ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը չպետք է վնասի ԵԱՏՄ երկրների հետ կապերին. փորձագետներ

Հայաստանի ընտրությունը, ինտեգրումը կամ անվտանգությունը չպետք է լինի միայն մեխանիկորեն այս կամ այն միավորման կողքը կանգնելով։ Նման համոզմունք է այսօր հայտնել տնտեսագետ Միքայել Մելքումյանը «Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» թեմայով քննարկման ժամանակ՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե անցկացնելու վերաբերյալ խոսակցությունններին։ Քննարկման մասնակիցներն իրենց դիտարկումներն են ներկայացրել նման ընտրության դրական ու բացասական կողմերի մասին, եզրահանգել, որ «ԵԱՏՄ, թե՞ ԵՄ» հարցադրումը ներկայումս արհեստածին է։

«ԵԱՏՄ, թե՞ ԵՄ – քաղաքակա՞ն, թե տնտեսական ընտրություն» թեմայով քննաարկմանը մասնակցած փորձագետներն, ընդհանուր առմամբ, կարևորում են ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական զարգացումը՝ որպես երկրի կայուն և բարեկեցիկ ապագայի երաշխիք։ Պետք է կարողանալ երկրի ռիսկերը ճիշտ գնահատել՝ «հոնքը սարքելու փոխարեն աչքը չհանելու» համար՝ իր խոսքում ասաց քննարկման կազմակերպիչ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը։

«Մեր ընտրությունը, կամ մեր ինտեգրումը, կամ անվտանգությունը Հայաստանի, միայն, ասենք, էսքան տրիլիոն է, ուրեմն նրա կողքը մեխանիկորեն կանգնելով չի»։  

Միաժամանակ, ըստ Միքայել Մելքումյանի, անհրաժեշտ է զարգացնել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համակարգերը, քանի որ երկրի ապագան կախված է այս երկու գործոնների ներդաշնակ զարգացումից։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նույնպես կարծում է, որ Հայաստանի տնտեսության զարգացումը պետք է լինի բալանսավորված և ճիշտ պլանավորված։ Միայն այս կերպ կարելի է հասնել մեր նպատակներին և լուծել սոցիալական խնդիրները՝ ասում է տնտեսագետը։

«Իսկ ի՞նչ կտա ԵՄ-ն, իսկ ի՞նչ կտա … ոչ մի բան էլ չի տա։ Շարժվեք տեղից, աշխատեք, ազգային գաղափարներից բացի, ազգային կոնկրետ տնտեսական նպատակներ դրեք և քաղաքական, ու գնացեք դեպի դա՝ քայլ առ քայլ»։

2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանին խոստացան 5 տարում ընդամենը 270 միլիոն եվրո հատկացնել՝ այն պարագայում, երբ նախորդ իշխանության կողմից կնքված CEPA-ով Հայաստանին այդ նույն Եվրամիությունը պարտավորվել էր 5 միլիարդ դոլար հատկացնել՝ հիշեցնում է Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ Նա համոզված ընդգծում է, որ «ԵՏՄ, թե՞ ԵՄ» հարցադրումն արհեստածին է և չի բխում Հայաստանի շահերից։ Նախկին վարչապետի ձևակերպմամբ՝ այդ ընտրությունը քաղաքական է և ոչ հիմնավոր։

«Ներկա իրավիճակը ուղղակի պարտադրում է, որ առաջնային համարվի մեր պետականության պահպանումը կամ այն կործանարար սպառնալիքները, որոնք ձևավորվել են այսօր այդ պետականության հանդեպ, դրանց կամ չեզոքացումը, կամ մեղմումը»։

Հետևաբար, ի տարբերություն տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի, Խոսրով Հարությունյանը կարծում է, որ պետք է նախևառաջ ճիշտ բանաձևել քաղաքական խնդիրները, եթե նույնիսկ դրանք տնտեսական են, և օգտագործել ամբողջ հայության մարդկային կապիտալը, որն իրականում առկա է բոլոր մարտահրավերներին դիմագրավելու համար։ Հարությունյանի խոսքով, մինչդեռ, այսօր ինքը տեսնում է հակառակ գործընթաց։  

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն էլ իր խոսքում նկատեց, որ այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ պայքարը նախ Հայոց պետականության պահպանման համար պետք է լինի։

«Այդ պայքարի ընթացքում, արդյունքում ինչպիսի պետություն կձևավորվի, արդեն, այդ պետությունը իր ստրատեգիական քաղաքականությամբ կձևավորի տնտեսական քաղաքականությունը»։  

Հայաստանի ֆինանսիստների ասոցացիայի նախագահ Սողոմոն Միրզոյանի կարծիքով՝  

ներկայումս տնտեսական և քաղաքական զարգացումները պետք է լինեն փոխկապակցված։ Նրա ձևակերպմամբ՝ Հայաստանի ֆինանսական համակարգը պետք է պատրաստ լինի սպասարկելու և՛ տնտեսական, և՛ քաղաքական պահանջները։ Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանն իր հերթին նկատեց, որ քաղաքական ընտրությունները տնտեսական զարգացման հիմքն են և առանց քաղաքական կայունության և ժողովրդավարության չի կարելի հասնել տնտեսական հաջողությունների։ Ամփոփելով նկատենք, որ քննարկմանը մասնակցած գրեթե բոլոր փորձագետներն էլ հիմնականում համակարծիք էին այն հարցում, որ բոլոր դեպքերում, երկրի կայուն և բարեկեցիկ ապագայի երաշխիքը ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական համընթաց զարգացումն է։

Back to top button