ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Փոփոխություններ տեխզննության ու գույքահարկի վճարման կարգում. առաջարկը դրական եզրակացություն ստացավ խորհրդարանում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Բաբկեն Թունյանը և Նարեկ Զեյնալյանը Տնտեսական հարցերի մշտական հանձանժողովի հերթական նիստում լրացում են առաջարկել ՀՀ հարկային օրենսգրքում: Օրինագծի հեղինակների խոսքով՝ այդ նախաձեռնությամբ լուծվում է կարևոր մի խնդիր. որն առնչվում է հարյուր հազարավոր քաղաքացիների: Խոսքը վերաբերում է տեխզննման կանոններին:

Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ տվյալ պահի դրությամբ առկա պարտքի չափով։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նման փոփոխություններ է առաջարկում անել «ՀՀ հարկային օրենսգրքում»։ Այսօր, երբ քաղաքացին մեքենան տանում է տեխզննման, համակարգը ստուգում է տվյալ մեքենայի հետ կապված հարկային պարտավորությունները։ Եթե տվյալ տարվա գույքահարկը քաղաքացին չի վճարել, ապա նա պարտավոր է վճարել այն ամբողջությամբ։

«Կարծում եմ` արդարացի կլինի, եթե քաղաքացին վճարի այդ պահին ունեցած պարտավորությունը կամ նախորդ տարիների պարտքը։ Եթե քաղաքացին մինչև դեկտեմբերի 1ը ժամանակ ունի գույքահարկը վճարելու ու հունվարին կամ փետրվարին տանում է մեքենան տեխզննման, ապա կարծում եմ, որ պետք չէ նրան ստիպել ժամկետից շուտ վճարել իր հարկային պարտավորությունները։ Օրենքի այս դրույթը, որ ժամանակին գույքահարկը կապվել է տեխզննման հետ, հասկանալի է` ժամանակին ինչ հիմնավորումներ է ունեցել. սա եղել է գործիք, որի միջոցով պետությունը կարողացել է ապահովել գույքահարկի հավաքագրումը»։

Բաբկեն Թունյանն առաջարկում է օրենքի մեջ ընթացիկ տարվա փոխարեն տվյալ դրույթը շարադրել այնպես, որ խոսքը վերաբերի միայն նախորդ տարիների հարկային պարտավորություններին։ Ըստ պատգամավորի՝ սա քաղաքացիներին կազատի բազմաթիվ գլխացավանքներից։

«Քանի որ դեպքեր են լինում, երբ քաղաքացին ամբողջ  տարվա գույքահարկը վճարում է տարվա սկզբին, ապա այդ մեքենան վաճառում է ու ընկնում բազմաթիվ թղթաբանությունների մեջ, որպեսզի իր ավել վճարած գումարը փոխհատուցեն, կամ ինչ–որ այլ մեխանիզմներով դա հաշվի առնվի»։

Նախագծի համահեղինակ Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ պետք է տարանջատել մեքենայի տեխզննումն ու գույքահարկը։ Դրանք տարբեր երևույթներ են, և պետք է աշխատել այն ուղղությամբ, որ ձևավորվի հարկերը վճարելու մշակույթ՝ առանց որևէ ստիպողական գործիքի։

«Պատկերացրեք քաղաքացին գնա բժշկի՝ բուժում ստանալու նպատակով, բժիշկը ասի գույքահարկդ կամ եկամտահարկդ չես վճարել, չեմ բուժում։ Սա եղել է գույքահարկը վճարելու ստիպողական գործիք։ Բայց քաղաքացին գիտի, որ պետք է վճարի իր մեքենայի գույքահարկը։ Շատ ավելի լավ կլինի եթե հնարավորության տանք նաև ամսական մարելու՝ քաղաքացին իր հայեցողությամբ ամիս-ամիս մարի»։

Հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանի կարծիքով՝ նախագիծը քաղաքացիների համար կարևոր նշանակություն ունի և ընդունելի կլինի նրանց կողմից։ Բայց, ըստ պատգամավորի, խնդիր կարող է առաջանալ համայնքային բյուջեի համար։

«Համայնքների բյուջեի մեծ մասը մեքենաների գույքահարկն է կազմում։ Ծանոթ լինելով մեր գաղաքացիների հարկային պատավորությունների մարման վարքագծին, կարծում եմ , որ վճարների մեծ մասը կարվեն դեկտեմբեր ամսին։ Բայց համայնքը իր վրա ունի ծախսեր և պարտավորություններ, որոնք տարվա ընթացքում է անում, և կարծում եմ, որ համայնքը խնդիրների առաջ է կանգնելու»։

«Իրականում, այս նախագիծը համայնքների եկամուտների վրա չափի առումով ազդեցություն չի ունենա։ Համայնքների եկամուտները չեն պակասելու, միայն ժամանակային փոփոխություններ են լինելու։ Դրա համար մենք նշել ենք, որ օրենքի փոփոխություններն ընդունելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2025 թ. հունվարի 1-ից։ Այսինքն՝ այս տարի համայնքների կյանքում ոչինչ չի փոխվի, իսկ հետագայում բյուջեն կարող են պլանավորել՝ հաշվի առնելով այս փոփոխությունները»։

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն իր հերթին նշեց, որ կառավարությունն այս նախագծի հիմքում դրված տրամաբանությունը համարում է ընդունելի, սկզբունքային առարկություններ չունի։ Փոխնախարարն առաջարկեց քննարկել այն կարգավորման հնարավորության հարցը, որով տեխզննության ժամանակ վճարվում է ոչ միայն նախորդ տարվա կամ տարիների, այլև մինչև տեխզննության ամսաթիվն ընթացիկ տարվա ավարտված ամիսների գույքահարկը: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց առաջարկին:

Back to top button