Վերլուծական

Իրավական ակնկալիքներ՝ Բունդեսթագի որոշումից

lenabadeyan
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման փաստից հետո առաջացած էյֆորիայի փոխարեն պետք է հասկանալ, թե ինչ է ենթադրում այդ բանաձեւը, ինչ իրավական հետեւանքներ կարող է ունենալ եւ որոնք պետք է լինեն հայկական կողմի հաջորդ քայլերը: Այսօր դա արդեն փորձում են անել իրավունքի մասնագետներն ու պատմաբանները: «Սա հերթական բանաձեւերից մեկն է եւ այս դեպքում Հոլոքոստի հետ համեմատելու որեւէ հիմք չկա»,- ասում է Սահմանադրական դատարանի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը: Որպես տեղեկանք նշենք, որ աշխարհի շուրջ 200 պետությունից Հայոց Ցեղասպանության փաստի առնչությամբ հատուկ դիրքորոշում՝ բանաձեւերի տեսքով արտահայտել է 29 պետություն: Բայց նույնսիկ այն դեպքում, եթե Ցեղասպանությունն ընդունեն բոլոր պետությունները, կարեւորը մնում է Թուրքիայի դիրքորոշումը: Մնացած բոլոր դեպքերում բանաձեւերը շրջադարձային նշանակություն չեն կարող ունենալ:

 

 

Հայաստանին եւ հայկական հարցին ինչ կարող է տալ Գերմանիայի Բունդեսթագի կայացրած որոշումը Հայոց Ցեղասպանության ճանաչման առնչությամբ: «Ըստ էության՝ ոչինչ»,- բացահայտում է Սահմանադրական դատարանի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը՝ համեմատականներ անցկացնելով Հոլոքոստի ընդունման փաստի հետ:

« Ե՞րբ Գերմանիան ճանաչեց Ողջակիզումը, երբ անհրաժեշտ էր ունենալ նոր իմիջ, երբ Կոնրադ Ադենաուերը գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, Գերմանիան պարտվել էր, եւ Գերմանիան իրոք դաշնակիցների կարիք ուներ՝ Գերմանիան գնաց այդ քայլին: Թուրքիայում այսօր, կարծես թե, այդ նոր իմիջի պատվեր չկա, դեռ ավելին՝ Էրդողանն ավելի հեռացնում Թուրքիան եվրոպական արժեքներից դեպի իսլամի արժեքները եւ ընդգծում է իր բացասական վերաբերմունքը եվրոպական արժեքների եւ ԵՄ նկատմամբ: Այս պարագայում ասել, որ թուրքական հասարակությունը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը առանց որեւէ կողմնակի ճնշման, ես մի փոքր չեմ հավատում»:

Բայց ասել, որ փաստաթուղթը որեւէ ուժ չի ունենալու՝ դա էլ ճիշտ չէ: Դեռեւս պետք է հասկանալ, թե ինչպես կարող ենք օգտագործել այն, ասում է Սահմանադրական դատարանի փորձագետը:

«Իհարկե, դա այն պարտադիրությունը չէ ինչը կունենար օրենքը կամ միջազգային պայմանագիրը, բայց ի վերջո սա իրավական փաստաթուղթ է, որի հետ հաշվի կարող են նստել եւ պետք է նստեն նախ եւ առաջ գերմանական դատարանները: Դժվար է հիմա պատկերացնել՝ ինչ դատական գործընթացներ է հնարավոր ծավալել Գերմանիայում՝ գերմանական իրավազորության ներքո, բայց այդուհանդերձ պետք է նշել, որ համենայնդեպս դատարանները չեն կարողանալու հաշվի չնստել այս փաստի հետ: Նմանատիպ իրավիճակ էր, ըստ էության, Շվեյցարիայում, երբ չկար օրենք, կար պարզապես բանաձեւ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ եւ ըստ էության, ցեղասպանության ժխտումը Փերինչեքի կողմից եւ այլոց կողմից հիմք հանդիսացավ քրեական գործերի հարուցման համար:

Ըստ իրավունքի մասնագետի՝ Բունդեսթագի կայացրած որոշումն ու Հայոց Ցեղասպանության գործում մեղասկցության ընդունումը նաեւ հստակ մեսիջ է՝ նախ Միացյալ նահանգներին՝ թե ինչպիսին պետք է լինի իրական ժողովրդավարությունը, ժողովրդավարություն «խաղացող» երկրներին եւ Նոբելյան կոմիտեին՝ հասկացնելու թե ինչի համար եւ ում կարելի է տալ այդ մրցակակը: Վլադիմիր Վարդանյանը չի կարծում, որ Գերմանիայի որոշումը վկայում է Եվրոպական մայր ցամաքի  միասնականության մասին այս հարցում: Խորհուրդ է տալիս չանտեսել եվրոպական մեկ այլ խոշոր տերությունը՝ Մեծ Բրիտանիային, որը Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում դեռ ցուցաբերում է զգուշավորություն: Բունդեսթագի որոշումից հետո հայկական կողմի հաջորդ քայլերի հստակ պատկերացում ունի թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Գերմանական իշխանությունները խոսքից անցնելով գործի պետք է բացեն այն արխիվները, փակ պահվող այն ֆոնդերը: Գիտեմ, որ գերմանական արխիվներն ուսումնասիրված են որոշակի մակարդակով: Բայց կան հատկապես ռազմական՝ Գլխավոր շտաբի հետ կապված արխիվային փաստաթղթեր, որոնց մեծ մասը փակ է պահվում մինչ օրս: Դա քանիցս եղել է քննարկումների առարկա եւ շատ հաճախ գերմանական տարբեր պատասխանատուներ խուսափել են հարցին կոնկրետ պատասխան տալուց եւ կարծում եմ, որ այս բանաձեւը, եթե ունի դրական մի քանի ազդեցություններ, ապա դրանցից մեկը հաստատ լինելու է այն, որ հիմք դառնա Հայոց Ցեղասպանության փաստագրական հենքն էլ ավելի ամրապնդելու՝ Գերմանիայի, որպես Օսմանյան Կայսրության դաշնակցի ունեցած անհերքելի արխիվային փաստաթղթերով»:

Ինչու հիմա եւ ինչու Գերմանիան՝ հարցի պատասխանն, ըստ թուրքագետի ակնհայտ է. «Գերմանաթուրքական հարաբերություններն այսօր գտնվում են բավական բարդ վիճակում, և այսօր Եվրոպային անհրաժեշտ են զսպող մեխանիզմներ»: Բանաձեւի ընդունման որպես դրական արդյունք Ռուբեն Մելքոնյանը նաեւ պակաս կարեւոր չի համարում, որ վերջին մի քանի օրը հայոց ցեղասպանության խնդիրը գտնվում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Ըստ թուրքագետի՝ հետաքրքիրն այն է, որ բանաձեւին կողմ են քվեարկել 11 թուրք պատգամավորներ, եւ այսօր Թուրքիայում նրանց նկատմամբ  հետապնդողական գործողություններ են իրականացվում, որոնք երբեմն նմանվում են «Լինչի դատաստանին»՝ հրապարակվում են նրանց նկարները, բնակության վայրի հասցեներն ու այլն: Ամ,են դեպքում Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ Բունդեսթագի քայլը շատ կարեւոր է եւ Հայոց ցեղասպանության ճանաչման համատեքստում անկյունաքարային:

Back to top button