

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Մեր «Այո»-ն «Այո» է, «Ոչ»- ը՝ «Ոչ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Զրույցի առիթը հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արձագանքն էր ընտրակարգի վերաբերյալ ներքաղաքական կյանքում հերթական անգամ թարմացած քննարկումներին:
Հանրապետականը երբեք ձևական ու կոսմետիկ փոփոխությունների հետևից չի գնացել, քանի որ կարևոր է համարում ոչ թե ձևը, այլ բովանդակությունը, ասաց Էդուարդ Շարմազանովը:
Իսկ մեծամասնական թե համամասնական հարցի վերաբերյալ հանարապետականը, ըստ Շարմազանովի, հստակ դիրքրոշում արտահայտել է Ընտրական օրենսգքրի քննարկումների ժամանակ: Ըստ այդ մոտեցման՝ Հայաստանի համար լավագույն տարբերակն առայժմ խառը ընտրակարգի առկայությունն է՝ համամասնականի գերակշռությամբ:
«Անկախ նրանից, թե երկրորդ նախագահն ինչպիսի կարծիք կունենա, առաջինն ինչպիսի, մեր կարծիքը դրանից չի փոխվում: Մեր համար կարևորը բովանդակությունն է և ոչ թե ձևը»:
Իսկ բովանդակությունը, ըստ Շարմազանովի, ընտրակարգի տեսակից կախված չէ:
Հիշեցնենք, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին ու կառավարման խորհրդարանական ձևին անցնելու առաջարկությամբ հանդես էր եկել « Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հայտարարելով, թե պատրաստվում է այս թեմայի շուրջ քննարկումներ սկսել քաղաքական ուժերի հետ: Հանրապետականը առայժմ այս հարցի շուրջ որևէ քննարկում չի ունեցել և չի էլ նախատեսում:
«Հանրապետականն ինքը օրակարգ ձևավորող ուժ է, այլ ոչ թե ուրիշի քաղաքական հնարքների ու պլատոնական սիրախաղերի մասնակից»:
Սոցիալական, գոյատեւման, տարկետման եւ 4 տոկոս վատ ապրելու բյուջե
Իսկ քառօրյայի ընթացքում խորհրդարանում այսօր քննարկում էր 2013 թ. պետբյուջեի նախագիծը: Եվ այսպես, հիմնական ցուցանիշները, որ հաջորդ տարվա համար նախատեսում է կառավարությունը:
Բյուջե 2013-ի ծախսային ծավալը 1 տրիլիոն 151 մլրդ դրամ է՝ մոտ 10 տոկոսով կամ 107 մլրդ դրամով նախորդ տարվա ցուցանիշից ավելի:
Բյուջեի ծախսերի 42 տոկոսը կառավարությունը նախատեսում է հատկացնել սոցիալական ոլորտին, 21 տոկոսը` պաշտպանությանը, 14 տոկոսը` տնտեսության ճյուղերին, 4.6 տոկոսը` պետական պարտքի սպասարկմանը: Ավելի ստույգ՝ պետական պարտքի սպասարկման համար կհատկացվի 52,5 մլրդ դրամ:
Որակում, որպես այդպիսին, կառավարության կողմից բյուջեն չի ստացել:Վարչապետն այն ընդհանուր առմամաբ սոցաիալակն որակեց, քանի որ ծախսերի գերակշիռ մասն ուղղվելու է սոցիալական ոլորտին: Փոխարենը՝ իրենց նախնական գնահատումներում բյուջեն հասցրել են որակել խորհրդարանական ուժերը:
ԲՀԿ ներկայացուցիչների կարծիքով՝ հաջորդ տարվա բյուջեն գոյատևման բյուջե է, դաշնակցության որակմամբ՝ տարկետման, իսկ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրանտյանի խոսքով՝ այս բյուջեն հաջորդ տարվա ընթացքում 4 տոկոսով ավելի վատ ապրելու մասին է:
Ի դեպ՝ խորհրդարանում բյուջեն ներկայացնում է ֆինանսների նախարարը: Նիկոլ փաշինյանը չէր հիշեում որևէ այլ դեպք, երբ հիմնական փաստաթուղթը չներկայացվի վարչապետի կողմից: Գուցե Տիգրան Սարգսյանն արդեն հրաժարակա՞ն է տվել՝ Վաչե Գաբրեիլյանից հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:
«Վարչապետը ողջ-առողջ է, պաշտոնավարում է և կշարունակի պաշտոնավարել»,- հնչեց պատասխանը։
Հայաստանի մի կտորը Հարավային Ամերիկայում
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորած պատվիրակությունը: ԱԺ այսօրվա նիստը սկսվել է Ուրուգվայի խորհրդարանի նախագահի ելույթով: «Պատիվ ունեմ ներկայացնել այն երկիրը, որն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասնց Խորխե Օրիկոն:
Հայ օրենսդիրներին ուղղված իր ելութում ուրուգվայցի պաշտոնյան հիմնականում խոսեց իր երկրի մասին ու փորձեց ներկայացնել այն դրական կողմերով:
Մենք բաց երկիր ենք, ասաց, որ փորձում ենք ամենաժողովրդավարը դառնալ մեր տարածաշրջանում: Եթե տարիներ առաջ Ուրուգվայը միայն մի քանի տասնյակ երկրների հետ էր հարաբերվում, ապա այսօր առևտարարդյունաբերական կապեր ունի աշխարհի ավելի քան 120 երկրի հետ, կարող է հպարտանալ 9 տարի շարունակ արձանագրվող տնտեսական կայուն աճով և ներդրումային գրավիչ մթնոլորտով:
Եվ, իհարկե, Խորխե Օրիկոն հիշատակեց նաև փաստը, որ Ուորգվայն առաջին պետությունն էր , որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը ու սկիզբ դրեց միջազգային ճանաչման գործընթացին:
«Մենք թոռներն ենք այն ուրուգվայցիների, որոնք դեռ 1915թ. իրենց սրտերը բացեցին հետապնդվող ազգերի համար: Մենք պատիվ ունենք լինել առաջինը, որ ընդունեց Հայոց ցեղասապանությունն ու օրենքի ուժ տվեց: Դա տեղի ունեցավ 1965թ. ապրիլի 22-ին: Մենք Հայաստանի մի կտորն ենք Հարավային Ամերկայում»։