Մանկան առողջությունը՝ Արմավիրում


Արմավիրի հիվանդանոցի ընդհանուր մանկաբուժական բաժանմունքի վարիչը փաստում է, որ հիվանդանոցում մանկան մահացության դեպքեր չեն գրանցվել, մանկաբարձ-գինեկոլոգները չեն ժխտում, որ ունեցել են մեռելածիններ: Սոնոգրաֆիկ սարքավորումները երբեմն հստակ չեն արտացոլում պտղի ճիշտ պատկերը, որի հետևանքով արատավոր երեխաներ են ծնվում: Առողջ երեխա ունենալու համար ամուսինները նախապես պետք է հետազոտվեն, վարեն առողջ ապրելակերպ և հետևեն բժշկի խորհուրդներին, ասում են նրանք։
Արմավիրի բժշկական կենտրոնի ծննդատանը սեպտեմբերի 23-ին ծնված 3 երախայից երկուսն աղջիկ են, մեկը՝ տղա, երեքն էլ առողջ են, ունեն նույն քաշն ու հասակը: Երեխաների առողջության առաջին սկրինինգն իրականացվում է ծննդատանը, զննվում է երեխայի վահանաձև գեղձը և բնածին կոնքազդրային հոդի խախտումը, որը վերջին շրջանում ավելի հաճախ է նկատվում:
Արմավիրի ծննդատանը նշված բուժզննումները, բացի հոդախախտումից, մասամբ են կատարվում, որը պայմանավորված է ֆինանսական խնդիրներով: Երեխայի ծնվելուց հետո բժիշկների առաջին գործն է մոր հետ շփումն ու կերակրումը:
Առաջնեկ ծնած մոր համար դժվարություն է երեխային կերակրելը, բժիշկն ու բուժքույրը նրանց առաջին ուսուցիչն են, օգնում են ճիշտ դիրքով պահել և կերակրել, այլապես՝ երեխան չի կշտանա, մոր մոտ էլ խնդիրներ կառաջանան:
Բժիշկ նեոնատոլոգ Իրինա Խաչատրյանը կրծքի կաթը կարևորվում է երեխայի ծննդյան առաջին 6 ամսվա ընթացքում:Բժիշկը խորհուրդ է տալիս վեց ամիս հետո կրծքի կաթից բացի երեխային կերակրել հավելյալ սննդով, որը մայրը կարող է պատրաստել տանը, ինչն ավելի անվտանգ կլինի երեխայի համար:
Հասմիկ Եղոյանը 25 տարեկանում երկրորդ աղջնակն է ունեցել, առաջնեկը հինգ տարեկան է, երեխայի մեծացման գործում որոշակի փորձ ունի: Առողջ երեխա ունենալու նպատակով հետևել է բժշկի խորհրդին. հղիության ընթացքում՝ մանկաբարձ-գինեկոլոգի, ծննդաբերությունից հետո՝ մանկաբույժի:
Մինչև հղիությունը թե Արմավիրում, թե մյուս մարզերում ամուսինները չեն հետազոտվում, օրգանիզմում վիրուսների առկայությունը կարող է նպաստել անպտղությանը կամ ՝ հղիության ընթացքում հանգեցնել պտղի կորստին, որից հետո պահանջվում է երկարատև բուժում: Հղիներն ու ծննդաբերած երիտասարդ կանայք անցե՞լ են արդյոք հետազոտություն մինչև հղիությունը, պատասխանեցին՝ ոչ: Մինչդեռ այս մշակույթը պետք է զարգացնել և ամրապնդել։
«Արմավիր» բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Օսիպովան հղիության 9 ամսվա ընթացքում պտղի զարգացմանը զուգընթաց հղիին խորհուրդ է տալիս ընդունել վիտամիններով, սպիտակուցներով, ածխաջրերով հագեցած սնունդ, սնվի քիչ-քիչ, բայց՝ հաճախակի: Հղիության տարբեր փուլերում կինը բժշկական զննումներ է անցնում, հետևում պտղի կանոնավոր զարգացմանը:
