ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Արցախը․ Ադրբեջանը չի համաձանել Ռուսաստանի առաջարկին

Շուրջ 7 ամիս հայաթափված Արցախում մնալուց հետո ռուս խաղաղապահները  հեռանում են Լեռնային Ղարաբաղից, թեև ևս 5 տարի ժամկետով այնտեղ մնալու առաջարկ Մոսկվան արել էր Բաքվին։ Կրեմլն արդեն հաստատել է խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները։ «Դա իրոք այդպես է»,-լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ինչ է փոխվել և ինչ զարգացումների ականատես ենք այս պահին՝ տեղեկատվության սղության պատճառով վերլուծաբանները դեռ չեն շտապում եզրակացություններ անել։

Արցախի հայաթափումից հետո այնտեղ ռուս խաղաղապահների մնալ-չմնալու հարցը պաշտոնական Մոսկվան ձևակերպել էր շատ հստակ․ «դա այլևս հայկական կողմի գործը չէ», հայտարարել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Չնայած ռուսական կողմի հորդորին, հայկական կողմը ունի նաև իր հիմքերը հետևելու այդ իրադարձություններին։

Նախօրեից տեսանյութեր են տարածվում, որտեղ երևում է ռուս խաղաղապահների 20 զրահափոխադրիչներից բաղկացած ավտոշարասյան, մեկ տասնյակ տանկերի և մի քանի բեռնատարների ընթացքը։ Ըստ տեսանյութերի հեղինակների՝ կադրերը նկարահանվել են Արցախին հարակից Թերթերի և Բարդայի շրջաններում։ Նաև տեղեկություն էր շրջանառվում, որ Արցախում գտնվող Դադիվանքի հայկական միջնադարյան վանական համալիրի «պաշտպանությունը օրեր առաջ ռուս խաղաղապահները փոխանցել են Ադրբեջանի ոստիկանությանը»։

Կրեմլն արդեն հաստատել է տարածվող լուրերը։ «Ինտերֆաքսի»  փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների մասին հարցին հայտարարել է․«Այո, դա իսկապես այդպես է», Արցախից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթաց է սկսվել։ Մինչդեռ ադրբեջանական կողմն այս հարցում զգուշավոր է։ «Թուրան» գործակալության հարցմանն ի պատասխան  Ադրբեջանի ուժային կառույցներից հայտնել են, որ տարածվող տեսանյութերը այսօրվան չեն վերաբերում։ Սակայն Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է՝ ռուս խաղաղապահների հեռանալը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում չի շտապում եզրակացնել, որ Ռուսաստանը հեշտությամբ լքում է տարածաշրջանը։

«Կոնկրետ իրավիճակի մասին դեռ հարցեր կան։ Այսինքն, երբ Պեսկովը ասել է, որ «այո, դա այդպես է», դուրս գալու վերաբերյալ հարցին, պետք է հասկանալ նաև մանրամասները, իսկ մանրամասներ առայժմ չկան, այսինքն՝ արդյո՞ք ամբողջապես դուրս գալու մասին է խոսքը, արդյո՞ք Մոսկվան և Բաքուն ավարտել են այս թեմայով և թեման այլևս փակված է և մնում է դուրս գալը, արդյո՞ք հնարավոր է որևէ տրանսֆորմացիա՝ շատ փոքր սահմանափակ քանակով և տարածությամբ ինչ-որ կոնտինգենտի մնալու, բայց արդեն ոչ թե որպես խաղաղապահ, այլ որպես այլ իրավաքաղաքական պայմանավորվածությունների և փաստաթղթավորման շրջանակում։ Այս մանրամասն հարցերից է հնարավոր եզրակացնել, թե ինչ պրոցեսի հետ գործ ունենք»։

Ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը ԼՂ-ում, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության լրանում է 2025-ի նոյեմբերին։ Դեռ ամիսներ առաջ Մոսկվան առաջարկել էր Բաքվին քննարկել ԼՂ-ում ռուս խաղաղապահների՝ ևս 5 տարով տեղակայման հարցը։ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի ներկայացմամբ՝ հարցն այլևս չի առնչվում Հայաստանին, դա Ռուսաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների տիրույթում է։  

Բաքուն չէր մերժել այդ հարցով բանակցությունների առաջարկը։ Հայկական վերլուծական դաշտից պարբերաբար ընդգծում են, որ Արցախի դեմ սեպտեմբերյան ագրեսիայից հետո նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կարծես, կորցրեց իր իրավական ուժը, հետևաբար՝ ռուս խաղաղապահների ներկայությունը այնտեղ պետք է արդեն հիմնավորվի այլ փաստաթղթերով։ Սեպտեմբերյան ագրեսիայից հետո անգամ ռուսական կողմն էր ձևակերպումները փոխել՝ ներկայացնելով, թե խաղաղապահները իրականացնում են հակաահաբեկչական գործառույթներ։

Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանը Լավրովի հայտարարություններից առանձնացնում է հետևյալ եզրակացությունը․

«Իրենց ընկալմամբ՝ և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի, նոյեմբերի 9-ի հայտարարության պարտականությունների մասը միայն Հայաստանի մասով պետք է իրականանար։ Իրենք ոչինչ չեն արել։ Ո՞ւր է Լաչինի միջանցքը, ո՞ւր է լայնությունը, ո՞ւր է արցախահայությունը, ո՞ւր են ռազմագերիները և այլ պահվող անձինք։ Սա այն պարտավորություններն են, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ռուսաստանը առնվազն ստանձնել էր, որ պետք է իրականացնի։ Այս փաստաթուղթը այլևս գոյություն չունի»։

Հակոբ Բադալյանը չի բացառում, որ ժամկետից շուտ ռուս խաղաղապահների դուրսբերումը Արցախից կարող է կապ ունենալ տարածաշրջանում վերադասավորումների հետ։

«Մի շարք աշխարհաքաղաքական գործոններից ելնելով Ադրբեջանը կարողացավ ստեղծել իրավիճակ Արցախում, որը Ռուսաստանին ստիպեց գնալ այսպիսի համաձայնության։ Իհարկե, ես կարծում եմ, այդուհանդերձ, այդ համաձայնությունը որոշակի փոխադարձություն ենթադրելու է, որովհետև հազիվ թե Ադրբեջանը իմպերատիվ կերպով ռուսաստանին հակառակվի, բայց գլոբալ առումով դրանք մեկ «խաղի» մաս են և, իհարկե, Արևմուտքի և արևմտյան դերակատարների խնդիրն է թուլացնել այս ռեգիոնում Ռուսաստանի և Իրանի ներկայությունը։ Նկատի ունենանք մի հանգամանք․ վերջերս ռեգիոն այցելեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Նրա այցելության առանցքային կետը Ադրբեջանն էր, ինչի մասին վկայում էր այն, որ Վրաստանում և Հայաստանում այդպիսի հանդիպում չի եղել, իսկ Ադրբեջանում եղել է հանդիպում պաշտպանության նախարարի հետ։ Հիմա արդեն տեսնում ենք որոշակի զարգացումներ արդեն կարճ ժամանակ անց»։

Ի դեպ, դեռ նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստանի վարչապետը իր հարցազրույցներից մեկում կարծիք էր հայտնել, որ «եթե ռուս խաղաղապահները դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղից, ուրեմն պետք է գնան Ռուսաստան»։ Ասել է, որ բացառում է Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի կոնտինգենտի ավելացում Արցախից դուրս բերվող խաղաղապահ զորախմբի հաշվին։  

Back to top button