ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ալմա–Աթայի սկզբունքը կա սահմանազատման գործընթացում, բայց ոչ Խաղաղության պայմանագրի տեքստի նախագծում

Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստվում է իրավական գործընթաց սկսել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունների առնչությամբ։  Մայիսի 22–ին պատգամավոր Սուքիասյանը աղմկահարույց հայտարարություններ էր արել խորհրդարանի ամբիոնից՝ ընդդիմադիրներին սպառնալով բանտերով և ունեզրկմամբ։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը համոզված է, որ իշխանական պատգամավորի խոսքում տարրեր կան, որոնք  համապատասխանում են «Քրեական օրենսգրքի» որոշ հոդվածների։ Այժմ ընդդիմադիրները ուսումնասիրում են Սուքիասյանի խոսքը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ խորհրդարանական  ճեպազրույցների ժամանակ նշել է, որ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը չի արտացոլում կուսակցության դիրքորոշումը։ «Կուսակցությունը եւ խորհրդարանական խմբակցությունն առաջնորդվում են բացառապես դեմոկրատական մեթոդներով»,- հավաստիացրել է Հովհաննիսյանը։ ԱԺ ճեպարզույցների ժամին խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձել են նաև այլ աղմկահարույց հարցերի։

Իշխանությունը ցանկություն ունի հարկային դաշտ բերել Հայ առաքելական եկեղեցուն, բայց այդ ցանկությունը որևէ առնչություն չունի Տավուշի թեմի առաջնորդի գլխավորած ընդդիմադիր շարժման հետ։ Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն են՝ Եկեղեցու հետ քննարկումները սկսվել են դեռ 2019 թվականից։ Իշխանության նպատակը նախորդ օրը բարձրաձայնվեց խորհրդարանում ՝ պատգամավորի կողմից արված առաջարկի տեսքով։ Եկեղեցու հետ բանակցություններում իշխանությունը  նույնիսկ առաջարկել է հետո վերադարձնել հարկվածը, բայց որ թափանցիկությունը լինի պարտադիր պայման բոլորի համար։ Ընդհանուր հայտարարի կողմերը դեռ չեն եկել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պարզաբանում է՝ գործընթացը կապված է բոլոր ֆինանսական միջոցները ստվերից դուրս բերելու հետ։ 

«Վերջ ի վերջո քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, և մեր ընկալմամբ, հենց այս տրամաբանությամբ եկեղեցին պետք է առաջնորդվի։ Ֆինանսական միջոցները, որոնք շրջանառվում են ՀՀ–ում, պետք է դուրս գան ստվերից։ Այո, եկեղեցին ունի առանձնահատկություններ, ունի հարկային արտոնություններ, ունի մի շարք տարբեր նշանակությունների տարածքներ, նաև չօգտագործվող տարածքներ, որոնք պետության ընկալման տեսանկյունից կարող են օգտակար լինել պետության համար, օգտագործվել պետության տարբեր կարիքների համար։ Կարծում ենք, որ եկեղեցին պետք է առաջին հերթին համագործակցի պետության հետ այս իմաստով և աջակցի պետությանը, որպեսզի ստվերից դուրս գա»։

Պետություն–եկեղեցի հարաբերությունների հստակեցման ընթացքում փոխադարձ պահանջներ ներկայացնում է նաև եկեղեցին։ Մասնավորապես, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը ուշագրավ հայտարարություններ էր արել՝ ասելով՝ եթե պետությունն ուզում է, որ եկեղեցին հարկեր վճարի, ապա պետք է փոխհատուցի եկեղեցուն հասցրած վնասը։ Ըստ նրա՝ այդ վնասներն արտահայտվել են գույքի առգրավմամբ, հողերի բռնագրավմամբ: Աջապահյանը նշել է, թե Մատենադարանը նույնպես պետք է վերադարձվի եկեղեցուն, թվել է մի քանի գյուղերի անուններ՝ պնդելով, թե դրանք ևս պատկանում են եկեղեցուն և պետք է վերադարձվեն:

Խորհրդարանական ընդդիմությունն այս թեմայով առանձնապես ասելիք չունի։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը միայն վկայակոչում է վերջերս արված ուսումնասիրությունը, ըստ որի՝ Հայ Առաքելական Եկեղեցին 1000 խոշոր հարկատուների ցանկում է, զբաղեցնում է 488–րդ հորիզոնականը։

