ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գործատուն՝ ուսուցիչ․ ուսանողն ավելի հեշտ կգնա աշխատաշուկա

Ուժի մեջ է մտել «Մասնագիտական կրթության ու ուսուցման մասին» նոր օրենքը, որը համակարգելու է ուսումնարանների, քոլեջների աշխատանքը։ Ոլորտին վերջին անգամ օրենսդրական անդրադարձ եղել էր շուրջ 20 տարի առաջ։ Այժմ դրա շահառուները վստահ են՝ նոր կարգավորումները դրականորեն են ազդելու միջին մասնագիտական կրթության որակի վրա, սակայն մեծ է նաև վտանգը, որ իրականությունն ու սպասելիքները տարբեր կլինեն։

Կրթական բնագավառներից ամենաանտեսվածը՝ արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունը, այսուհետև համակարգող նոր օրենք ունի․ որակումը Երևանի տարածաշրջանի պետական քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանինն է, որը ոլորտում է արդեն 18 տարի և անմիջականորեն կրելու է օրենքի առավելություններն ու թերությունները։ Ասում է՝ առնվազն երկու կետի առկայությունը բավարար է դրա ընդունումը ողջունելու համար։

«Մեկը դուալ կրթական համակարգի ներդրումն է․ երբ սովորողը ուսումնական պրոցեսի մի մասն անցնում է ուսումնական հաստատությունում, մի մասը՝ գործատուի մոտ։ Երկրորդ կարևոր հանգամանքը․ արհեստագործական ու միջին մասնագիտական կրթական էս համակարգը երևի առաջնահերթություններից վերջին տեղում գտնվողն է, բնականաբար մենք էլ ունենք խնդիրներ։ Ում հետ խոսեք հիմա, կխոսի ֆինասնական դժվարություններից։ Էս օրենքով նախատեսված են որոշ փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան ուսումնական հաստատությանը լրացուցիչ ֆինասնական միջոցներ հայթհայթել»։

Միջին մասնագիտական կրթությունը Հայաստանում ամենակարևոր, բայց պակաս ուշադրության արժանացած ոլորտներից է, որը համակարգող օրենքի մշակման համար աշխատանք է տարվում արդեն 2-3 տարի՝ ասում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։ Ասում է՝ օրենքի փոփոխությունն անհրաժեշտ էր, քանի որ հաստատությունները հիմնականում չէին լուծում իրենց առաջնային՝ բիզնեսի համար մասնագետ պատրաստելու խնդիրը։

«Մենք վերցրել ենք դուալ կրթության մոդելը, այսինքն՝ աշխատանքի վրա հիմնված կրթությունը, և հիմա քոլեջները ցանկացած մասնագիտության դեպքում կհամագործակցեն տվյալ ոլորտի բիզնեսի հետ ու հենց բիզնեսից կստանան պահանջարկը, թե ինչ մասնագետի կարիք ունեն, կմշակեն կրթական ծրագրերը և կրթության մի հատվածը հենց գործնականում կանցկացվի բիզնեսի մոտ»։

Սակայն արդյո՞ք բիզնեսն ունի այս ամենով զբաղվելու ժամանակ։ Գաբրիելյանն ասում է՝ այս արտոնությունները գուցե մշակվեն, սակայն դրանց մասին մանրամասները օրենքում շարադրված չեն, քանի որ ենթադրվում է, որ բիզնեսն այս հարցում ամենաշահագրգռվածը պետք է լինի։

Սակայն մենք այս ենթադրությունը ժխտող փորձ արդեն ունենք՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ մատնանշելով բուհերում ուսանողներին պարտադիր պրակտիկայի ուղարկելու պայմանը։

«Բնականաբար օրենքով գրվածը վաղվանից իդեալական ձևով չի արվելու։ Նույն բուհերի դեպքում էլ մենք վաղուց ունենք պրակտիկաներր, բայց բոլորս էլ գիտենք, որ հաճախ դա ձևական է, որովհետև հիմնարկը էդ պրակտիկանտներով զբվաղվելու ժամանակ չունի, մարդ չունի, ուղղակի ձևական ասում են՝ բերեք, մի բան գրեք, ստորագրենք, գնացեք։ Ե՛վ դուալ կրթությունը, և՛ աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը, իհարկե, թղթի վրա շատ լավ գրված են, բայց թե ինչպես կկիրառվի պրակտիկայի մեջ, մեծ մասամբ կապված է այն մշակույթից, որ Հայաստանում կա»։

Այն, որ կրթության հարցերը միայն կրթօջախներում լուծվել չեն կարող՝ նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի համոզմունքն է։ Ասում է՝ օրենքը բխում է Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրից։ Ըստ դրա՝ 6 տարուց Հայաստանում շրջանավարտների 90 տոկոսը պետք է աշխատի իր մասնագիտությամբ։ Սակայն դրա համար անելիք ունի նաև բիզնես ոլորտը։

«Դրա համար մեր երկիրը պետք է առաջարկի գրավիչ, մրցունակ պայմաններ լավ մասնագետների համար։ Կրթությամբ հարցերը չեն ավարտվում․ կրթությունից հետո նաև այդ ներուժը լավագույնս օգտագործելու խնդիրն է առաջանում, ու սա էլ, իհարկե, մեր տնտեսութան զարգացման, հանրայի զարգացման պայմաններից է կախված ու կարծում եմ՝ բոլորս պետք է այդ ուղղությամբ ջանք դնենք։ Իհարկե դա միայն պետության գործը չի, որովհետև վարձատրությունը, աշխատանքային պայմանները մասնավորի առաջարկն են»։

Առաջիկայում գուցե ընդունվեն օրենքում ներառված կետերի կատարումն ավելի իրատեսական դարձնող ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր։ Մինչ այդ ուսումնական հաստատություններն արդեն կարող են օգտվել դրա տված արտոնություններից, օրինակ, ինքնուրույն՝ ուսանողների աշխատանքով ֆինանսական միջոցներ գեներացնելու և դրանք կրթական գործի կազմակերպումն ավելի արդյունավետ դարձնել վրա ծախսելու հնարավորությունից։

Back to top button