Վերնատուն

Հայ կինոարտադրության մեջ կանայք շատ ավելի ակտիվ են. «Վերնատուն»

Մեկ ամիս շարունակ «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն հայ ժամանակակից կին ռեժիսորների վավերագրական ֆիլմերը։ Ցուցադրվող բոլոր ֆիլմերը միջազգային համատեղ արտադրություններ են, որոնք ունեցել են միջազգային ցուցադրություններ, մասնակցություններ մի շարք փառատոններին։

«Իրականում հայ արդի կինոարտադրության մեջ կանայք շատ ավելի ակտիվ են քան տղամարդիկ․ և որպես ռեժիսոր, և որպես պրոդյուսեր, դա շատ ուրախալի է։ Ընդհանրապես, Եվրոպայում վերջին 10-15 տարվա ընթացքում, տենդենց կար ստեղծել պայմաններ, ընդառաջել, որ կանայք ավելի շատ ներգրավվեն ոլորտում, քանի որ կինոարտադրության մեջ մոնոպոլիան հիմնականում տղամարդկանց ձեռքում էր», – ասում է կինոփորձագետ, պրոդյուսեր Մելիք Կարապետյանը։

Ցուցադրվող 4 վավերագրական ֆիլմերից երեքը դեբյուտային են։ Ինչպես նշում է Մելիք Կարապետյանը, առաջին ցուցադրությանը շուրջ հարյուր տոմս վաճառվել է, ինչը որ վավերագրական ֆիլմի համար աննախադեպ է։

«Էստեղ ավելի շատ մարդկային պատմություններ են, քան կանացի», – ասում է նա։ «Կարևոր չէ, որ կանայք նկարեն հենց կանանց մասին, բայց շատերը հենց կանանց մասին են նկարում, քանի որ քիչ են կանանց մասին պատմությունները և՛ աշխարհում, և՛ Հայաստանում։ Կանանց պատմությունները միայն կանանց համար չի արվում», – ասում է սցենարիստ ռեժիսոր Նաիրի Հախվերդին։

«Ավլելով Երևանը» վավերագրական ֆիլմը, Նաիրիի դեբյուտային ֆիլմն է, որը նկարահանվել է Քովիդից առաջ, արժանացել մրցանակների։

«Չեմ կարող ասել, որ ֆիլմը շատ տարածում գտավ, Քովիդի պատճառով, բայց այս վերջին տարիներին կամաց-կամաց և ինքն իրենով ֆիլմը տարածվում է։ Կարևոր է, որ ֆիլմը փառատոնների է գնում ու մեծ մրցանակներ է ունենում, բայց շատ անգամ ավելի կարևոր է, թե հետո ինչ է լինում ֆիլմի հետ», – ասում է Նաիրի Հախվերդին։

Խոսելով տարվա ընթացքում մեծ էկրանին ցուցադրվող հայկական ֆիլմերի մասին, Մելիք Կարապետյանը նշում է, որ տարեկան հայկական արտադրության շուրջ 15 ֆիլմ ցուցադրվում է էկրաններին, որն ըստ նրա, բավականին մեծ թիվ է։

«Խնդիրն այն է, թե որ ֆիլմերն են, որ ավելի շատ այցելուներ են ունենում և անկախ հեղինակային ֆիլմերն օրինակ որքան երկար կարող են ցուցադրվել էկրաններին և հասանելի լինեն հանրությանը։ Այս խնդիրները ոչ միայն կանանց կողմից արտադրված ֆիլմերին են վերաբերվում, այլ նաև ցանկացած հեղինակային ֆիլմի»,-ասում է Մելիք Կարապետյանը։

Մարտի 18-ին, ժամը 18:30-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր Փոքր դահլիճում կցուցադրվի Սիլվա Խնկանոսյանի «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմը, իսկ մարտի 25-ին, ժամը 18:30-ին նույն դահլիճում կցուցադրվի Նաիրի Հախվերդիի «Ավլելով Երևանը» ֆիլմը։

Back to top button