

Երևանի պետական համալսարանում նոր ուսումնական տարին սկսվեց փոփոխություններով՝ դեկանատների փոխարեն գործում են ֆակուլտետային գրասենյակներ, որին տրված են նոր լիազորություններ ու պարտականություններ։
«Իհարկե այս բարեփոխման մեջ շատ բան կախված է նրանից, թե ինչպես դա կիրականացվի, ինչպես մարդկանց կարողությունները կզարգացվեն, բայց ես կարծում եմ, որ ամբիոնները կթուլանան։ Ինձ համար շատ կարևոր է, որ այս նոր ստեղված գրասենյակը կարողանա շարունակել դասախոսների աջակցությունը, որովհետև երբ նայում ենք արտասահմանյան համալսարանները, տեսնում ենք, որ հաճախ դասախոսները ունենում են օգնականներ, հաճախ լինում են հատուկ գրասենյակներ, որոնք զբաղվում են տվյալ մասնագիտության համար տարբեր ծրագրեր բերելու աշխատանքներով։ Հիմա, եթե այս նորաստեղծ գրասենյակները օգնեն դասախոսներին, կարողանան ֆակուլտետի մասնագիտությունը, մասնագիտացումները, տարբեր ծրագրերը խելամիտ ձևով առաջ տանել, դրամաշնորհներ բերել՝ ուրեմն այս բարեփոխումը կարդարացնի իրեն։ Բայց, եթե այս բարեփոխման արդյունքում փոխվելու է միայն լաբորանտի սենյակը, որտեղ ինքը նստելու է, կարծում եմ բարեփոխումը չի արդարացնի»,- ասում է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
«Ֆակուլտետային գրասենյակի ստեղծումը քայլ է դեպի հետազոտական համալսարանների մոդել, որի կառուցվածքի առանցքային հենասյուները այո, դեպարտամենտները կամ գրասենյակներն են, որոնք սպասարկում են կրթական ծրագրեր։ Ես որքան հասկանում եմ, ԵՊՀ-ն գնում է ամբիոնների ոչ թե լուծարման, այլ որոշակի ապակենտրոնացման վարչական ճանապարհով։ Բայց մեծ հաշվով կրթական ծրագրերը պետք է իսկապես միջամբիոնային սպասարկման որակյալ ապահովում ունենան և այս տեսանկյունից՝ միջազգային լավագույն փորձը համադրելու անհրաժեշտություն կա այսպիսի ծրագրերում կամ ռեֆորմների օրակարգերում։ Գրասենյակային կամ հետազոտական համալսարանի մոդելը աշխատող մոդել է՝ փորձով հաստատված։ Բայց, քայլեր անել այդ ուղղությամբ և հաջողության հասնել բոլոր բաղադրիչներով՝ ըստ իս մեր իրականության մեջ շատ բարդ է լինելու»,-ասում է ՀՊՏՀ Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար, տ․,գ․,թ․, դոցենտ Ատոմ Մարգարյանը։