ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ինչո՞ւ Լոռիում ու Տավուշում կամուրջների «պայքարն» ընդդեմ տարերքի արդյունք չտվեց

Մեծ բացվածք, որի միջով անցավ ջուրն ու գետում առկա շինարարական ենթակառուցվածքները, ծառերն անցել են, իսկ կամուրջը մնացել է կանգնուն։ Մասնագետները այսպես են բացատրում, թե ինչու է 18–րդ դարում կառուցված կամուրջը մնաց անվաս, իսկ մոտ երկու տասնյակ կամուրջ քանդվեց մայիսի 25–ին ու 26–ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետից։ Փլված կամուրջներն հեշտ չեն հանձնվել, նրանք էլ են պայքարել տարերքի դեմ, պարզապես պայքարը արդյունք չի տվել։

Կամուրջները մինչև վերջ պայքարեցին, բայց չկարողացան հաղթել գազազած Դեբեդին՝ արձանագրում է Արտաշես Սարգսյանը։ Նա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճանապարհներ և կամուրջներ ամբիոնի դոցենտ է, մեկն է այն մասնագետներից, որոնք տեղում են ծանոթացել Լոռու և Տավուշի մարզերում փլված կամուրջներին։ Նշում է՝ այս անգամ խնդիրներ եղան այն կամուրջների հետ (Այրում, Ախթալա, Քարկոփ), որտեղ ճանապարհը շատ ցածր էր, համարյա գետի մակարդակին։ Գետի մակարդակը բարձրացել է ու վնասել կամուրջները։

«Կամուրջը ճանապարհի մաս է, միացնում է մի ափը մյուսին։ Ճանապարհն է թելադրում կամուրջի նիստը։ Մենք չենք կարող ոչ ավելի բարձրանալ, ոչ ավելի ցածրանալ։ Այդ դեպքում խնդիրներ կլինեն։ Այդտեղ տեղանքը այնպես է, որ հնարավոր չէ կամուրջը բարձրացնել»։

Մասնագետը պատասխանում է բոլոր այն քննադատություններին, որ եթե փլված կամուրջները ավելի բարձր լինեին, չէին վնասվի։ Այդ մասին գիտեին ճարտարագետները՝ ասում է, նշում է՝ երթեևկության կանոններ կան՝ թեքությունից կախված։ Կարճ տարածքներում կորային կամուրջները երթևեկության համար են խնդիր լինելու։ Հետիոտնի դեպքում հնարավոր է, բայց մեքենաների, հատկապես բեռնատարների դեպքում հնարավոր չէ․

«Պետք է կապեն երկու կետը, իրենք այլ հնարավորություն չունեն, հաշվի առեք, որ որոշ տեղերում երկաթգիծ կա։ Ճանապարհը բարձրացնելիս մենք խնդիր ենք ունենում երկաթգծից սկսած։ Այդ ժամանակ, երբ կառուցվել են, կամուրջները ենթարկվել են ճանապարհին»։

Մոտ մեկ ամիս առաջ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքները շարունակվում են։ Աղետից տուժեցին բնակավայրեր, տներ, ենթակառուցվածքներ։ Կա հաստատված 4 զոհ, 400 հարյուրից ավելի տարհանված բնակիչ, շուրջ երկու տասնյակ փլուզված կամուրջ, ավերված ճանապարհներ, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող Մ6 միջպետական ճանապարհը: Անդրադառնալով կամուրջներին հասցված վնասներին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդգծում է՝ հեղեղումների հետևանքով մոտ 20 կամուրջ կա վնասված։ Դրանք համայնքային են, տեղական, նաև հետիոտնային կամուրջներ։ Վնասված խոշոր կամուրջներից են Սանահինի, Ախթալայի, Այրումի, Քարկոփի, Խաշտարակի և Շնողի կամուրջները։

«Հատկապես Ախթալայի և Քարկոփի կամուրջների վնասման հետևանքով 7 բնակավայր Ալավերդի քաղաքի հետ կապ չունեն։ Եվ հիմա այդ բնակավայրերի մատակարարումները իրականացվում են հիմնականում լեռնային անտառապատ հատվածի ճանապարհով, որը բարեկարգում են»։  

Քանդված կամուրջների վերակառուցման և նոր կամուրջների կառուցման գործում կառավարությունն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը։

«Շատ կարևոր է, որ մենք աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության ուղերձներ ենք ստացել միջազգային գործընկերներից։ Կարծում եմ, որ հատկապես կամրջաշինության ոլորտում պետք է խնդրենք մեր գործընկերներին, որ կոնկրետ աջակցություն ցուցաբերեն»։

Մասնագետի խոսքով՝ ոլորտում սերնդափոխության խնդիր կա, բայց այս պահին էլ նրանք նախագծում են նոր չափորոշիչներին համապատասխան կամուրջներ։ Ի վերջո, 1950–ականներին կամուրջները ցուցումներով են կառուցվել, ոչ թե նորմերով։ Նորմերը հաստատվել են 1960–ականներին։ 15 տարին մեկ դրանք թարմացվում են․

«Ժամանակակից կամրջի հենարանը երկաթբետոնն է, ոչ թե քարը կամ խամքարե բետոնը։ Ալիք ջարդող միջոցառումներ են արվում, հենարանի վրայի թռիչքային կառուցվածքը ունենում է դիմհար, որ հորիզոնական տեղափոխում չլիներ։ Եթե անգամ ջուրը ցանկանա իրեն տանի, կկանգնի ու չի շարժվի»։

Ճարտարապետութան և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այս տարի երկու նոր ազգային նորմ է ընդունվել կամուրջների ու խողովակների նախագծման համար։ Կամուրջների հետազննման փորձարկման համար նոր նորմեր նույնպես պատրաստվում են։

Back to top button