ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը հայ պաշտպաններ են պետք․ փաստաբաններ

ԿԽՄԿ աշխատակիցները հերթական անգամ այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Փաստաբանները հուշում են, որ հնարավոր է հարկադրանքի ներքո Ադրբեջանում պահվող գերիները աղմկահարույց հայտարարություններ անեն, սակայն պետք է ըմբռնումով մոտենալ ու զգոն լինել, քանի որ նրանք ադրբեջանական հարկադրանքի տակ են։ Փաստաբանը պնդում է, որ անհրաժեշտ էր, որ հայ գերիների համար պաշտպաններ մեկնեին Հայաստանից։

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ սկսվող շինծու դատավարությունների ընթացքում հնարավոր են հայտարարություններ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ, զգուշացնում է փաստաբան Նինա Կարապետյանցը՝ հայ հասարակությանը հորդորելով ըմբռնումով մոտենալ սպասվող դատավարությունների ժամանակ հնչող հայտարարություններին։ Պետք է հաշվի առնել, որ հայերը ադրբեջանական գերության մեջ են և նրանց կարող են պարտադրվել այնպիսի հայտարարություններ, որոնք մեծ աղմուկ կարող են առաջացնել Հայաստանում։

«Անտրամաբանական կլինի ասել, թե այնտեղ հայ ռազմագերների շահերը պաշտպանված կլինեն։ Ես մտավախություն ունեմ, որ հենց ղեկավարությանը կարող են ստիպել անել հայտարարություններ՝ ադրբեջանական նարատիվները հիմնավորելու, ապացուցելու, դրանց վերաբերյալ գրավոր թուղթ ունենալու համար։ Դա կարող է ուղղված լինել ՀՀ դեմ, դա կարող է նաև հետագա միջազգային դատական հայցերի համար հիմնավորումներ օգտագործվեն։ Հաշվի առնելով, թե որքան հետևողական է այդ ուղղությամբ աշխատում Ադրբեջանը, մեծ մտավախություններ ունեմ այդ առումով։ Ի՞նչ պետք է անեինք մենք։ Մենք պետք է ամեն ինչ անեինք հայ ռազմագերիներին հետ վերադարձնելու համար։ Հայ հասարակությունը շատ զգոն պետք է լինի, անկախ նրանից, թե ինչ կհնչի ցուցմունքների տեսքով, պետք է հասկանալ, որ խոսքը անազատության մեջ գտնվողների մասին է»։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հունիսին տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին, որոնց դեմ հորինված ծանր մեղադրանքներ են առաջադրված։

Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան չի հստակեցնում, թե երբ են կոնկրետ ԿԽ աշխատակիցներն այցելել հայ գերիներին, սակայն տեղեկացնում է, որ ձերբակալվածների հետ անցկացվել են անձնական հանդիպումներ, պայմաններ են ստեղծվել ընտանիքների հետ շփումների համար, գնահատվել են նաև նրանց պահման պայմաններն ու նրանց հետ վարվելու կանոնները։

Նախօրեին էլ Բաքուն հաղորդագրություն տարածեց, թե հայ գերիների նկատմամբ հարուցված քրեական գործերն առաջիկայում կփոխանցվեն դատարան: Նշվում է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն արդեն ավարտվել է։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ադրբեջանական հարձակման հետևանքով 16 անձ էր գերեվարվել , նրանցից 8 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամներն են՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Հայ գերիների օր առաջ ազատ արձակումը Հայաստանի Հանրապետության անվտանգությունից էր բխում՝ ասում է փաստաբան Կարապետյանցը՝ ընդգծելով, որ ամեն ջանք պետք էր գործադրել նրանց ազատ արձակելու համար։

Փաստաբան Հայկ Ալումյանը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բազմաթիվ գործերով կարողացել է հասնել իր պաշտպանյալների խախտված իրավունքների վերականգնմանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցրեց, որ ամեն ինչ պետք էր անել որ Ադրբեջանում անազատության մեջ գտնվողներին այցելեին Հայաստանից փաստաբաններ․

«Լավ է, որ ԿԽ–ն այցելել է նրանց, բայց դա քիչ է, այնտեղ պետք է փաստաբաններ գնան։ Մարդկությունը դեռ ոչ մի ուրիշ ճանապարհ չի հայտնագործել՝ մարդուն քրեական հետապնդման ընթացքում կամայականություններից, մարդու իրավունքների խախտումներից պաշտպանելու համար, բացի նրանից, որ նրանց այցելեն փաստաբաններ։ Մնացած ամեն բան խոսակցություններ են՝ տպավորություն ստեղծելու համար։ Հակառակ դեպքում մենք կտեսնենք կամայականություն և անընդհատ կունենանք այն մտավախությունը, որ խոշտանգումների են ենթարկվում մեր հայրենակիցները, կունենանք մտավախություններ, որ նրանց նկատմամբ եվրոպական կոնվենցիան խախտվում է և չենք ունենա հստակ փաստեր դրան կողմ կամ դեմ վկայող»։                   

Փաստաբան Հայկ Ալումյանը պնդում է, որ Բաքուն չի կարող արգելել Հայաստանից փաստաբանների այցելությունը անազատության մեջ գտնվողներին, և որ դրա համար գոյություն ունեն միջազգային մեխանիզմներ։ Փաստաբան Ալումյանի պարզաբանմամբ՝ արգելքը Եվրոպական կոնվենցիայի խախտում կարող է դիտարկվել և ՄԻԵԴ-ը կարող է լուրջ մեխանիզմներ կիրառել Բաքվի դեմ։ Նա պնդում է, որ այդ հարցը բազմիցս բարձրացրել է․

«Փաստաբանի հետ աշխատելու գլխավոր նախապայմանն այն է, որ մեղադրյալը վստահի փաստաբանին։ Պատկերացնո՞ւմ եք՝ տարիներով անազատության մեջ գտնվող այդ առումով փորձառություն չունեցող մեր հայրենակիցները հանդիպում են ադրբեջանցի փաստաբանի․․․, գուցե որևէ մեկի բախտը բերի ու շատ լավ փաստաբանի իրեն առաջարկեն, բայց նա պետք է վստահի այդ փաստաբանին։ Մեզ 2001 թվականի հունվարից խոստանում էին, որ այդ հարցը կլուծեն։ Փաստաբանը կարող է անարգել հանդիպել, խոսել մեղադրյալի հետ, եթե անգամ խոսքը Բաքվի բանտի մասին է։ 2021 թ․ էլ եմ դա ասել, 2022թ․ էլ եմ ասել, ու դրանից հետո հասկացա, որ շատ ուժեղ դիմակայող ուժ կա դրան։ Կառավարությունն ամեն բան անում է, որ դա տեղի չունենա»։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված քրեական գործերն առաջիկայում կփոխանցվեն դատարան։ Մինչ այդ փաստաբանները կասկած չունեն, որ դրանք լավ մտածված շոու են լինելու միջազգային հանրության համար, որ հիմք ստեղծեն ՀՀ դեմ նոր դատական հայցերի համար։ Փաստաբանը նաև հստակեցնում է, որ անազատության մեջ գտնվող անձի հայտարարությունները չեն կարող արժանահավատ ընկալվել միջազգային ատյաններում։

Back to top button