ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Հորերում փտում էր». երեկվա թանկ կարտոֆիլն այսօր տոննաներով թափվում  է

Գեղարքունիքի մարզում գյուղացիները տոննաներով կարտոֆիլ են  թափել՝ չկարողանալով իրացնել այն։ Սպառողները տարակուսում են՝ գյուղացին նախընտրել է թափել կարտոֆիլը, բայց չիջեցնել գինը։ Գյուղացին էլ նեղսրտում է՝ գինը բարձր է եղել, քանի որ ավելացել են ծախսերը։ Պահանջարկը փոքր է եղել թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայում, ինչն էլ հանգեցրել է կարտոֆիլի ավելցուկի՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում բացատրել է տնտեսագետը և նշել, որ գյուղացուն պետք է ուղղորդեր պետությունը։

«Նայեք, ժողովուրդ, նայեք՝ ոնց են բերում, թափում այսքան կարտոֆիլ, կեսն էլ այնտեղ են տարել թափել։ Մեշոկներով»։

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ Գեղարքունիքի մարզում ֆերմերները գիշերով տոննաներով կարտոֆիլ են թափում։ Այն հիմնականում պարկերով է, ինչը փաստում է, որ կարտոֆիլն իրացման ենթակա է եղել, բայց չի իրացվել։

«Գեղարքունիքի մարզում, որ ծախում էին, շուկայում ում ասում էիր, ասում էին հողի մեջից 160-ով տանում են, ոչ մեկ չէր տալիս, ասում էին թանկ է, մեզնից խնդրում են, չենք տալիս այդ գնով, բա հիմա ինչու եք բերել թափել»։

Գյուղացիները, պարզվում է, ոչ  միայն բերքն են թափել, այլև ծախսած գումարը կորցրել։ Մարտունի խոշորացված համայնքի Արվանիստ գյուղից Սերինեի ընտանիքը ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս 1.5 հա կարտոֆիլ էր ցանել, բայց վաճառել այս տարի չի հաջողվել։

«Պահանջարկ չկար, բացարձակ չենք վաճառել, դրանից հետո երկար ժամանակ պահեցինք, երևի մեկ ամիս առաջ, երբ հորերում փտում էր, նեխածի հոտ էր գալիս, հանել ամբողջը լցրել ենք աղբը»։

Սերինե Աղաբեկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմեց, որ միայն իրենք չէ, որ տուժել են։ Գյուղում գրեթե բոլորը վնասներ են կրել։

«Շատ քիչ ընտանիքներ կան, որ կարողացել են որոշակի բերք վաճառել, հիմնականում նույն բախտին են արժանացել։  Բոլորը տարել, թափել են»։

Տնտեսագետ Գագիկ Մակարյանը սա կառավարության բացթողումն է համարում։ Նաև ուռճացված պահանջարկն ու արտահանման խնդիրներն են նպաստել կուտակումներին՝ ասում է։

«Մարզեր կան, որ մարդիկ իրենց տնամերձ հողամասը հիմնականում կարտոֆիլի համար են օգտագործում։ Պետության կողմից էլ չի եղել պլանավորում, պետությունը թողել է գյուղացու կամ մասնավորի վրա, արտահանման խնդիրներն էլ գյուղացիներից ոչ բոլորն են իմացել, որ Ռուսաստանի հետ կապված խնդիրներ կան կամ այլ պատճառներ»։  

Կարտոֆիլի վաճառքի ցանկալի գինը, ըստ մասնագիտական հաշվարկների,150 դրամի շրջակայքում  է։ Գյուղացին կարծել է, որ ավելացած պահանջարկի պայմաններում կարող է ավելի թանկ վաճառել, բայց սխալվել է։ Քանի որ սառնարանային տնտեսություն էլ չունի, հիմնականում պահեստներում է կուտակել, սակայն այդպես բերքը հնարավոր չէ երկար պահել, հատկապես շոգին։

«Գյուղացին տուժել է, բերքը փչացել է, պետք է թափեն, անասուններին էլ երևի հարմար չի տան, տուժել են։ Կարծում եմ՝ պետությունը պետք է որոշակի պլանավորման սխեմաներ մտածի, այլ երկրների օրինակով։ Հունվարին կամ դեկտեմբերին տվյալ կամ մյուս տարվա համար որոշակի պլանավորումներ պետք է արվեն, մինչդեռ  գյուղացին մնում է մենակ ՝ առանց ինֆորմացիայի, առանց հնարավորությունների, դրա համար էլ լինում են այս խնդիրները»։ 

Սերինեն և համագյուղացիները նույնպես կառավարությանն են մեղադրում։ Ինչ վերաբերում է գյուղացուն ուղղված մեղադրանքին, թե նախընտրել են բերքը թափել, բայց գինը չիջեցնել, բացատրում է՝ գինն այս տարի բարձր է եղել, քանի որ ծախսերն են ավելացել։

«Մարդիկ ինքնակամ չեն որոշում, որ մեկ կգ–ը պետք է արժենա 200 դրամ, գնագոյացումն առաջանում է ամբողջ տարվա ընթացքում այդ բերքի վրա ծախսված գումարներից։ Հողը երկու անգամ վարել, ցանել ենք, քանի որ մարդիկ այդ ամեն ինչը ձեռքով չեն անում, տեխնիկայով են անում, դրա համար վճարում են։ Բացի դրանից՝  անցյալ տարի պարարտանյութի գները բավականին բարձր էին․ մի պարկ պարարտանյութը նախկին 6000-ի փոխարեն գնում ենք 25 հազարով, բնական է, որ մարդ չի կարող կարտոֆիլը վաճառել նույն 100  դրամով, ինչ այն ժամանակ, երբ պարարտանյութը 6000 էր։ Անձամբ մենք գրեթե 2 մլն 300 հազար դրամի գումար էինք ծախսել, այդ գումարը ամբողջությամբ կորցրինք, որովհետև չկարողացանք վաճառել»։

Գագիկ Մակարյանը գյուղացիներին հորդորում է չհիասթափվել, շարունակել հողը մշակել, կարտոֆիլ աճեցնել, բայց ավելի հաշվարկված, պետության հետ համագործակցելով։ Պետությունն էլ մեծ անելիք ունի, իրազեկելու և հետևելու, որ գյուղացին պահանջվածից ավելի բերք չաճեցնի ու ցանածից ոչ թե տուժի, այլ օգտվի։ Թե ինչու պետությունը չի հաշվարկել  ռիսկերը, չի իրազեկել ու ուղղորդել գյուղացիներին,

Էկոնոմիկայի նախարարությունից չհաջողվեց պարզել։ Նախարարությունում խնդրին ծանոթ են, սակայն այս փուլում նպատակահարմար չեն համարում անդրադառնալ պատճառներին։

Back to top button