ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կյանքը հեշտացնող մագիստրոսական թեզեր․ արհեստական բանականություն ուսումնասիրողներն ավարտում են ԵՊՀ-ն

Միացրեք ձայնագրությունը։

Հնչող այս նախադասությունները հասկանալով դուք ոչ ոքի չեք զարմացնի։ Ձեռքի տակ թուղթ, գրիչ կամ ստեղնաշար ունենալու դեպքում դուք այն հեշտորեն գրավոր տեքստ կդարձնեք․ սա բնական բանականության համար սովորական մի բան է։ ԵՊՀ Մաթեմատիկայի ու մեխանիկայի ֆակուլտետի Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Նատալի Գզրարյանը դա անել է սովորեցրել արհեստական բանականությանը։

«Թեզի բուն թեման հայերեն լեզվի համար խոսքի ճանաչման մոդել կառուցելն է եղել։ Եթե ունենք որևէ աուդիո ձայնագրություն, որտեղ հայերենով ինչ-որ բան է ասվում, ապա այդ աուդիոյից կկարողնանք ճշգրիտ տեքստ վերարտադրել։ Այս տեսակի մոդելները կարելի է օգտագործել թարգմանչական ծրագրերում, այսինքն, եթե ուզում եք աուդիոյից միանգամից տեքստային թարգմանություն ստանալ այլ լեզվով, կամ օրինակ բանկային, ֆինանսական ոլորտում հաճախորդների սպասարկումը փորձում են ավելի օպտիմալացնել բոտերի ներգրավվածությամբ, այդտեղ ևս այս տեսակի մոդելները օգտակար են լինում»։

Նատալի Գզրարյանը բակալավրի որակավորումը ստացել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, մագիստրոսի առաջին կոչումը՝ Ֆրանսիայի բուհերից մեկում։ Մագիստրոսական այս ծրագրի և սովորածն ամփոփող գիտական աշխատանքի մասին կարողանում է խոսել՝ որակը համեմատության մեջ դնելու հնարավորություն ունենալով։

«Ինձ համար կառուցվածքն իդելական էր, քանի որ ամենասկզբում մաթեմատիկայի հիմքն էր դրվում, որը ես չունեի մինչև այս ծրագիր ընդունվելը։ Բացի դրանից՝ այն առարկաները, որոնք անցել ենք, շատ գործնական էին ու ավելի շատ էին ստիպում, որ ավարտական աշխատանքը ինչքան հնարավոր է կիրառելի լինի»։

Մագիստրոսական ծրագիրը արհեստական բանականություն ստեղծող, դրա հետ աշխատող ու կիրառելի դարձնող մասնագետներ է պատրաստում 2018-ից։ Ծրագրի ղեկավար Կարեն Քեռյանն ասում է՝ մասնագիտությունն արդիական է ու գրավիչ նախնական շատ տարբեր կրթություն ունեցող մարդկանց, ասենք՝ փիլիսոփաների, բժիշկների, քաղաքագետների համար։

«Հենց այդ ամենը հաշվի առնելով՝ առաջին կիսամյակը նվիրված է խորը մաթեմատիկական հիմքերը տալուն, ինչն անհրաժեշտ է լինելու մնացած առարկաները սովորելու համար։ Իսկ երկրորդ կիսամյակում արդեն մեքենայական ուսուցման հիմքերն են սովորում, խորը մասնագիտական առարկաներ են անցնում, որոնք շատ դեպքերում հենց կիրառական բնույթի են, իսկ չորրորդ կիսամյակում այդ գիտելիքներով զինված կարող են ինդուստրիայի ղեկավարների օգնությամբ շատ հետաքրքիր պրոյեկտներ անել ու մագիստրոսական թեզեր ունենալ»։

Ասում է՝ Միքայել Պողոսյանի հետ ծրագիրը ստեղծել են գիտական-ակադեմիականի և կիրառականի համագործակցությամբ։ Դասերի մի մասը տիպիկ համալսարանական են՝ գիտնական, գրատախտակ, լեկցիաներ, մյուս մասը՝ խիստ կիրառելի՝ ոլորտի մասնագետներ, աշխատաշուկայում պահանջված առաջադրանքներ, կոնկրետ խնդիրների լուծում։

Առաջինում ուսանողներն ինչ-որ բան անելու կարողություն, երկրորդում՝ գաղափար են ստանում՝ պատմում է կրթական ծրագրի շրջանավարտ Վազգեն Զոհրանյանը։

«Պիքսարտի հետազոտական խմբի ղեկավար Շանթ Նավասարդյանը սեմինարների շարք է անցկացնում մեր մագիստրատուրայի երկրորդ կուրսում։ Մասնակցել եմ այդ սեմինարներին, հետո պիտի թեզի ղեկավար ընտրեի, քննարկել եմ իր հետ, պրոյեկտն է ներկայացրել, որը ուզել են իրականացնել, հետաքրքրություն եմ ցուցաբերել ու սկսել ենք աշխատանքները, ու աշխատանքի ընթացքում է պարզ դարձել, որ դա կարող է դառնալ գիտական հոդված»։

Այսպես Վազգեն Զոհրանյանը սկսել է Արհեստական բանականության միջոցով հետազոտել զարկերակային անոթների անոմալիաները՝ դրանց լայնացումներն ու նեղացումները, և մագիստրոսական թեզում ներկայացրել արհեստական բանականությամբ բժիշկների գործը հեշտացնող ալգորիթմ։

«Վիրահատությունների ժամանակ բժիշկներին հաճախ է պետք գալիս գործիք, որը արագ արդյունք ցույց կտա զարկերակի մասին, որ վիրահատության ընթացքը ավելի լավ ու արագ լինի։ Այս պահին բժիշկների մեծ մասը վիրահատությունը կարող է ընդհատել, նկարները նայել ու դրանից հետո որոշում կայացնել։ Սրա միջոցով որոշակի նախնական տվյալներ ենք տալիս բժիշկին ինչ-որ անոմալիաների հետ կապված, որը հետագայում կարա իրան օգնի ավելի արագացնել պրեցեսը, կամ եթե բժիշկը ինչ-որ պահի չի հասկանում՝ ինչ է կատարվում կամ պետք է հասկանալ տվյալ անոմալիայի չափը տոկոսային հարաբերակցությամբ, էդ ամենը փորձում է մեր արած պրոյեկտի արդյունքում ստացած ալգորիթմը տալ։ Պրոյեկտը կատարվել է Գերմանիայի համալսարանական հիվանդանոցի պրոֆեսորի և բժիշկի հետ միասին։ Կարողացանք հասնել ինչ-որ արդյունքի, որը որոշեցինք ուղարկել կոնֆերենսի, ու հաստատվեց, որ հոդվածը պետք է տպագրվի»։

Մագիստրոսական ծրագիրն այս տարի 27 շրջանավարտ է ունեցել, գրվել է 27 մագիստրոսական թեզ, որոնք կոնկրետ կիրառելի արդյունք կամ գիտական արժեք են ունեցել։ Սպառելու փոխարեն արտադրել ու արհեստական բանականության զարգացմանը դիտելու փոխարեն մասնակցել ցանկացողների համար կրթական ծրագրի նոր ընդունելությունը կմեկնարկի հունիսին։

Back to top button