ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մենք ուզում ենք մեր ղեկավարը մնա, աշխատի․ վարորդները վերադարձել են երթուղի, իսկ նրանց պահանջը դեռ կքննվի

Երևանի քաղաքապետարանի, տրանսպորտի վարորդների ու «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի անհամաձայնությունները, փոխադարձ մեղադրանքներն ու գործադուլը ուղիղ 1 օր հետո եզրափակվում են հայտարարությամբ․ «Երևանում տրանսպորտը բնականոն աշխատում է»։ Քաղաքապետարանից մանրամասնում են՝ վարորդները երեկվա՝ շուրջ 10 ժամ տված գործադուլից հետո երթուղի են վերադարձել, իսկ իրենք կշարունակեն ուսումնասիրել վարորդների դժգոհությունն առաջացրած խնդիրները ու պատշաճ լուծումներ կտան դրանց։

«Հիմա, ժողովուրդ ջան, գնում ենք, մարդկանց տներով ենք հասցնում, ես ձեզ բոլորիդ կընդունեմ ու կլսեմ առանձին կամ խմբերով, ասելիք կունենաք, կընդունեմ ու կլսեմ, բայց հիմա առաջնայինը մարդկանց կանգառներից հավաքելն է»։   

Քաղաքապետ Ավինյանը երեկ «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ում գործադուլ հայտարարած վարորդներին էր այդ հորդորով դիմում, վարորդներն էլ պահանջում էին աշխատանքի վերադարձնել ընկերության՝ նույն օրը առավոտյան աշխատանքից հեռացված գլխավոր ինժիներ Անդրանիկ Մանուկյանին։

Քաղաքապետարանից արդեն այսօր «Ռադիոլուրին» հայտնում են՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ գլխավոր ինժիներ Անդրանիկ Մանուկյանը, այո, աշխատանքից հեռացված է, բայց քաղաքապետը հանդիպել է նրա հետ, լսել բոլոր կողմերին, գործը կուսումնասիրվի ու լրացուցիչ պարզաբանումներ կտրվեն։ Նախօրեին քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանն էր լրագրողների հետ զրույցում ասում, որ գլխավոր ինժեներին աշխատանքից հեռացնելու հիմքեր կան, ու ազատումը պատահական չէ։

«Տեսեք, հիմքեր միանշանակ կան, անհիմն ոչ մի աշխատող աշխատանքից չի ազատվել ու չի էլ ազատվելու։ Հիմքերը պայմանավորված են բարեփոխումներով․ եթե աշխատողը իր աշխատանքային պարտականությունները չի կատարում կամ պատշաճ չի կատարում, ու արդյունքում առաջանում են խնդիրներ ընկերության բնականոն աշխատանքում, դա էլ է հիմք։ Փաստերը հետագայում ձեզ ավելի մանրամասն կներկայացվեն»,– ասել էր Հարությունյանը։

Քաղաքային իշխանությունը վստահ է՝ մայրաքաղաքի հասարակական երթևեկությունը սպասարկող հիմնարկում բազմաթիվ խնդիրներ կան, այս պահին էլ ընկերությունում աուդիտ է անցկացվում։ 2 ամիս առաջ ընկերության՝ արդեն նախկին տնօրեն Հովհաննես Մանուկյանն էր սեփական դիմումի հիման վրա դուրս եկել աշխատանքից։ 1 ամիս առաջ այդ պաշտոնում նշանակվել է Սամվել Նազարյանը։ Վարորդները նոր տնօրենից դժգոհություններ ունեն։ Պնդում են՝ նորանշանակ Նազարյանն է միանգամից մի քանի հոգու՝ այդ թվում գլխավոր ինժեներին, ազատել աշխատանքից։

«Այն, ինչ ունենք, մեր հին տնօրենի ու ինժեների շնորհքն է, մեր հագուկապը, կարգուկանոնը, փոխադարձ հարգանքը, ընտանիքի նման ենք եղել, հիմա ոնց որ խորթ մայր կամ հայր են բերել, չենք ուզում, մենք մեր հին ինժեներին ենք ուզում»,– պնդում են վարորդները։

Քաղաքապետարանի վերջին գործակարգավարական նիստին «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի նորանշանակ տնօրեն Սամվել Նազարյանը զեկուցում էր՝ ոլորտում ստվերի դեմ պայքարի արդյունքում վերջին մեկ ամսվա ընթացքում ընկերության օրական միջին հասույթը 4 միլիոն դրամով ավելացել է։ Քաղաքային իշխանությունը սա ձեռքբերում, բարեփոխումների արդյունք է համարում, պնդում՝ ընդվզողները սաբոտաժային քայլ են անում ընդդեմ բարեփոխումների։ Վարորդները նախօրեին հակադարձում էին քաղաքապետարանին։

«Սաբոտաժ չի, ժողովուրդ ջան, հասկացեք, այստեղ քաղաքականություն, բան գոյություն չունի, մի ռեալ պահանջ կա, մենք ուզում ենք մեր ղեկավարը մնա, աշխատի։ Մենք բարեփոխումներին համաձայն ենք, եթե բանիմաց մարդ է, թող գա, բայց ոչ թե անտեղյակ մարդը գա տնօրեն, իսկ մարդ, որ 12 տարի մեր հետ հիմնարկ է պահել, իրան հանեն դուրս»։

Վարորդների դժգոհություններին ի պատասխան՝ քաղաքապետ Ավինյանը հանձնարարում է՝ յուրաքանչյուր կադրային փոփոխոթյուն այսուհետ անձամբ իր հետ քննարկել։ Խոստանում է՝ աշխատանքից հեռացված յուրաքանյչուրի գործը անձամբ կուսումնասիրի։

«Կպարզաբանվի, կպարզաջրվի, բոլոր անմեղ մարդկանց կասենք կներեք, ես ձեր ցավը տանեմ, իմ գլխին տեղ ունեք, բերեք ես ձեզ հետ նշանակեմ ձեր տեղը»,– խոստանում է Ավինյանը։

Արտաժամյա աշխատանք, աշխատանքային ժամեր ու աշխատավարձ․ քաղաքապետի հետ հանդիպմանը գործադուլի դուրս եկած վարորդները նաև աշխատանքային պայմանների ու խնդիրների մասին են խոսում։ Մինչ դրանք կքնարկվեն ու կլուծվեն, քաղաքապետարանը հայտարարում է՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին անհրաժեշտ են Դ կարգի վարորդներ առաջիկայում մայրաքաղաք հասնող 170 նոր ավտոբուսները վարելու համար։

Back to top button