ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

2023–ի փոխարեն՝ 2025․ Շատջրեքի դպրոցի օրինակով կապամոնտաժվի ևս մեկը

Պետբյուջեի միջոցներով Հայաստանում իրականացվում է 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու պետական ծրագիրը։ Կառավարությունը 2 միլիարդ 920 միլիոն դրամ կհատկացնի 10 կրթահամալիր կառուցելու համար։ Կառուցվող դպրոցների մի մասը մոդուլային կառույցներ են։ Բայց միշտ չէ, որ դրանք համապատասխանում են նորմերին։ Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները պաբերաբար այցելում են կառուցվող դպրոցներ։ Գեղարքունիքի մարզի Շատջրեք համայնքի դպրոցի շինաշխատանքները դեռ չեն ավարտվում, փորձում են վերացնել թերությունները։ Թեման այսօր նաև կառավարության նիստում է քննարկվել։ Քաղշինկոմիտեի նախագահը հայտարարել է, որ առաջիկայում ևս մեկ կառուցվող դպրոց կապամոնտաժվի։

Կոնստրուկտիվ թերություններ՝ սյուների ամրանավորման բացակայություն, բետոնի խզումների առկայություն ու ոչ միայն․ Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գևորգ Խրիմյանը թվարկում է բոլոր այն խնդիրները, որոնք ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ են հայտանբերել պետբյուջեի միջոցներով կառուցվող դպրոցի շինարարական աշխատանքներում․

«Դպրոցի տանիքի ծածկը չի համապատասխանել նախագծով նախատեսված բետոնե դասին, այն ամբողջությամբ քանդվել է։ Սա արդեն նորն է»։

Դպրոցը Գեղարքունիքի մարզում է՝ Շատջրեք համայնքում։ Շատջրեքի միջնակարգ դպրոցի տնօրեն Երազիկ Աբրահամյանն ընդգծում է․ հին դպորցի երկու մանսաշենքը քանդվել են, նորն է կառուցվում, չնայած խնդիրներին՝ դասապրոցեսը շարունակվում է․ 

«Եթե երկու մասնաշենքը քանդվել է, սանհանգույցի, հոսող ջրի հետ կապված խնդիրներ կան։ Բայց տարրական պայմաններ կան՝ դասապրոցեսը առկա ձևաչափով կազմակերպելու համար։ Շենքը բավականին հին էր, տանիք չկար, անձրևաջրերը անընդհատ լցվում էին ներս։ Հետևաբար նոր դպրոց կառուցելու կարիք կար»։

Շատջրեքի միջնակարգ դպրոցը պետք է ունենա տիպային (մոդուլային) շենք։

Աշխատանքները սկսվել են 2020 թվականից ու մինչ օրս չեն ավարտվում։ Մինչ թերություններ արձանագրելը, նախագիծը մեկ անգամ արդեն փոփոխվել էր՝ այստեղ ներառված չէր ապաստարանը, փոփոխությունից հետո այն ավելացվել է նախագծում։ Նախորդ ուսումնական տարեսկզբին պատրաստ լինելու փոխարեն դպրոցը դեռ շինհրապարակ է հիշեցնում։ Ամբողջությամբ քանդվում են մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի բետոնե բլոկներով կառուցված արտաքին պատերը, մասնակի քանդվում են երկաթետոնե դիաֆրագմաները և ուժեղացման ոչ ենթակա սյուները։ «Գրիգորյան Շին» ընկերության ներկայացուցիչ Վահրամ Գրիգորյանը ասում է՝ շինարարության ձգձգման պատճառը եղանակն է․ «Այստեղ ավելի շատ ձմեռ է լինում, քան ամառ»։

Սա հանրապետությունում կառուցվող միակ դպրոցը չէ, որի շինաշխատանքներում խնդիրներ են ի հայտ եկել։ Ընդհանուր առմամբ ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ, 107 օբյեկտ շինարարության փուլում է գտնվում։ Քաղշինկոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը վստահեցնում է՝ շինարարության որակն իրենց հսկողության տակ է, ակտիվորեն աշխատում են նաև մարզերի գործընկերների հետ․

«Հիմնականում աշխատանքները գնում են առանց լուրջ խնդիրների։ Բայց, օրինակ, Գեղարքունիքի մարզի Շատջրեքի դպրոցում մեր գործընկերների հետ պարզել ենք, որ շեղումները այնպիսին են, որ հնարավոր չէ լուծումներ տալ, պետք է ապամոնտաժվի։ Շինարարն իր ուժերով ապամոնտաժել է ու պետք է իրականացնի այդ հատվածի շինարարությունը» ։

Առաջիկայում ևս մեկ դպրոց գուցե ապամոնատժվի՝ ասում է Եղիազար Վարդանյանն ու վստահեցնում՝ մնացած տեղերում նման լուրջ խնդիրներ չկան։ Վարչապետն արձանագրում է՝ շինարարը պետք է հասկանա, որ ճիշտ չէ նման ձևով աշխատելը․

«Ցավալի է, որ ապամոնտաժման գործընթացը ժամանակ է տանում, բայց մենք պետք է սկզբունքային լինենք։ Մեկ–երկու նման դեպք, այդ նախադեպերը մեր հարգելի շինարարներին հստակ ուղերձ կլինեն, որ պետք չէ անել։ Շահավետ չի նաև իրենց համար։ Իհարկե, հեշտ չի լինելու, տարբեր բողոքարկումներ կլինեն, կընկնենք նաև դատական պրոցեսների մեջ, որոնք տարիներ կարող են տևել։ Բայց կապ չունի, մենք պետք է այդ ճանապարհով գնանք»։

Ամռանը առնվազն 50 դպրոցի կառուցման, նորոգման կամ վերանորոգման փաթեթ պատրաստ կլինի։ Դպրոցների շինարարության մի մասը կավարտվի արդեն այս տարի։ Մարզերում կան հանրակրթական դպրոցներ, որոնք տվյալ բնակավայրում միակ կրթական օբյեկտներն են, ունեն սեյսմակայունության խնդիրներ, և դրանց նորոգումը կամ վերակառուցումը քաղաքաշինական նորմերով արգելվում է և տնտեսապես արդյունավետ չէ: Նախատեսվում է այդ դպրոցների փոխարեն կառուցել նոր մոդուլային շինություններ։ Ծրագիրը վերաբերվում է մինչև 140 աշակերտ ունեցող դպրոցներին: Այժմ իրականացվում է 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու պետական ծրագիրը։

Back to top button