Միջազգային

ԱՄՆ կոչ է անում Ռուսաստանին վերադառնալ Ուկրիանայի և Եվրահանձնաժողովի հետ գազի հարցով բանակցություններին

Միացյալ Նահագները կոչ է անում Ռուսաստանին վերադառնալ Ուկրիանայի և Եվրահանձնաժողովի հետ գազի հարցով  բանակցություններին` լրագրողներին ասել է պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին: «Եվրահանձնաժողովը աշխատում է երկու կողմերի հետ` մշակելու համար շուկայական գնի և վճարումների հարցում մրցունակ առևտրային փոխզիջում», -նշել է Պսակին:  «Բանակցությունների վերականգնումը անհրաժեշտ քայլ է»,- հավելել է նա: Պետդեպի ներկայացուցչի  խոսքով Ռուսաստանը պետք է վերադառնա բանակցություններին Եվրահանձնաժողովի առաջարկած փոխզիջումային հենքով: Նա հայտարարել է, որ Ուկրաինան ընդունել է այդ փոխզիջումը, չնայած հանգամանքին, որ ձախողել է բանակցությունները մերժելով Եվրահանձնաժողովի և «Գազպրոմի» առաջարկներն ու նաև հրաժարվել է մարել պարտքերը, գազի հազար խորանարդ մետրի համար պնդելով որպես գին 268.5 դոլարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերն առաջարկել էր պլան, որի համաձայն Ուկրաինան հունիսի 16-ին պետք է վճարեր մեկ միլիարդ դոլար և մինչև տարեվերջ իրականացներ ևս վեց փոխանցում: Բացի այդ հազար խորանարդ մետրի համար որպես գին սահմանվել էր 385 դոլարը: «Գազպրոմը» նույնպես իր հերթին պատրաստակամություն էր հայտնել գնալ փոխզիջման և 100 դոլարով զեղչել գազի գինը` 1000 խմ-ի համար սահմանելով 385 դոլար: Սակայն երկուշաբթի օրը երկար բանակցելուց հետո կողմերը չէին եկել համաձայնության և «Գազպրոմը» Ուկրաինայի գազի մատակարարումը տեղափոխել էր կանխավճարային ռեժիմի: «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ Ռուսաստան- Ուկրաինա-Եվրահանձնաժողով գազային եռակողմ բանակցությունների նոր փուլի համար քննարկման ենթակա հարցեր այլևս  չկան:

Back to top button