ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Տրանսպորտի սակագինը կփոխվի հունվարի 1-ից․ Երևանի ավագանին համակարգի ներդրումը հետաձգել է 4 ամսով

Երևանի ավագանին որոշել է 4 ամսով հետաձգել մայրաքաղաքում տրանսպորտի նոր սակագին ու տոմսային համակարգ սահմանող որոշման ուժի մեջ մտնելը․ քաղաքացիները նոր կարգով նախկին սեպտեմբերի 1-ի փոխարեն տրանսպորտից կօգտվեն 2025թ հունվարի 1-ից։ Հետաձգումը քաղաքային իշխանությունը պայմանավորում է նոր մատակարարվող ավտոբուսների ուշացմամբ, ընդդիմադիրներին, սակայն, հիմնավորումն այնքան էլ չի բավարարում․ պնդում են՝ իշխող ուժը շարունակում է, ինչպես իրենք են ասում՝ թափանցիկ չաշխատել։

Մայրաքաղաքում տրանսպորտի սակագինը կփոխվի ու տոմսային նոր համակարգը կգործարկվի ոչ թե սեպտեմբերի, այլ հունվարի 1-ից։ Այսօր ավագանին ընդունեց որոշում համակարգի ներդրումը 4 ամսով հետաձգելու վերաբերյալ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը բացատրում է՝ որոշել են հետաձգել, որ հասցնեն բոլոր խոստումները կյանքի կոչել։

«Ուզում եմ տեղեկացնել, որ համակարգի ներդրման ժամկետի հետաձգումը պայմանավորված է այն խոստման հետ, որ մենք տվել ենք երևանցիներին, մասնավորապես՝ 171 նոր ավտոբուսների և նոր տրոլեյբուսների գիծ մտնելուց հետո միայն նոր համակարգը կգործարկվի»։

Տոմսային համակարգի ու տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ քաղաքապետարանը դեռ նախորդ տարի էր խոսում, համապատասխան որոշումը երկար քննարկվելուց, քննադատվելուց ու լրամշակվելուց հետո ի վերջո ամիսներ առաջ՝ 24-ի մարտին, ընդունվեց։ Դրա գործարկումը նախատեսվում էր սեպտեմբերի 1-ին, այժմ հետաձգվում է 4 ամսով։ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանը հետաքրքրվում է՝ ինչու է իշխող ուժը որոշումն ընդունում չզեկուցվող հարցերի փաթեթում։

«Խնդրում եմ պարզաբանեք, թե ինչպես են հարցերը դառնում զեկուցվող կամ չզեկուցվող․ միևնույն ժամանակ քանի որ տրանսպորտի սակագնի թանկացումը հետաձգելու վերաբերյալ քննարկում այսօր չի լինելու, կխնդրեմ այնուամենայնիվ քաղաքապետը անդրադառնա՝ այդ 171 ավտոբուսները ինչու են ուշանում, պետք է լինեին սեպտեմբերին, հետո նոյեմբերին, հետո պարզվեց հունվարին, գո՞ւցե 2025թ պետք է լինեն․ որ օղակի թերանալու պատճառով է այս ուշացումը ու երբ են ի վերջո Երևանում լինելու»,– ասում է Երիցյանը։

Տրանսպարտի վերաբերյալ նախագիծը մի քանի անգամ տարբեր նիստերին մի քանի ժամ քննարկվել է՝ ասում է քաղաքապետը։ Դա է պատճառը, որ որոշել են զուտ տեխնիկական շտկում ենթադրող նախագիծն այլևս չքննարկել։

«Պլանավորում ենք շարժակազմերը ստանալ հոկտեմբեր ամսին, և ձևակերպումներն իրականացնելու, գծեր մտցնելու ու որոշակի տեխնիկական լուծումներ ապահովելու համար է առաջարկվում ժամկետը տեղափոխել հունվարի 1։ Վստահաբար, նոյեմբերի 1-ին էլ կհասցնեինք, դեկտեմբերի 1-ին էլ, բայց որոշեցինք 1-2 ամիս տալ հնարավոր բոլոր ծրագրային շտկումները անելու, որ հունվարի 1-ից տոմսային համակարգը ամբողջական ու անթերի շահագործվի»,– ասում է Ավինյանը։

Մարտին ընդունված որոշման համաձայն` քաղաքացիները մայրաքաղաքի հասարակական տրանսպորտից օգտվելու համար պետք է ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմսեր գնեն՝ առաջարկվող 6 փաթեթներից ընտրելով ամենահարմար տարբերակը։ 1 տարի տրանսպորտից անսահմանափակ օգտվելու համար ուղևորը պետք է վճարի 90 հազար դրամ, 3 ամիս անսահմանափակ քանակությամբ օգտվելը քաղաքացու գրպանին կարժենա 24 հազար դրամ, մեկ ամիս անսահմանափակ երթևեկելը՝ 9000 դրամ։ Հասարակական տրանսպորտից ավելի քիչ օգտվողների համար քաղաքապետարանը սահմանափակ փաթեթներ է առաջարկում․ օրինակ՝ 1 օրվա ընթացքում 8 անգամ տրանսպորտից օգտվելու համար պետք է 900 դրամ կամ 300 դրամ վճարել և 90 րոպեի ընթացքում հասցնել 3 անգամ օգտվել տրանսպորտից:

Ավագանու ընդդիմադիր անդամներն առիթն օգտագործելով հիշեցնում են՝ դեմ են արդեն ընդունված նախագծին։ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը նկատում է՝ տրանսպորտի սակագնի վերաբերյալ ավելի արդյունավետ ու մատչելի նախագիծ էին հեղինակել, որն այդպես էլ ավագանու նիստի օրակարգ չմտավ։

«Նախ պետք է արձանագրենք, որ «Մայր Հայաստան» խմբակցության բերած նախագիծը այդպես էլ չի մտնում օրակարգ կամայական վերաբերմունքի պատճառով, իսկ օրվա իշխանության նախագիծն անընդհատ հետաձգվում է։ Մենք երիցս համոզվեցինք, որ գործող սակագները հնարավոր է պահպանել, և դեռ ավելին, «Մայր Հայաստանի» նախագծով հնարավոր է ունենալ շատ ավելի մատչելի սակագին, քանի որ այն սև խոռոչները, որ կան Երևան ավտոբուսում, անհերքելի են»,– ասում է Մանուկ Սուքիասյանը։

Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր 100-ից մինչև 35 հազար դրամ արժողությամբ տոմսային համակարգ ու սա իրատեսական էր համարում, եթե բացառվեն չարաշահումները։ Ավինյանը հակադարձում է՝ հունվարի 1-ից տոմսային նոր համակարգի ներդրմամբ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգից ստվերը կվերանա, քանի որ բացառվելու է կանխիկ դրամի՝ 100-դրամանոցների շրջանառությունը։  

Back to top button