ԿարևորՄշակույթ

«Ոսկոր», «Սգացող կանայք», «Խալի»․ երեք պատմություն կնոջ մասին՝ ժամանակակից պարի լեզվով

Սյուժետային գծով իրար հետ կապ չունեցող երեք ներկայացումները կնոջ մասին են։ Առաջին՝ «Ոսկոր» ներկայացումը պատկերում է անտառում ապրող վայրի կնոջը, որն այնքան ուժեղ է, որ ոսկորներից վերակենդանացնում է գայլին կամ մարդուն։ Բեմադրիչ- խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանը ոգեշնչվել է ամերիկացի գրող Կլարիսա Պինկոլա Էստեսի «Կանայք, որոնք վազում են գայլերի հետ» գրքից, որը 145 շաբաթ մնացել է New York Times-ի բեսթսելլերների ցանկում․

«Շատ հետաքրքիր թեմա է, կարծես վերածնում է հին, նախնի կնոջ վայրի տեսակը, որն ապրում է անտառում, մենակ է և ոսկորներ է հավաքում, հիմնականում գայլերի, բայց նաև տարբեր կենդանիների ու մարդկանց, և ոգու շնորհիվ վերակենդանացնում է այդ կերպարները»։

Հնում հուղարկավորությունների ժամանակ սգացող կանայք ինչքան ուժեղ էին պոկում իրենց մազերն ու որքան բարձր էին գոռում, այդքան հարգված էր համարվում մահացած անձը։ Սիդոն քաղաքում գտնված «Սգացող կանայք» սարկոֆագը պատկերում է նրանց, դրանից ներշնչված՝ Պիպոյանը բեմադրել է ժամանակի ընթացքում սգացող կնոջ վերափոխությունը։

«Հիմա ես ցույց եմ տալիս այդ ժամանակներից անցումը մեր ժամանակներին, թե որքան են այդ կանայք փոխվել ու ինչքան պայքարող են դարձել հիմա, կարծես արագ փոփոխություն է լինում, հանդիսատեսը, կարծում եմ, դա շատ պարզ կնկատի»։

Երրորդ ներկայացումը հայկականի ու ժամանակակիցի խաչասերումն է։ 5 պարուհիներ մարմնավորում են հայկական գորգերի մոռացված 5 գույները․

«Էս պահին իրենք մոռացված են, լքված ինչ-որ տեղում են՝ նկուղում , և որոշում են պատմել իրենց պատմությունը, ամեն մեկը յուրովի՝ ինչ են զգացել՝  գործվելուց մինչև տարբեր երկրներ անցնելով»։

Ռիմա Պիպոյանը

Այս բոլոր պատմությունները հանդիսատեսը տեսնելու, լսելու և զգալու է մեկ երեկոյի ընթացքում։ Պարուհիները Երևանի պարարվետի պետական քոլեջի «Մոդեռն պար» բաժնի շրջանավարտներն են։ 2020-ին այդ բաժինը հիմնադրել և մինչ օրս ղեկավարում է Ռիմա Պիպոյանը։ Ասում է՝ արդեն չորրորդ տարին երիտասարդ պարողներն ավարտում են քոլեջը, բայց բեմ ու թատրոն չեն հասնում, հիմա ստեղծվել է առաջին հնարավորությունը։

«Ներգրավված են 17-18 տարեկան աղջիկներ, որոնք արդեն ավարտել են պարարվեստի պետական քոլեջի «Մոդեռն պար» բաժինը։ Նրանք  իմ լավագույն ուսանողներն են, և հույս ունեմ՝ առաջիկայում կկազմեն պրոֆեսիոնալ ժամանակակից պարողների կորիզը, ինչն այսօր շատ անհրաժեշտ է Հայաստանին»։

Ներկայացումները ստեղծվել են Երևանի մնջախաղի պետական թատրոնի հետ համագործակցությամբ։ Թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանն ասում է՝ իրենց դերասանները ներգրավված չեն, բայց համագործակցությունը սպասված էր։

«Սա իմ ծրագրում է եղել, որպեսզի Մնջախաղի թատրոնը այլ գույներով հանդես գա, այսինքն՝ չկենտրոնանանք միայն մնջախաղի վրա, և օգտագործենք մարմնի լեզվի բոլոր տեսակները, որ ավելի լայն հանդիսատես ներգրավենք, ավելի ներկայանալի լինենք ամբողջ աշխարհին»։

Ներկայացումներում հնչելու են Սերգեյ Ումրոյանի, Հայկ Կարոյի և «Խազեր» երգչախմբի կատարումները։ Դրանցից մի քանիսը գրվել են հենց բեմադրությունների համար, ներկայացումներից երկուսը՝ «Խալի»–ն և «Սգացող կանայք»,  նաև համաշխարհային պրիեմերաներ են՝ այս թեմաներով ու ժանրով առաջին բեմելը։ Այս աշնանն արդեն Ռիմա Պիպոյանի գլխավորությամբ պարուհիները կմեկնեն Ֆրանսիա՝  փառատոններից մեկում ներկայացնելու Հայաստանը։

«Հայաստանը պետք է ներկայացվի այս տարի Փարիզում,  այդ փառատոնը ամեն տարի ընտրում է մի երկիր։ Այս տարի ընտրել են ինձ և Տիգրան Համասյանին, և սա շատ լավ առիթ է, որ մեր համագործակցությունը նաև էնտեղ ներկայացնենք, ես արդեն  ներկայացրել եմ մեր ծրագիրը, հավանության է արժանացել»։

Ներկայացումների առաջնախաղերը հուլիսի 1-ին են՝ երեկոյան ժամը 20-ին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել դրանք նաև սեպտեմբերին։

Back to top button