Երաժշտական եռանկյունի

Տաթև Եղիազարյանի երաժշտական անկախությունը․ «Երաժշտական եռանկյունի»

Մեր հաղորդաշարը հաճախ անդրադառնում է այնպիսի երևույթների, որոնք ներկայացնում են երաժշտական «անդերգրաունդը» Հայաստանում, այս անգամ առիթ է հանդիսացել անդրադառնալու ամերիկյան «անդերգրաունդին»:

Այդ ուղղությունը չի կրում զանգվածային բնույթ, էքսպերիմենտալ է և հնչում է քաղաքի հատուկ վայրերում: «Երաժշտական եռանկյունու» հյուրը ծնունդով լինելով Հայաստանից՝ Արմավիրից, այսօր ապրում և ստեղծագործում է Միացյալ Նահանգներում և իր ստեղծագործությամբ փորձում է հաստատել իր ուրույն տեղը Ինդի և Ֆյուժն երաժշտության բնագավառներում:

«Երբ դեռ Հայաստանում էինք, քույրերով կազմեցինք երաժշտական տրիո և հաճախ հանդես էինք գալիս ամենատարբեր հարթակներում, մասնակցում հեռուստաշոուների: Պատանի հասակում ծնողների հետ մեկնեցինք Միացալ Նահանգներ, մեզ համար նոր միջավայրում փորձեցինք շարունակել և՜ ուսումը, և՜ երաժշտությամբ զբաղվելը: Քույրերիցս մեկը նախընտրեց ջազի բնագավառը և հիմա մեծ հաջողություն ունի նյույորքյան ջազային համայնքում, մյուս քույրս նախընտրեց կերպարվեստը: Ես որոշեցի գնալ սեփական ստեղծագործության ճանապարհով»,- ասում է Տաթև Եղիազարյանը:

Ավարտելով դպրոցը Միացյալ Նահանգներում՝ նա երաժշտական ուսումը շարունակեց և տարիներ անց վճռեց կայացնել ամենակարևոր որոշումը՝ հաստատվել Նյու Յորքում և զարգացնել սեփական արվեստը:

Նյու Յորքը համաշխարհային երաժշտության կենտրոններից է՝ հագեցած տարաբնույթ երաժշտական ուղղություններում աշխատող արտիստներով և բաժանված է երկու հիմնական ճամբարի՝ կոմերցիոն և անկախ արվեստ:

Ինչպես բացատրում է հաղորդման հյուրը, սրանք խիստ տարբերվում են ներքին օրինաչափություններով: Երկու տիրույթում էլ աշխատում և ստեղծագործում են տաղանդավոր մարդիկ, բայց, անշուշտ, ազատ ինքնադրսևորվելու ցանկությունը կոմերցիոն դաշտում հաճախ ճնշվում է կամ պրոդյուսերի նախընտրություններով, կամ զանգվածային պահանջարկով:

Ազատ և  անկախ երաժշտության դաշտը կաշկանդված չէ նման նախապայմաններով և ցանկացած երաժիշտ, ով կայացնում է որոշում աշխատելու այդ բնագավառում, քաջ գիտակցում է, որ ֆինանսական հաջողության հասնելու հնարավորությունը անհամադրելի է կոմերցիոն երաժիշտների հնարավորությունների հետ:

Այստեղ գործում են փորձարարությունից չվախեցող արտիստներ, որոնք հանուն ստեղծագործության ազատության՝ պատրաստ են հաղթահարել բոլոր դժվարությունները՝ հաճախ ապրելով ոչ բարվոք սոցիալական պայմաններում:

Տաթևը դարձել է այդ համայնքի լիարժեք անդամ, ընդունվել անկախ արտիստների կողմից: Արդեն ունի հրատարակած 4 CD ալբոմ, ստեղծագոծական որոնումների և ամենատարբեր համագործակցությունների շնորհիվ աշխատում է հավատարիմ մնալ սեփական սկզբունքներին ու նպատակներին: Տաթևի երաժշտության մեջ առկա են ջազային տարրեր, որոնք պայմանավորված են երաժշտի և՜ կրթությամբ, և՜ նախընտրություններով: Ինքը բնութագրում է սեփական ստեղծագործությունը որպես ֆյուժն, որի մեջ ընդգծված են ազատությունն ու անկախությունը: Հաղորդման ընթացքում հնչում են Տաթև Եղիազարյանի ստեղծագործություները:

Back to top button