։ Միայն մեկը՝ պղնձյա մեգալիտը, փրկվել է Սահակ Պողոսյանի շնորհիվ և հիմա նրա արվեստանոցում է։

«Ես մարդ եմ, ով ճանաչել է հայ արվեստագետների 90 տոկոսին , – ասում է Սահակ Պողոսյանը, – Մարտիրոս Սարյանից մինչև այսօրվա ուսանողները, Չարլի Խաչատրյանը միակն էր, ով հարցեր չուներ, նրան պետք չէր ոչինչ բացատրել, նրա ընկալումներն արվեստում հարյուր տոկոսանոց էին, արվեստի ստեղծագործությունը «կարդալու» եզակի ունակություն ուներ։ Նա միշտ մատը դնում էր վերքին՝ ստեղծագործության ամենահետաքրքիր ու կարևոր ասելիքի վրա»։

Back to top button