Վերլուծական

«Վիրքը» հերքում է Գյուլբեյի մեղադրանքները. ինչո՞ւ է աղմկում ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենան

Հերթական ապատեղեկատվությունը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից՝ վրաց-հայկական հարաբերությունները վտանգելու նպատակով:

Օրերս թուրքական «Պայքար հայկական անհիմն պնդումների դեմ» միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարեց, թե իբր Հայաստանի ազատության հայ գաղտնի բանակը՝ ԱՍԱԼԱ-ն, որի գործունեության դադարեցման մասին հայտարարվել էր 1984 թվականին, կրկին բացվել է Ջավաքում «Վիրք-երկիր» անվանմամբ։

Սա, ըստ Գյուլբեյի, Վրաստանում բնակվող 600 հազար ադրբեջանցի թուրքերի կյանքի համար սպառնալիք է, քանի որ «Վիրք-երկրի» եւ ԱՍԱԼԱ- ի աշխարհայացքները նույնն են:

 

Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում «Վիրք-երկիր» անվամբ որևէ միություն կամ կուսակցություն գոյություն չունի։ Ախալքալաքում կա «Վիրք» չգրանցված կուսակցություն, որի նախագահ Դավիթ Ռստակյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց, որ աբսուրդի հասնող հայտարարություն է։ Այն նպատակ է հետապնդում հայաբնակ Ջավախքով անցնող Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի գործարկման ֆոնին նվազեցնել հայկական գործոնը:

«Վերջին շրջանում տեղեկատվություն տարածվեց, որ թուրքական կողմից անասնագողության դեպք է եղել, այնուհետև, թե երկաթգծի պաստառներն են հանել, ինչի առիթով քրեական գործ է հարուցվել և Ջավախքում ԱՍԱԼԱ –ի գործունեության մասին հայտարարությունը խոսում է նրա մասին, որ անհրաժեշտություն ունեն (թուրքերը) հայկական գործոնը նվազեցնել: Այսինքն՝ իրենք պրոպագանդում են, որ հետագա քայլերի պարագայում ասեն, որ հայերը էսպիսի կազմակերպություն են ստեղծում, որ վտանգեն 600 հազար ադրբեջանական համայնքին: Հիմա ինչ-որ անհրաժեշտություն ունեն այստեղ գործողություններ անեն հայկական գործոնը նվազեցնելու համար, մանավանդ, որ եթե  երկաթգիծն անցնում է  իրենց պետք է երաշխիք հարկավոր անվտանգության գոտի ստեղծելու համար»:

 Վրացական կողմը, ըստ Ռստակյանի, պետք է ճիշտ հակազդի թուրք-ադրբեջանական քարոզչամեքենային:

«Վրացիները բնականաբար չեն ուզի, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Վրաստանում հզորանա, որովհետև դա Վրաստանի ինքնիշխանությանն է վնասելու, բայց միևնույն ժամանակ չեն նպաստում տարածաշրջանում  հայության զարգացմանը, ինչը կարող է ձեռնտու լինել»։   

Վրացագետ Ջոնի Մելիքյանը վերլուծելով ստեղծված իրավիճակը արձանագրում է, որ ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենան շատ հաճախ է օգտագործում այսպես ասած «ջավախքյան անջատողականության» մասին սադրիչ ու կեղծ հրապարակումները՝ ապակայունացնելու համար իրավիճակը Սամցխե-Ջավախքի շրջանում։ Ըստ վրացագետի, ապատեղեկատվությունը ներթափանցում է ադրբեջանական լրահոսից դեպի վրացական եւ ձնագնդի նման մեծանում:

Մելիքյանի տեսակետը հետեւյալն է. վրացիները վերջին շրջանում փորձում են հարեւանների հետ արտաքին, տնտեսական փոխհարաբերություններում հավասարակշիռ քաղաքականություն վարել, որը դուր չի գալիս Բաքվին, եւ ինֆորմացիոն պատերազմի առիթ է դառնում: Ջավախքը թիրախավորելով փորձ  է արվում վտանգել հայ-վրացական հարաբերությունները:

«Ոչ մի այդպիսի խնդիր չկա: Միակ լրջագույն խնդիրը սոցիալ-տնտեսական է, որը առկա է նաեւ Վրաստանի մյուս շրջաններում եւս, քաղաքական հարցեր չկան: Այն դեպքերը, որոնք  տեղի ունեցան անցած տարվա մեջ, փորձում են այնպիսի քաղաքականություն վարել, որ նույն կերպ չկրկնվեն: Թբիլիսին իր սխալների վրա սովորում է, ու փորձում է ավելի ուշադիր լինել այդ շրջաններին»:

Ջոնի Մելիքյանը հիշեցնում է, Ադրբեջանում մեծ ցնցում առաջացրած Վրաստանի վարչապետի այն հայտարարությունը, որ առեւտրային միջանցքները կարող են անցնել Վրաստանի հակամարտության գոտիներով՝ Աբխազիայով եւ Հարավային Օսիայով: Ադրբաջանում այս հայտարարությունն ընկալում են որպես դավաճանությունը։ «Մենք այսքան ժամանակ աջակցել ենք վրաց ժողովրդին, իսկ նրանք դավաճանեցին մեզ»,- նշվում է ադրբեջանական մամուլում։ Վրացագետն այս աղմուկը կապում է հայաբնակ Ջավախքով անցնող Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի հետ:

Տեղեկացնենք, որ «Պայքար հայկական անհիմն պնդումների դեմ» միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը «Գորշ գայլեր» կազմակերպության անդամներից է, եւ պարբերաբար հակահայկական ապատեղեկատվություն է տարածում եւ ակտիվ գործունեություն է ծավալում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:

Back to top button