Գլուխ բարձրացրած վիրուսները երբեմն անցանկալի հետևանքներ են ունենում, որն ավարտվում է վաղաժամ ծննդաբերությամբ կամ հղիության ընդհատմամբ: Ծնվում են նաև գայլի երախով կամ նապաստակի շրթունքով երեխաներ:
Արմավիրի պոլիկլինիկայում զգացվում է սոնոգրաֆիկ սարքավորումների թարմացման կարիք: Բժշկի տեղեկացմամբ՝ եթե սարքավորումները արտացոլեն պտղի ճիշտ պատկերը, հայտնաբերվի երեխայի թերզարգացումներն ու արատները, ապա կարող է նախօրոք ընդհատվել հղիությունը: Հղիների մի մասը գրանցվում են մայրաքաղաքի որևէ ծննդատանը, հետազոտվում և այնտեղ էլ ունենաում երեխային:
Սուսաննա Մկրտչյանն ավելի հասուն տարիքում՝ 32 տարեկանում է ունեցել առաջնեկին՝ առայժմ միակ երեխային, ավելի գրագետ մոտեցում է ցուցաբերել հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո: Սուսաննան ունի 2 տարեկան առողջ բալիկ:
Օրգանիզմում երկաթի պակասը լրացվում է սննդի, հատկապես մսի միջոցով կամ էլ հաբերի: Ինն ամսականում ստուգվում է երեխայի արյան հեմոգլոբինը: Ծննդյան օրվանից մինչև 6 տարեկան երեխաները պարտադիր պատվաստվում են ինֆեկցիաների դեմ, դրանք տարբեր են: Պրոֆկաբինետի բուժքույր Տալյա Խաչատրյանը նշեց, որ պատվաստում են միայն առողջ երեխաներին, իսկ հիվանդներին ՝ապաքինումից հետո:
Վեց տարեկան Անին միանգամից պատվաստվեց կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, պոլիոմելիտի, դիֆտերիայի, կապույտ հազի և փայտացման դեմ: Կան ծնողներ, որոնք հրաժարվում են երեխաներին պատվաստելուց: Տալյա Խաչատրյանը մատնացույց արեց 2 մեծ փաթեթ, որոնք պատվաստվելուց հրաժարվողների բժշկական փաստաթղթերն են: Հրաժարվողները կրոնական որևէ կազմակերպության անդամներ են:
Երեխաներին պատվաստում են նաև հեպատիտ Բ-ի և մենինգակոկային ինֆեկցիայի դեմ։ Արմավիրի պոլիկլինիկայի մանկաբույժ Լալա Ենգոյանը տեղեկացրեց՝ պատվաստումներ լիարժեք արդյունք տալիս են: Չեն պատվաստվում նաև այն ընտանիքների երեխաները, որոնք հաճախ են բնակավայրերը փոխում: Պատվաստում չստացած երեխան չի դիմադրում հիվանդությանը և երբեմն վատ հետևանքով է ավարտվում: Արմավիրի մարզում 6 տարեկան երեխան վերջերս մահացել է մենինգիտից:
«Արմավիր» բժշկական կենտրոնի ընդհանուր մանկաբուժական բաժանմունքի վարիչ Գառնիկ Դավթյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 29-ի դրությամբ ունեն 22 հիվանդ, երեխաների տարիքային խումբը 3-7 տարեկաններն են: Անցած տարվա ընթացքում բաժանմունքում բուժվել է 1700 երեխա, իսկ այս տարվա ինն ամսվա ընթացքում 1100 երեխա: Գառնիկ Դավթյանի պնդմամբ՝ մահացության դեպք իրենց բաժանմունքում չի գրանցվել:
Երեխաների առողջության գրավականը մաքուր սնունդն է, լավ խնամքը, ժամանակին բուժզննումներ իրականացնելն ու հոգատար վերաբերմունքը: