ԿարևորՀասարակություն

Հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով Մայր Աթոռում

Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։

Ժողովի օրակարգում ընդգրկված նյութերը վերաբերում էին հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, հասարակությանը հուզող հիմնախնդիրներին և Եկեղեցու առաքելությանն առնչված հարցերին։

Անդրադարձ է կատարվել նաև վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու հասցեին բարձրաձայնվող մեղադրանքներին, որոնց առիթով ժողովը հանդես է եկել հայտարարությամբ։

«Առավել քան զարմանալի է, որ մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում Եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ, երբ պաշտոնական վիճակագրությունները ուղղակի փաստում են ՀՀ օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման մասին», — նշվում է հայտարարության մեջ:

«Հարկ է, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները ազգի և հայրենիքի առջև իրենց պատասխանատվության գիտակցությամբ անդրադառնան Եկեղեցու պատմական հայրենաշեն ու ազգապահպան դերակատարությանը, ինչն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, և վերատեսության ենթարկեն որդեգրած քաղաքականությունը», — ասվում է եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների  հայտարարության մեջ:

Երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Կառավարությունը պաշտոնապես առաջարկել է, որ Հայ առաքելական եկեղեցին ամբողջապես հարկային դաշտ բերվի, միաժամանակ, հավաքագրված բոլոր հարկերը վերադարձվեն եկեղեցուն։

Նրա խոսքով՝ այս առաջարկի իմաստն այն է, որ ստվերն ամբողջությամբ բացառվի, թափանցիկություն ապահովվի։ Նշել է, որ առաջարկը մերժվել է, ինչն իրենց համար անհասկանալի է։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես հայտարարել էր, որ պետք է առաջիկայում քննարկել եկեղեցին հարկային դաշտ մտցնելու հարցը։

Back to top button