Ընդդիմությունը նախընտրում է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազտման գործընթացի մասին՝ համոզված լինելով, որ թույլ են տրվում լուրջ սխալներ։ Խորհրդարանական փոքրամասնությունը չի մտնում իշխանության առաջարկած՝ ՀՀ տարածքի հստակ թիվ հայտարարելու բանավեճի մեջ, համոզված է, որ դրանով սահմանազատման ընթացքում արհեստականորեն նվազեցվում են Հայաստանի հնարավորությունները։ Փոխարենը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հակադարձում է․  

«Ասե՛ք, որ Ջերմուկում գրավված դիրքերից Ադրբեջանը հետ է քաշվելու։ Ասեք, որ երկու ամիս հետո չասեք, թե դա Հայաստան չի, եսիմ ինչ է և այլն։ Ասե՛ք։ Չեն ասում։ Գիտե՞ք ինչու չենք ասում, որովհետև Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը այդ հարցում հետևյալն է՝ եկեք սկսենք սահմանազատման գործընթաց, ընթացքում եթե հանկարծ պարզվի, որ Ջերմուկից 1 կմ այն կողմ Հայաստան է, մենք հետ կքաշվենք։ Բա որ նենց անեն չպարզվի։ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը ամբողջական մշակված չէ, քննարկված չէ, անգամ սկզբունքները քննարկված չեն։ Եթե դուք ուշադրություն դարձնեք, ապա հրապարակային բոլոր խոսքերից և հայտարարություններից երևում է, որ այն սկզբունքը, որը կիրառվել է Տավուշի այդ հատվածում կարող է բացարձակ ոչ կիրառելի լինել»։

Ընդդիմադիրները մտավախություն ունեն, որ ամեն ինչ տանում է հենց այդ զարգացումներին։ Այս մտավախության հիմքերից մեկն էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունն է, որ Բաքուն ընդդիմանում է Ալմա–Աթայի հռչակագրի սկզբունքը ներառել «Խաղաղության պայմանագրի» տեքստում։

Ադրբեջանի հռետորաբանությունից և սադրանքներից բացի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մեկ այլ հիմնավորում է ներկայացնում Բաքվի մերժողականության համար։

«Մակերսը պետք է երկուստեք նշեն, Ադրբեջանի հետ մեկտեղ։ Քանի որ Ադրբեջանը հանդիսանում է մուսավաթական դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդը, և դա նշված է իրենց Սահմանադրության մեջ, նշանակում է, որ իրենք հավակնում են 114 հազար քկմ–ի։ Դրա համար է, որ Ադրբեջանը չի նշում որևէ մի մակերես։ Այդ 114 հազարի մեջ շուրջ 14 հազարը երևի ՀՀ տարածքից է»։

«Խաղաղության պայմանագրի» տեքստին առնչվող Բաքվի մերժողական դիրքորոշումը հաստատում են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում։ Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, սակայն, լավատեսության հիմքեր դեռ տեսնում է։

«Մեզ հաջողվել է ֆիքսել սահմանազատման գործընթացում Ալմա–Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում և սահմանագծում անելու պայմանավորվածություն Ադրբեջանի հետ։ Ցավոք, դեռևս Խաղաղության պայմանագրի շուրջ չկա այդպիսի համաձայնություն։ Մեզ համար նորություն չէ, որ Ադրբեջանը առանձնապես կառուցողական գործընկեր և հարևան չէ։ Սահմանազատման գործընթացում այս արձանագրմանը հաջողվել է հասնել մեր միջազգային գործընկերների կողմից, տարատեսակ ճնշումների և այլնի միջոցով։ Պարզ է, որ Ադրբեջանը դեռ չի ցանկանում զիջել իր դիրքերը։ Ինչևէ, ես ուզում եմ հղում անել բազմաթիվ միջազգային գործընկերների և ուզում եմ շեշտել, որ ըստ էության, կա միջազգային կոնեսնսուս առ այն, որ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը, ինչպես նաև «Խաղաղության պայմանագիրը» պետք է անպայմանորեն ֆիքսի Ալմա–Աթիի հռչակագրի պահպանման սկզբունքը և այդ ուղղությամբ մենք շարունակելու ենք մեր աշխատանքները»։

Տավուշի մարզում սահմանազատման գործընթացից սկսված ընդդիմադիր շարժումը իր դիրքորոշումը արտահայտելու համար արդեն հայտարարել է, որ ընդդիմադիր պատգամավորների միջոցով վարչապետի իմպիչմենտի գործընթաց է նախաձեռնելու խորհրդարանում։ 13 օր առաջ արված այս հայտարարությունները գործնական փուլ դեռ չեն մտել։ Գործընթացը խորհրդարանում իրականացնելու պատրաստակամությունը ստանձնած  «Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ հարցը օրակարգում է, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, հստակ  ժամկետներ դեռ չեն նշում։

Back to top button